Ռուս-իրանական ազդեցության դուրսմղումը տարածաշրջանից լինելու է մեր բոլորի կյանքի հաշվին. Աբովյան
Ներքաղաքական
Ըստ քաղաքական մեկնաբան, նախկին պատգամավոր ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ` պետք է ընդունել, որ իշխանությունը, ի տարբերություն այն մարդկանց, որոնք հասկանում են, որ իրավիճակը գնում է արհավիրքի, ասում է` ինչ անել, եւ ունի հստակ սցենար, այլ բան է, որ խրախուսում են արհավիրքը:
— Պետք չէ հավատալ այն հեքիաթներին, թե ռեսուրս չունենք, ինչո՞վ պիտի կռվենք, պատերա՞զմ եք ուզում: Այդ ամենը ժողովրդին հիմարացնելու համար է: Երբ ասում ենք` ռեսուրս չունենք, նշանակում է` թշնամուն հրավիրում ենք երկիր, որ մեզ խփի, քանի որ ռեսուրս չունենք: Դա սուտ է, քանի որ ռեսուրս ունենք: Խնդիրն այն է, թե ինչ նարատիվով է այն օգտագործվում: Մարդկանց մի խումբ սիրում է խաբված լինել: Եթե դու հրաժարվում ես ընդունել, որ պատերազմ է ընթանում ՀՀ-ի եւ Արցախի հանդեպ, դրանից պատերազմը չի դադարում: Խաղաղությունը գործընթաց է, վերջնակետ չէ: Այդ գործընթացի հիմքում ընկած է երկու գործոն` պետք է հակառակ կողմը խաղաղություն ուզենա, որը չի ուզում, եւ այն աշխարհաքաղաքական կենտրոնները, որոնք մոդերացիա են անում տարածաշրջանում, իրենք էլ պետք է ուզենան խաղաղություն` համաձայն մեր տեսլականի: Օրինակ, գիտե՞ք խաղաղություն ասվածը արեւմտյան թեւի համար ինչ է. ռուս-իրանական, մասնակի չինական եւ հնդկական ազդեցության դուրսմղումն է տարածաշրջանից: Դուրսմղումը լինելու է մեր բոլորի կյանքի հաշվին: Փաստն այն է, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ իրականացնում են ցեղասպան գործողություններ, բայց գեթ մեկ պատժամիջոց իրենց հանդեպ չի կիրառվել: Սա է Արեւմուտքի տեսլականը` մեր պետությունների հաշվին ձեւավորել խաղաղություն տարածաշրջանում: Թուրքիան ու Ադրբեջանն էլ իրենց ձեւով են տեսնում այդ խաղաղությունը: Իրենց համար խաղաղությունը հայկական երկու էթնոքաղաքական տարրի իսպառ ոչնչացումն է` Արցախ, Հայաստան: Ւրենք ռացիոնալ են, իրենց տեսանկյունից ուզում են միավորվեն, ընդհանուր սահման ունենան եւ մեծ կայսրություն լինեն: Մենք ենք խանգարում: Մարդիկ, որոնք հրաժարվում են դա ընդունել, խոսքը իշխանության խավի մասին է, որոնք կարծում են` ձեր, իմ, բոլորիս կենսական շահերը մեր երեխաների կյանքը հանձնելով` կարելի է ինչ-որ մի մասի համար խաղաղություն վաստակել, նման բան չկա: