Ոչ մի սխալ բան չեմ ասել. Հրաչյա Հակոբյանից ներողություն Անի Կարապետյանը չի խնդրի
ՆերքաղաքականԵրեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Էդուարդ Ամալյանի, վճռել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի հայցն ընդդեմ քաղաքական մեկնաբան Անի Կարապետյանի՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելու եւ դրամական փոխհատուցում վճարելու պահանջների մասին, բավարարել՝ մասնակի: Դատարանը պատասխանող Անի Կարապետյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել դեռեւս երկու տարի առաջ Ֆեյսբուք սոցիալական կայքի իր անձնական էջում կատարված հրապարակման մեջ Հրաչյա Հակոբյանի մասին տեղ գտած արտահայտությունների համար: Ինչպես նաեւ դատարանը պարտավորեցրել է Անի Կարապետյանից հօգուտ Հրաչյա Հակոբյանի բռնագանձել 735 հազար դրամ: Ի դեպ, ուշագրավ է այն, որ Անի Կարապետյանի «գնահատականներին» արժանացած Հրաչյա Հակոբյանը սկզբում պահանջել է մոտ 3 միլիոն դրամ, բայց փոխարենը դատարանը որոշել է, որպես բարոյական վնասի փոխհատուցում, սահմանել վերոնշյալ գումարը:
Ինչեւէ, նշենք, որ երկրի թիվ մեկ աներձագի համար հաղթանակ տոնելը դեռ վաղ է: «Իրավունքի» հետ զրույցում ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ասաց, որ չի պատրաստվում ո՛չ ներողություն խնդրել, ո՛չ էլ որեւէ բան վճարել:
«Ոչ մի ներողություն չեմ խնդրելու եւ ոչ մի գումար չեմ տալու, եթե անգամ այդ գումարը լիներ 730 դրամ: Ոչ մի սխալ բան չեմ ասել, ընդ որում` շատ մեղմ եմ դեռ ասել ու միայն դրա համար եմ զղջում: Այնպես որ, կհանդիպենք Վերաքննիչ դատարանում»,- ընդգծեց Կարապետյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ