Ով է եղել հաղթական «Քոչարին» տապալված Ռայխստագի պատերի մոտ պարած Աշիկ Սնդոյանը (պատմական բացահայտում)
Թեմա
Աշիկ պապիկը ծնվել է 1918 թ.: Տարեթիվն արդեն իսկ հուշում է, թե ինչ ծանր ժամանակներ են եղել այդ օրերին Հայաստանում: Դա է պատճառը, որ ընտանիքի 4 զավակները մեծացել են տարբեր մանկատներում: Երիտասարդ Աշիկը ԿԱՄԱՎՈՐ գնում է Խորհրդա-ֆիննական պատերազմ, որն՝ ինչպես գիտենք պատմությունից, տեւել է 105 օր՝ 1939 թ. նոյեմբերի 30-ից մինչեւ 1940 թ. մարտի 13-ը, այսինքն, պատերազմն ընթացել է տարվա ամենացուրտ օրերին:
Հիշեցնեմ, որ այդ պատերազմի ժամանակ ֆինների զոհերը կազմել են 100 000 մարդ՝ ամեն վեցերորդը, իսկ Կարմիր բանակի կորուստները կազմել են 391 800 մարդ՝ մարտական գործողություններին մասնակցած ՄԵԿ ՄԻԼԻՈՆԻՑ: Շատ մարտիկներ զոհվել են ոչ թե զենքից, այլ ցրտահարությունից, քանի որ նրանց համազգեստը չէր համապատասխանում հյուսիսային կլիմայական պայմաններին, որտեղ եւ ընթանում էին ռազմական գործողությունները։
Փաստորեն, Աշիկ Սնդոյանը, ով արեւաշող Հայաստանից կամավոր մեկնել էր այդ հյուսիսային ճակատամարտ, կարելի ասել, որ հրաշքով է ողջ մնացել ու վերադարձել Լենինական: Հետո սկսվում է Հայրենական մեծ պատերազմը եւ Աշիկ Սնդոյանն իր հազարավոր հայրենակիցների հետ մեկնում է ռազմաճակատ, պաշտպանելու Հայրենիքը ֆաշիստական ագրեսիայից:
Զարմանալի է նրա ճակատագիրը նաեւ Հայրենական պատերազմի օրերին՝ նա վիրավորվել է, մի քանի ամիս գերեւարված է եղել Մուսոլինիի բանակի կողմից, սակայն՝ դարձյալ հրաշքով, Թամանյան դիվիզիայի կազմում հասել է Բեռլին: Նա այն եզակիներից է, ով պարել է ավանդական «Քոչարի»-ն տապալված Ռայխստագի պատերի մոտ: Եվ այստեղ պետք է ներկայացնեմ եւս մի անհավատալի ու զարմանալի իրողություն՝ Հաղթանակի պարը նա տոնում էր ավագ եղբոր՝ Մարտուն Սնդոյանի հետ, ով նույնպես հասել էր Բեռլին եւ այդ պատմական պահին հե՛նց «Քոչարի»-ն էր նվագում ու հիացած հայացքով նայում էր կրտսեր եղբոր ու իր մյուս հայրենակիցների ՀԱՂԹԱԿԱՆ պարին...
Հ.Գ. - Այս ամենի մասին իմացա հանկարծակի: Երեկ՝ Արմեն Գրիգորյանի հերթական դատից հետո, երբ ոչ թե պետությունն է ներողություն խնդրում Գրիգորյանների ընտանիքից՝ անհիմն հարուցած գործի համար, այլ դեռ Արմենի անմեղությունն են փորձում հաստատել դատապաշտպանները, Հայաստանում տիրող անօրեննություններից ու իշխանությունների ցինիզմից սրտնեղված, որոշեցինք բարձրանալ Նորք-Մարաշի գերեզմանատուն, ուր իր վերջին հանգիստն է գտել Արմենի հոգին: Եվ պարզվեց, որ Արմենի գերեզմանից ընդամենը մի տաս մետր այն կողմ ամփոփված են Արմինե Սնդոյանի բարեկամները՝ ամուսինը եւ սկեսրարը: Իսկ դրանից ոչ հեռու՝ հենց կենտրոնական ծառուղու վրա, Արմինեի յուրայինների գերեզմանն է գտնվում, որտեղ եւ թաղված է Ֆիննական ու Հայրենական պատերազմների մասնակից՝ Աշիկ Արամի Սնդոյանը: Լույս շիրիմներին... Արմեն Գրիգորյանը պայքարեց նորօրյա ֆաշիզմի դեմ... Աստված բոլորիս ուժ տա, որպեսզի ՄԵՆՔ էլ՝ Աշիկ պապիկի ու Մարտուն պապիկի պես պարենք ՄԵ՛Ր ՀԱՂԹԱՆԱԿԻ «Քոչարի»-ն նորօրյա ֆաշիզմի փլատակների վրա...
Հ. Գ. - Ի դեպ, Աշիկ պապիկի կինը՝ Ռոզա Ղամբարյանը, ողջ է, նա 95 տարեկան է, եւ քանի որ ունի վաստակավոր խոհարարի կոչում, ապա Նոր Տարվա սեղանի պատրաստությունները մինչ օրս հենց ի՛նքն է անում մեծագույն բծախնդրությամբ:
Գրող, հրապարակախոս
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ



