ՔՊ-ում դեռ սպասում են ադրբեջանցիների պատասխանին
ՆերքաղաքականԱնգամ ստեղծված իրավիճակում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ՍԱՐԳԻՍ ԽԱՆԴԱՆՅԱՆԸ համաձայն չէ այն մտքի հետ, որ Ադրբեջանի հետ հնարավոր խաղաղ գործընթացը մտել է փակուղի: Նա հիշեցրեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որը մասնավորապես ասել էր, թե Հայաստանն Ադրբեջանին ուղարկել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ իր առաջարկները եւ այժմ սպասում է պատասխանի: Խանդանյանը նաեւ կարեւորեց Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի հեռախոսազրույցը:
— Վերջինս, ի դեպ, պատրաստակամությունն էր հայտնել որպես միջնորդ նպաստել խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի առաջխաղացմանը: Խաղաղ պայմանագրի գործընթացը սկսվել է Վաշինգտոնում: Ընդ որում` Հայաստանը միշտ հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ ցանկացած հարթակում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցել: Կարեւոր է, որ միջնորդ կողմը կարողանա երաշխավորել այդ փաստաթղթի կենսունակությունը: Եվ մենք չենք շեղվում մեր նպատակներից: Շարունակելու ենք ամեն ինչ անել, որ սա իրականություն դառնա: