Արեւմտամետ խաղերի կործանարար հետեւանքները
ՎերլուծությունԱյն, որ «Արեւմուտքը մեզ կփրկի» հայտնի կարգախոսը քանիցս Հայաստանը հասցրել է կործանման շեմին, հայտնի փաստ է, օրինակները բազում են: Վերջին օրինակն էլ 44-օրյա պատերազմն է, երբ մեր գործող իշխանություններն «արեւմտյան հրաշքներ» էին խոստանում, սակայն պատերազմի ժամանակ «բարոյական օգնությունից» այն կողմ որեւէ բան չտեսանք: Եվ միայն վերջին պահին «դավադիր», «թուրքին հանցակից» ռուսներն են, որ թույլ չտվեցին Ստեփանակերտի եւ ներկայիս Արցախի վերջնական անկումը:
ԽԱՂԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է 2020Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻՑ Ի ՎԵՐ
Պատերազմից հետո մի կարճ ժամանակահատված նիկոլյան թիմն աշխատում էր Արեւմուտքի անունը շատ չհոլովել՝ ներկայանալով «եռակողմ ձեւաչափի» հավատարիմ հետեւորդի կերպարով: Ալիեւն իր հերթին մի փոքր ավելի ազատ էր՝ հաղթական դափնիների վրա նստած, բայց էլի աշխատում էր «եռակողմ ձեւաչափից» շատ չհեռանալ. 2020թ.-ի նոյեմբերի լույս 9-ի գիշերը Պուտինի հետ ունեցած ծանր հեռախոսազրույցն իր դերն ունեցել էր: Թեեւ այդ փուլում էլ արեւմտյան ուղղվածության որոշակի քայլեր երկուսն էլ անում էին: Նիկոլը սկսեց կամաց-կամաց շոշափել Մինսկի խմբի թեման, դրանով ցույց տալով, որ պատերազմի փուլում Արցախն ամբողջովին ադրբեջանական վերահսկողության տակ թողնող արեւմտյան համանախագահները խաղի մեջ մնալու հնարավորություն ստանան: Ալիեւն իր հերթին օրակարգ բերեց «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը, որը Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա առանցքի ստեղծման արեւմտյան սցենարի կարեւորագույն բաղադրիչն է: Ընդ որում՝ այդ երկու մոտեցումն էլ էապես հակադրվում էին «եռակողմ ձեւաչափով» նոյեմբերի 9-ի եւ դրան հաջորդած մյուս բոլոր պայմանավորվածություններին: Եվ, որպես հետեւանք, ի հայտ եկավ «Բրյուսելի ձեւաչափը» ու դրա գագաթնակետ դարձած Պրահայի պայմանավորվածությունները, որով Նիկոլը, ըստ էության, Արցախն ընդունեց՝ որպես Ադրբեջանի մաս:
Սակայն, ինչպես այդ ժամանակահատվածում քանիցս ենթադրել էինք, այդ մեխանիզմը, եթե անգամ Նիկոլը վերջնական պայմանագիր ստորագրի՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելով, չի աշխատելու: Պարզ պատճառով. Արցախի բնակչությունը քանի դեռ չի համաձայնվել տեղափոխվել Ադրբեջանի կազմ կամ չի հեռացել, հակամարտությունը կարգավորված չէ: Ըստ այդմ, ռուսական ուժերը կմնան Արցախում: Ավելին, մնալու հիմք կունենան, եթե անգամ լրանա 5-ամյա ժամկետը. Արցախի բնակչությունը արդեն իսկ զանգվածային երկու հանրահավաքներով պաշտպանություն է խնդրել ռուսներից, եւ ռուսական զորքերն այդ հիմքով կմնան:
Այն, որ Լաչինի միջանցքի շրջափակումը ծրագրված էր մասնավորապես արցախահայությանը պարտադրելու համար՝ կա՛մ հեռանալ, կա՛մ ընդունել Ադրբեջանի կազմ ասվածը, ի սկզբանե հասկանալի էր: Սակայն բրիտանական հետախուզության քավորությամբ մեյդան բերված այդ սխեման եւս խնդրի լուծման մեծ շանսեր չունի: Ռուսները մնացին, եւ չկա որեւէ ազդակ, որ կհեռանան: Այդ դեպքում, մնում են նաեւ արցախցիները: Իսկ Ալիեւի համար կարող է լուրջ խնդրի վերածվել 100 տոկոսանոց բլոկադան: Մյուս կողմից, Նիկոլը թեեւ «ձեռքերը լվաց» Լաչինի խնդրից, սակայն դրանով ընդամենը միայն իրեն խաղից դուրս թողեց՝ կորցնելով իրադարձությունների հետագա ընթացքին միջամտության վերջին հնարավորությունը: Իսկ ահա Արեւմուտքը երեւի գիտակցեց, որ սխալվել է Հայաստան մտցրած «դիտորդական առաքելությունը» հանելով եւ հիմա նոր եւ ավելի երկար ժամկետով խումբ է գործուղում: Միայն թե Նիկոլն այդ խմբի այցին համաձայնություն տալով, արդեն ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում: Նկատի ունենք, որ առաջին խմբի այցի հիմքում դրված էր Պրահայում Ալիեւի հետ պայմանավորվելու բացատրությունը, եւ դա կապվում էր Հայաստանի սահմանային իրավիճակի հետ: Իսկ ահա այս նոր խմբի պարագայում նման համաձայնություն չկա, այսինքն՝ Նիկոլն անձամբ է «դաբրո» տվել չգիտես ինչի համար Հայաստանի սահմաններ եվրոպացի «դիտորդներ» բերելու ծրագրին ու չի էլ կարողանում բացատրել՝ ինչո՞ւ են գալիս: Հաշվի առնելով, որ եվրոպացիները բացահայտ հայտարարում են՝ այս խմբին ուղարկում են, որպես «ԵՄ աչքերն ու ականջները տեղում»: Նաեւ, որ այն «որեւէ կերպ ստատուս-քվո չի երաշխավորում»: Այսինքն, Հայաստանը ոչ մի ակնկալիք չպետք է ունենա:
Հիշեցնենք, որ Նիկոլն էլ փորձեց ինչ-որ բացատրություն տալ ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբին մերժելու եւ փոխարենը եվրոպացիներ բերելու գաղափարին, բայց ընդամենը հասավ իր համար «ինքնախոստովանական ցուցմունքի»՝ խոստովանելով, որ եվրոպացիներին բերում է Հայաստանում ռուսական ռազմական հնարավորությունները «դիտարկելու» համար, իսկ դա ոչ այլ ինչ է, քան լրտեսություն:
Սրանով, ի դեպ, Նիկոլը նաեւ մեկ այլ բան խոստովանեց, որ եվրոպացիների այդ այցը Հայաստանին Ադրբեջանի հետ հակամարտության հետ կապված որեւէ բան չի տալու: Այսինքն, որ «Արեւմուտքը մեզ կօգնի»-ի այս հերթական դրսեւորման տակ կա ընդամենը լրտեսություն եւ վերջ տարբերակը:
Ալիեւն էլ իր հերթին Լաչինի միջանցքի պատմության միջոցով ցույց տվեց, որ խաղում է արեւմտյան ծրագրերի օգտին: Իսկ ահա Իրանի հետ կապված պատմությունը վերջնականապես «պեչատեց» ասվածը:
ՎԵՐՋԻՆ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Այսպիսով, ունենք բառացիորեն նույն իրավիճակը, ինչ 1920թ.-ին: Այդ ժամանակաշրջանում էլ Հայաստանի իշխանությունը բրիտանական ինչ-ինչ խաղերի արդյունքում՝ «Արեւմուտքը մեզ կօգնի» գաղափարն էր ամեն կերպ առաջ տանում: Թուրք-ազերիական տանդեմն էլ, թեեւ թուրքական հայտնի քաղաքականության համաձայն, երկակի խաղի մեջ էր, բայց էլի փաստացի գործում էր արեւմտյան հրահանգներով:
Սակայն մեկ էական տարբերություն այս օրերին իրականություն դարձավ՝ Թուրքիայի երկրաշարժը, որը մեծապես կաշկանդում է Անկարային: Ինչպես ենթադրելու առիթ ունեցել ենք, դա ստիպելու է Էրդողանին՝ Ռուսաստանի եւ Իրանի հետ կապված քաղաքական կուրսը վերանայել, եւ այն, որ արդեն այս պահին ունենք նոր իրողություն, հուշելու եկավ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի՝ նախօրեին արված հայտարարությունը՝ Միլլի Մեջլիսի ղեկավար Սագիբա Գաֆարովայի հետ հանդիպումից հետո:
«Եկեք ելնենք նրանից, որ կա որոշում՝ ընդունված պետությունների՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարների մակարդակով: Մենք սրանով կառաջնորդվենք եւ մեր կողմից կանենք ամեն ինչ, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն»,- ասել է Վոլոդինը՝ նաեւ ընդգծելով. «Եվ նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական կառույցների ուղղությամբ, կարող են պարզապես կորցնել երկիրը»: Ու որպես օրինակ Վոլոդինը բերում է Ուկրաինայի եւ Հարավսլավիայի դեպքերը, որոնք արդեն իսկ եվրոպական եւ ամերիկյան խաղերի արդյունքում հայտնվել են ծանրագույն վիճակում. Հարավսլավիան, որպես երկիր, արդեն չկա, Ուկրաինան էլ դրա շեմին է: «Հետեւաբար, ցանկանալով ներգրավել Եվրախորհրդարանին եւ ԵԽԽՎ-ին, մենք պետք է 10 անգամ մտածենք եւ կշռադատենք, թե դա ինչպես կարող է ավարտվել՝ օգտագործելով Ուկրաինայի, Հարավսլավիայի եւ այլ երկրների օրինակը: Ով ուզում է խաղաղություն, ով ցանկանում է կարգավորել իրավիճակը, պետք է ոչ միայն հեռու մնա այս քվազի խորհրդարաններից՝ ԵԽԽՎ-ից եւ Եվրախորհրդարանից, այլ հստակ գիտակցի, որ նրանց ներգրավումը կսրի իրավիճակը, ավելի ու ավելի շատ խնդիրներ կստեղծի: Իսկ եթե դա անում են, ուրեմն պետք է պատասխանատվություն կրեն հետեւանքների համար»,- ընդգծեց Վոլոդինը:
Առաջին հայացքից այն տպավորությունն է, որ վերջին միտքն ուղղված է բացառապես Նիկոլին. նա է հայտարարություններ անում «եվրոպական կառույցների ուղղությամբ», էլ չասած, որ եվրոպացիներին բերում է Հայաստանում ռուսների ունեցած ռազմական հնարավորությունները դիտարկելու: Իհարկե, սա կա, եւ իհարկե, ակնարկը նաեւ Նիկոլին է վերաբերում: Ու նկատենք, որ նման ծայրահեղ կոշտ հայտարարություն արվեց անգամ այն բանից հետո, երբ վերջին օրերին նկատվում է, որ Նիկոլը փորձում է որոշակի բանակցային դինամիկա պահպանել ռուսների հետ, այդ թվում՝ Լավրովի հետ կապի, արցախյան թեմայով զբաղվող՝ ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւի հայաստանյան այցի տեսքով եւ այլն: Բայց երբ դրան հաջորդում է նման կոշտ հայտարարությունը, ապա սա նշանակում է, որ կա՛մ այդ գործընթացը Մոսկվան համարում է անբավարար, այսինքն՝ Խովաեւի այցն արդյունավետ չի եղել, կա՛մ էլ, որ նիկոլյան այդ քայլերը վստահություն չեն ներշնչում: Իսկ չվստահելու պատճառ Մոսկվան ունի: Մասնավորապես, եվրոպական «դիտորդների» այցի ժամկետ է հայտարարվել փետրվարի 20-ը, եւ դա ոչ մեկը չի չեղարկել: Այսինքն, ռուսական ուղղությամբ ինչ-որ քայլեր կատարելով, Նիկոլը, այնուամենայնիվ, շարունակում է արեւմտյան ծրագիրն առաջ տանելու գործնական քայլերը:
Բայց նաեւ ասել, թե հայտարարության միակ հասցեատերը Նիկոլն է, սխալ կլինի: Ալիեւը եւս, կրկնենք, թեեւ իր տարածք եվրոպացի «դիտորդներ» չի բերում, բայց ոչ պակաս լուրջ խաղերի մեջ է Արեւմուտքի հետ: Այսինքն, եթե բանը հասնի «պետություն կորցնելուն», ապա, չնայած համեմատաբար բարենպաստ վիճակին, Ադրբեջանը եւս կարող է նման ռիսկի տակ հայտնվել: Չնայած, Վոլոդինը Գաֆարովայի հետ այդ հանդիպման ժամանակ ստորագրեց Համագործակցության համաձայնագիր Պետդումայի եւ Միլլի Մեջլիսի միջեւ, որն առաջին նման պայմանագիրն է: Նաեւ, որոշում է կայացվել ստեղծել բարձր մակարդակի միջխորհրդարանական հանձնաժողով: Այսինքն, Ալիեւը, ինչպես միշտ, ունի ռեզերվային տարբերակներ եւ հիմա դրանք խաղի մեջ է դրել՝ փորձելով հեռանալ ռիսկի գոտուց: Բայց դրա համար ավելի լուրջ գործնական քայլեր են ռուսները նրանից սպասում:
Իսկ Նիկոլի համար, թերեւս, պահպանվում են գործողությունների հայտնի երկու տարբերակները: Շարունակել «Արեւմուտքը մեզ կօգնի» քաղաքական կուրսը՝ պատմական բոլոր օրինակներն աչքի առաջ պահելով: Եվ երկրորդը՝ գնալ ռուսների առաջարկած «խաղաղության պայմանագրի» ուղղությամբ, որի մասին, ի դեպ, ժամանակին այնքան դրվատանքով էր խոսում, բայց հետո որոշեց Հայաստան եվրոպացիներ բերել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ