«Արքան հրապարակում» ներկայացումը կմասնակցի Միլանում անցկացվող թատերական մրցանակաբաշխությանը
ՄշակութայինԵրեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը «Արքան հրապարակում» ներկայացմամբ կմասնակցի Միլանի Թերեզա Պոմոդորոյի անվան Սպացիո թատրոնում (Spazio Teatro NO'HMA) կայանալիք “II Teatro Nudo” («Մերկ թատրոն») խորագիրը կրող 14-րդ միջազգային մրցանակաբաշխությանը։ Այն անցկացվում է Թերեզա Պոմոդորո թատերական ասոցիացիայի, Միլանի քաղաքային խորհրդի, Իտալիայի Հանրապետության նախագահի եւ Արտաքին գործերի նախարարության բարձր հովանու ներքո։ Այս մասին տեղեկացրել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀԹԳՄ նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ եւ ընդգծել, որ «Արքան հրապարակում»-ը կներկայացվի 2023 թվականի փետրվարի 15-ին եւ 16-ին, ժամը՝ 21:00-ին։