Ղազախստանի նախագահական ամենամյա երաժշտական մրցույթում Դավիթ Կիրակոսյանն արժանացել է առաջին մրցանակին
Մշակութային
Սեպտեմբերի 12-16-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցավ «Ալմա Աթան իմ սրտում» նախագահական ամենամյա երաժշտական միջազգային մրցույթը, որտեղ մրցեցին 11 երկրից 14 մասնակից, որից 3-ը՝ Ղազախստանից։
Մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացրեց Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի շրջանավարտ Դավիթ Կիրակոսյանը։
Առաջին մրցութային օրը Դավիթը կատարել է Արթուր Գրիգորյանի «Կյանք ու կռիվ» ստեղծագործությունը։ Իսկ երկրորդ օրը՝ ղազախական երգ, ղազախ երգիչ Դիմաշ Կուդայբերգենի երգացանկից։ Երկու մրցութային օրերին Դավիթն վաստակել է ժյուրիի առավելագույն միավորները (ժյուրիի 7 անդամների կողմից` առավելագույն 11 միավոր)։
Արդյունքում, մեր մասնակիցը Բելառուսի ներկայացուցչի հետ գրանցել է հավասար միավորներ։ Մրցույթի կանոնների համաձայն, մասնակիցների հավասար միավորների դեպքում, ժյուրիի նախագահն ունի մեկ միավորի իրավունք։ Այս դեպքում ժյուրիի նախագահը, որոշիչ մեկ միավորը տվել է Բելառուսի ներկայացուցչին՝ արժանացնելով նրան Գրան Պրի մրցանակի։ Իսկ Հայաստանի պատվիրակ Դավիթ Կիրակոսյանը արժանացել է մրցույթի առաջին մրցանակին։
Հայաստանյան պատվիրակությունը, պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանի ղեկավարությամբ՝ շուտով կլինեն Հայաստանում։