35-ամյակի նախաշեմին «նվեր» մատուցեցին «Գոյ» թատրոնին
Մշակութային
Այս տարի լրանում է «ԳՈՅ» թատրոնի 35-ամյակը և այդ առիթով «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:
— Պարոն Սահակյան, «ԳՈՅ» թատրոնի 35-ամյակի հետ կապված, միջոցառումներ լինելո՞ւ են:
— Հիմա հարաբերական դադար է, որովհետև մեզ «նվեր» մատուցեցին` ուզում են կասեցնել թատրոնի գործունեությունը: Այո, նախատեսվում են պրեմիերաներ. Զյուսքինդի «Պարֆյումեր», Շեքսպիրի «Լիր արքան», անպայման անելու ենք Մոնթե Մելքոնյանի, Զորավար Անդրանիկի մասին ներկայացումներ: Այս ամիս մենք ուղղակի ակցիա արեցինք և հանդիսատեսի համար անվճար խաղացինք մեր ողջ ռեպերտուարը: Մենք մեր հանդիսատեսին շատ ենք սիրում և մեզ հաճույք է պատճառում իրենց սյուրպրիզներ մատուցել:
— Ձեզ նույնպես «անակնկալ» մատուցեցին: Իսկ 35-ամայի հետ կապված՝ գոնե հաշվի կառնե՞ն, որ դա թատրոնի համար հոբելյանական տարի է:
— Նրանք արդեն արել են, իրենց լեզվով ասած` քայլը: Հիմա մենք պետք է ցուցադրենք մեր բռունցքը:
— Դուք արդեն երկրորդ հայցով մտաք դատարան, ի՞նչ արդյունք ունեք:
— Արդյունքին սպասում ենք: Ժամկետ կա սահմանված: Սպասում ենք պատասխանին: Եվ առաջին հայցն էլ մտնում է Վերաքննիչ, հայցը մերժելու պատճառաբանությունն այն էր, որ այն պաշտպանությունը, որ մենք փնտրում ենք, փնտրենք ուրիշ տեղ: Բայց եթե դա դատարանը չի, որտե՞ղ փնտրես քո իրավունքների պաշտպանությունը... ո՞ր ատյանն է… ներկայացրել ենք կառավարության որոշման անվավեր, անօրինական ճանաչելու հայցը, բայց սա վերջը չի դեռ, հայցեր կլինեն:
— «Գոյ» թատրոնի հանդեպ նման վերաբերմունքի պատճառը միգուցե Ձեր քաղաքական հայացքնե՞րն են:
— Ոչ թե քաղաքական (որովհետև ես որևէ կուսակցության անդամ չեմ եղել ու չեմ լինելու), այլ՝ քաղաքացիական: Ես խոսում եմ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Տեսնում եմ՝ ինչ է կատարվում: Եվ չեմ կարող դրա մասին լռել: Ինչո՞ւ լռեմ, ինչի՞ց վախենամ: Արդեն չկան շատ-շատ բաներ: Արցախ չկա, ու շատ բաներ չեն լինելու: Ամեն մեկի հետ կանեն այն, ինչ-որ նա թույլ կտա:
— Հետագայում երկրում կատարվող իրադարձությունները տեղ կգտնեն Ձեր բեմադրությունների մեջ:
— Դրա մասին գրված է շատ լավ գործ՝ «Քաջ Նազարը»: Ես ասել եմ ու ասում եմ` քաղաքական գործիչը (ի նկատի ունեմ մեր երկրի) բեմ բարձրանալու համար շատ փոքր է: Թատերական գրականության մեջ բազմաթիվ գործեր կան դավաճանության, ազգուրացության մասին: Եվ երբ մենք «Անասնաֆերմա» եք բեմադրում, զուգահեռներ են առաջանում: Բայց այս վիճակը ծայրահեղագույնն է: Ինչ-որ մի բան անարդարացի ես անում, այդտեղ սկսում են պրոբլեմները: Հետո գնում է այդ ուղղությամբ երկրորդ, երրորդ քայլերը: Դա գայթակղիչ է: Սատանան գայթակղում է հազար ու մի բաներով: Եվ հիմնականում` փողով: Եթե դու գնացիր փողի հետևից, հասկացիր՝ ում ես ծառայում: Այդ մարդկանց հայրենիքը փողն է: Ոչ թե փողն է իրենց ծառայում, այլ իրենք են ծառայում փողին. գերին են փողին:
— Փողին ծառայելով՝ կարող են կորցնել հայրենիքը:
— Այդ գիտակցությունն իրենց մեջ չկա... Այն կինը, որն ասում է` հայրենասիրությունն աբստարկտ զգացողություն է: Նրա մեջ չկա հայրենասիրություն: Նա համոզմունք է ասում: Ու նա այդպիսին է: Այդ իմաստով նա ամորֆ է: Ինքը չունի այդ օրգանը, որին դու դիմես, ասես` հայրենիք: Չկա նրա մեջ և վերջ:
— Խոսելով հայրենասիրությունից՝ չենք կարող չխոսել Նժդեհից: Ձեր վերջին ներկայացումը Նժդեհի մասին էր: Այն ինչ, որ կատարվեց զուգադիպությո՞ւն էր:
— Ո՛չ, զուգադիպություն չէր: Ամեն ինչ հենց այդտեղից սկսեց:
Վերոհիշյալ կինը Նժդեհին անվանել էր ֆաշիստ՝ կրկնելով սորոսական սեմինարների ժամանակ իր սերտած դասերը: Ներկայացումը հենց ընդդեմ իրեն էր և իր ասածի: Ես որոշեցի, որ պարտադիր Գարեգին Նժդեհի մասին ներկայացում պետք է լինի: Սամվել Բաղինյանը նյութն ուներ, և մի անգամ մենք ներկայացրել ենք: Մենք այդ նյութը վերաձևավորեցինք: Այդ ամենը կատարվեց տաս օրում: Փետրվարի 7-ին կայացավ Գարեգին Նժդեհ «Իրական առասպել» ներկայացման պրեմիերան: ԿԳՄՍ նախարարությունը մեզ հետ նոր պայմանագիր կնքել էր հունվարի 27-ին: Փետրվարի 7-ին մենք խաղացինք Գարեգին Նժդեհ «Իրական առասպել» ներկայացումը, փետրվարի 8-ին տնօրենին հրավիրեցին նախարարություն...
— Իրենցից որևէ մեկը գոնե ներկա՞ էր այդ ներկայացմանը:
— Ո՛չ, բա նրանք կգան այդ միջավա՞յր: Իրենք կթունավորվեն այդտեղ:
— Դուք հրավիրե՞լ էիք:
— Իրենց պարտականությունն է գալ, հետաքրքրվել, իմանալ, տեսնել:
— Եթե չեն եկել, ո՞նց են որոշել թատրոնի ճակատագիրը:
— Էլեմենտար իմքայլական տեխնոլոգիա` զրպարտություն… Խզմալյանը 2017 թվականից չի մտել թատրոն, այն դեպքում, երբ որ Սունդուկյանի հետ նույն շենքում ենք: Մենք մի հարկ վերև ենք: Դա կարծեմ քսաներկու աստիճան է, որ պետք է բարձրանար մեզ մոտ: Նա Սունդուկյան եկել է մոտ հիսուն անգամ: Մի անգամ չի փորձել վերև բարձրանա: Չէ՞ որ «Գոյ» թատրոնն էլ է մտնում նախարարության մեջ...
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ