«Արցախը հայկական պահելու համար պատրաստ ենք ամեն ինչի».ԷՐԻԿ ԱՆԹԱՌԱՆՅԱՆ
Մշակութային
2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի, այսպես կոչված, «բնապահպանները» շարունակում են փակ պահել Արցախը մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը: 120 հազար մարդ մնացել է շրջափակման մեջ, այդ թվում՝ 30 հազար երեխա, 9 հազար հաշմանդամություն ունեցող անձ եւ 20 հազար տարեց: Արցախում գործող խանութները, դեղատները, շուկաները գրեթե դատարկ են, սկսել են էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ: Իսկ միջազգային հանրությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում զսպելու ադրբեջանցիների անմարդկային վարքագիծը: Այս մասին «Իրավունքը» զրուցել է շրջափակված Արցախում գտնվող հաղորդավար, պրոդյուսեր ԷՐԻԿ ԱՆԹԱՌԱՆՅԱՆԻ հետ:
— Ինչպե՞ս պատահեց, որ մեկնեցիք Արցախ եւ, փաստորեն, արդեն 40 օր մնացել եք շրջափակման մեջ:
— Արցախում վաղուց եմ, դեռ երկու ամիս առաջ եկա այստեղ՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության կոլեգաներիս հետ նոր ծրագրերի վրա աշխատելու: Որոշումս միանշանակ էր՝ այսօրվա չավարտված պատերազմական իրավիճակում մեդիան պետք է լինի միշտ պատրաստ, ու ես իմ ողջ կուտակված փորձն ու պրոֆեսիոնալիզմը պիտի փոխանցեմ իմ արցախցի գործընկերներին:
— Տանը ինչպե՞ս դա ընդունեցին:
— Տանն իմ որոշումը հանգիստ է ընդունվել: Գիտեն՝ որտեղ խնդիր, էնտեղ պիտի հայտնվեմ, եթե ի վիճակի եմ ինչ-որ կերպ այդ խնդրի լուծման ճանապարհ գտնելուն աջակցել: Իսկ շրջափակումը միայն խանգարեց, որ Նոր տարին միասին չնշենք: Ուզում էի՝ ընտանիքս հետս լիներ, բայց եղավ այն, ինչ եղավ: Հավանաբար այսպես էր պետք:
— Ձեր գնահատմամբ՝ այս պահին Արցախում ինչպիսի՞ն է իրավիճակը:
— Արցախում իրավիճակը ճգնաժամային է ու օրեցօր ավելի օրհասական է դառնում: Ժամ առաջ կյանքի ճանապարհը չբացելը՝ կարող է անլուծելի ճգնաժամի առջեւ կանգնեցնել մեր 120 հազար հայրենակիցներին: Իսկ հետեւանքներն այնքան ծանր են լինելու, որ մենք տարիներով չենք կարողանալու վերականգնվել: Խոսքը՝ թե՛ մարդկանց հոգեբանության վրա, թե՛ Արցախի տնտեսության վրա թողած խորը եւ անբուժելի վերքերի մասին է:
— Սննդի հարցն ինչպե՞ս եք հոգում:
— Ամեն դեպքում մի հետաքրքիր բան կա արցախցիների մոտ: Նրանք ճգնաժամեր շատ են տեսել ու սովոր են իրար թեւ ու թիկունք կանգնելով՝ հաղթահարել դժվարությունները: Վերջին կտոր հացն անգամ պատրաստ են կիսվել դիմացինի հետ: Իմանալով, որ ընտանիքի հետ չեմ, ես ու ընկերներս կտրված ենք ընտանիքներից, գրեթե ամեն օր այցելում են, հարցնում՝ ինչի կարիք ունենք, փորձում են հնարավորինս մեղմել մեր կենցաղը: Վաղը մենք, ինչպես եւ Արցախում բնակվող յուրաքանչյուր ոք, գնալու ենք մեզ հատկացված սննդի կտրոնները վերցնելու: Մենք երեք ընկերներով ենք, ու մեր հասանելիք սննդամթերքը խանութում գնելուց հետո՝ այն մեզ երկար կբավարարի, նույնիսկ կարող ենք կիսվել բազմազավակ ընտանիքի հետ, եթե նրանց պետք լինի:
— Լինելով Արցախում եւ տեսնելով այդ դժվարությունները՝ որեւէ ելք տեսնո՞ւմ եք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:
— Այս իրավիճակից լուծման տարբերակ ամենօրյա ռեժիմով փորձում են գտնել Արցախի իշխանությունները: Միջազգային հանրությունը, ցավոք, անհաղորդ է իրավիճակին: Կա լրջագույն անտարբերություն նաեւ հայաստանյան հասարակության մի ստվար զանգվածի մոտ: Սա անընդունելի է, պետք է միասնական ոտքի ելնենք ու միասին փորձենք ելքեր գտնել ստեղծված իրավիճակից: Եթե լինենք միասնական բռունցք, վստահ եմ՝ ամեն ինչ կստացվի: Մինչ այդ, ինչքան էլ դժվար լինի, Արցախը հայկական պահելու համար պատրաստ ենք ամեն ինչի՝ պայքարել, դիմանալ ու առաջ գնալ:
— Էլեկտրաէներգիայի հովհարային անջատման պայմաններում Արցախի հեռուստաընկերությունը ինչպե՞ս է աշխատում:
— Բնականաբար, հեռուստաընկերությունն այսօր հանդիսանալով հիմնական մեդիայի մատակարարը, պրովայդերը, որպես ստրատեգիական օբյեկտ՝ պետք է ունենա նաեւ իր պահեստային հոսանքի գիծը: Եվ բացի դրանից, եթե հանկարծ հոսանքազրկումները երկու պահեստային գծերում էլ չեն լինում, ունենք նաեւ գեներատոր եւ պահուստային ֆոնդից հատկացվող դիզվառելիք՝ այն աշխատեցնելու համար: Այսինքն՝ եթերը, ամեն դեպքում, չի խաթարվում: Եվ ոչ միայն եթերը չի կանգնում, այլեւ իրավունք չունենք մեր ամբողջ կազմով կանգնելու, քանի որ այսօր աշխարհը Արցախի Հանրայինի աչքով է տեսնում, որպես պատուհան՝ այն ամենը, ինչ կատարվում է Արցախում:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ