Հայտնի անհայտը. ով է իրականում Անահիտ Մութաֆյանը
Մշակութային
Երեւանի ավագանու ընտրություններին «Մայր Հայաստան» դաշինքի մաս կազմող «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության ցուցակով ավագանու թեկնածու է առաջադրվել ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ: Սակայն, պարզվում է՝ Անահիտ Մութաֆյանն, ամենեւին էլ Անահիտ Մութաֆյանը չէ: Խոսքը ոչ թե դերասանուհի, այլ ինչ-որ «Մութաֆյան գրուպ» ՍՊԸ տնօրենի մասին է: Իսկ թե այսի՞նչ ՍՊԸ է, որի ոչ գործունեության, ոչ հայտնի անուն-ազգանունով տնօրենի մասին ոչինչ հանրությանը հայտնի չէ, «Իրավունքը» փորձեց պարզել նախ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից: Այս ՍՊԸ-ն գրանցվել է ո՛չ ավել, ո՛չ պակաս ընդամենն այս տարվա օգոստոսի 7-ին: Սոցցանցերում ու համացանցում որեւէ այլ փաստ այդպես էլ չհաջողվեց գտնել «Մութաֆյան գրուպ»-ի մասին:
Փորձեցինք մանրամասներ պարզել նաեւ «Մութաֆյան գրուպ»-ի տնօրեն Անահիտ Մութաֆյանի մասին եւ հասկանալ, թե երբվանի՞ց է մայրաքաղաքային խնդիրներով ակտիվություն ցուցաբերել: Ի զարմանաս մեզ՝ երբեք, ֆեյսբուքույան հարթակում գտանք միայն մուլտհերոսի, համենայնդեպս, այդպիսին է եղել նրա պրոֆիլային նկարը եւ միայն թեկնածու առաջադրվելուց հետո է իր դեմքով ներկայացել հանրությանը: Բայց տարօրինակությունները միայն այսքանը չեն:
Այսպիսով՝ ավագանու թեկնածու է առաջադրվել 1966 թվականի նոյեմբերի 10-ին ծնված Անահիտ Սերյոժայի Մութաֆյանը, ըստ «Մայր Հայաստան» պաշտոնական էջի՝ բժիշկ-կարդիոլոգ: Սակայն այսպիսի տվյալներով որեւէ անձ ՀՀ ընտրողների ռեգիստրում չգտնվեց: Իսկ սոցցանցում նշված է, որ նա ծնվել է 1968 թվականի նոյեմբերի 10-ին, բայց այդ տվյալներով էլ որեւէ անձ չկա ոչ ՀՀ, ոչ Երեւանի ընտրողների ռեգիստրում: Ի դեպ, որպես բժիշկ էլ նրա մասին որեւէ տեղեկություն պարզել չհաջողվեց:
Նշենք, որ ավելի վաղ «Իրավունքը» դերասանուհի Անահիտ Մութաֆյանից հետաքրքրվել էր ընտրություններին իր մասնակցության եւ իր անուն-ազգանունով թեկնածուի մասին: Նա մեզ հետ զրույցում հավաստիացրել էր, որ որեւէ առնչություն եւ բարեկամական կապ չունի «Մութաֆյան գրուպ»-ի տնօրենի հետ:
«Իմ տեսակետը համընկնում է ՀՅԴ-ի տեսակետի հետ: Ես Երեւանի ավագանու ընտրությունները համարում եմ առ ոչինչ, քանի դեռ կա Արցախի խնդիրը: Այնպես որ, ինձ մի փնտրեք նախընտրական որեւէ ցուցակում՝ այս դեպքում՝ անգամ եթե գտնեք իմ անուն-ազգանունը», - ասել էր դերասանուհին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

