Իշխանությունում գտնվողներից որեւէ մեկին պետք չէ մարտունակ, անվտանգ բանակ. Վարդանյան
ՆերքաղաքականԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՔՐԻՍՏԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ գնահատմամբ` այն պայմանները, ինչի ականատեսը եղանք Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի հրդեհված զորանոցում, լոկալ բնույթ չի կրում:
— Մենք եղել ենք նաեւ այդ տարածաշրջանում ու տեսել ենք, թե ինչպես են ապրում զինվորները: Ամբողջ առաջնագծի երկայնքով այդպիսի պատկեր է` 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո եւ ոչ թե այն պատճառով, որ Հայաստանը չունի ռեսուրս` ապահովելու նորմալ պայմաններ, ու չկան համապատասխան շինհաստատություններ կամ մոդուլներ, որոնք հնարավորություն չունենք գնելու, այլ այն պատճառով, որ չկա հրաման, որպեսզի զինվորն ապրի արժանապատիվ, անվտանգ վայրում: Այդպիսի պատկեր է, որովհետեւ իշխանությունում գտնվողներից որեւէ մեկին պետք չէ մարտունակ, անվտանգ բանակ: Իրենք պիտի այդպիսի պատկեր ունենան, որ հետո, երբ թշնամական հերթական հարձակումը լինի, ձեռքները վերեւ բարձրացնեն ու ասեն` դե ի՞նչ կարող էինք անել: Ազատ գյուղում տեղակայված զորամասում տեղի ունեցածն ամենացցուն դրսեւորումն է` Նիկոլ Փաշինյանի եւ Սուրեն Պապիկյանի իշխանավարման շրջանում հայկական բանակի եւ առաջնագծի իրավիճակի վերաբերյալ: Դեռեւս 2021 թվականին արդեն համացանցում հայտնվել էին տարբեր տեսանյութեր, լուսանկարներ, որոնք վկայում էին առաջնագծի նման իրավիճակի մասին, 2022-ին «Հայաստան» խմբակցության անդամները տարբեր այցելություններ են ունեցել առաջնագծի ողջ երկայնքով եւ սեփական աչքերով տեսել իրականությունը, շատ տեղերում զինվորները գիշերում են նաեւ վրանների տակ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ