Սարդարապատի ճակատարմարտին երկու անգամ ավելի շատ ռուս է մասնակցել. Մարիա Պիմենովա
ՀասարակությունՍարդարապատի հերոսամարտի 105-ամյակին ընդառաջ՝ «Իրավունքը» զրուցել է Հայաստանում ռուսական համայնքի ներկայացուցիչ ՄԱՐԻԱ ՊԻՄԵՆՈՎԱՅԻ հետ:
— Ոմանք շարունակում են պնդել, որ Արցախի պաշտպանության հարցում Ռուսաստանը պետք է ավելին աներ, ինչի համար էլ մեղադրանքներ են ուղղվում ռուսների հասցեին… Ի՞նչ կասեք այս մասին:
— Երբ նման մեղադրանքներ են հնչում, միշտ հարց եմ տալիս` ներողություն, դուք ինքներդ տուն առաք եւ ծախեցիք, ե՞ս եմ մեղավոր: Ասում են` մեր հողերն ենք ուզում, դե գնացե՛ք եւ պաշտպանե՛ք: Ռուսաստանին ու Վ. Պուտինին ինչո՞ւ եք մեղադրում, եթե Նիկոլն ու Ալիեւն են իրար հետ առեւտրի մեջ: Պատմությունը կրկնվում է, 102 տարի առաջ էլ Սիմոն Վրացյանն էր թուրքերի հետ ուզում դուրս գալ Ռուսաստանի դեմ: Թուրքն էլ ռուսին ասաց` տեսեք, թե ում էիք պաշտպանում, քո դեմ են դուրս գալիս: Դուք ունեցել եք 9 հազ. քառ.կմ տարածք, որը շնորհիվ Լենինի, դարձել է 29 հազ. քառ.կմ: Լենինի օրոք ամենաշատը տուժել է Ռուսաստանը, որովհետեւ նա քանդեց ցարական հզոր պետությունը: Հայաստանը կարող էր ունենալ 60-70 հազ. քառ.կմ տարածք, բայց «շնորհիվ» Վրացյանի ունի ընդամենը 29 հազ. քառ.կմ: Ու ամենաահավորն այն է, որ 1915 թվականի սարսափելի Ցեղասպանությունից ընդամենը մի քանի տարի հետո է Վրացյանը թուրքերի հետ հակառուսական բանակցություններ վարել: Եվ հիմա էլ 44-օրյա պատերազմից հետո, երբ ունեցանք, ասում են` 5 հազար, բայց իրականում 12 հազար զոհ, էլի մեղադրում են ռուսին:
— Բայց Ցեղասպանությունից հետո ունեցանք նաեւ Սարդարապատի հաղթանակը…
— Այո, Սարդարապատի ճակատամարտով հպարտանում են հայերը, ես էլ եմ հպարտանում, որովհետեւ Հայաստանի եւ Ռուսաստանի հաղթանակներն ինձ համար համահավասար ուրախություն են, իսկ երկու երկների ձախողումներից հոգիս մղկտում է: Սարդարապատի ճակատամարտին ռուսներն էլ են մասնակցել, ինչի մասին խոսում են լղոզված: Ինչո՞ւ չեն մեր հասարակությանը տեղեկացնում, որ Սարդարապատի ճակատարմարտին երկու անգամ ավելի շատ ռուս է մասնակցել: Մասնավորապես` երկու գեներալ իր զորքով, որոնցից մեկը Ալեքսեյ Պերեկրյոստովն էր, մյուսը` Սյոմինը: Ամո՛թ է, որ մարդիկ իրենց պատմությունը չգիտեն: Եվ հիշեք նաեւ, որ Ցարական Ռուսաստանի 450 հոգանոց զորքը փրկեց Սուրբ Էջմիածինը, երբ պարսիկներն էին հարձակվել: Սուրբ Էջմիածինը, Աստծուն փառք, որ կա, էլի ռուսն է օգնություն ցուցաբերել: Էլ չեմ ասում Իսրայել Օրու մասին, որը դեռ Պյոտր Առաջինի ժամանակ հասկացել է, որ փոքր ազգը պետք է մեծ ազգին միանա, որ փրկվի: Ինչ վերաբերում է Արցախին, դեռեւս 1813 թվականին ստորագրված Գյուլիստանի ռուս-պարսկական պայմանագրով Արցախը ռուսական թագավորությանն էր պատկանում: Եվ Վ. Պուտինը հենց այնպես չի ասել երկու տարի առաջ, որ ռուսները միշտ գալիս են իրենց հողերի հետեւից: Այնպես որ, ռուս լինելով, ասում եմ` ով հակառուսական է, նա հակահայկական է, ինչո՞ւ են հայերի մեջ այդքան շատացել ուտող-ուրացողները: Քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգը ո՞ւր է գնում, այլասերված Եվրոպա՞: Աստված պահապան մեր երկու հայրենիքներին…
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ