Փաշինյանը «կատաղած է», Ավինյանն` «ավերված». ինչ են որոշել
Ներքաղաքական
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն, Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների հրապարակելուց հետո` ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը «մեռած է, թաղած չէ»: Բացի այն, որ նման արդյունքները լուրջ տարաձայնության պատճառ են դարձել Նիկոլ Փաշինյանի ու ավինյանականների միջեւ, պարզվում է` Տիգրան Ավինյանի սրտով չէ «Հանրապետություն» կուսակցության հետ կոալիցիա կազմելը, ինչին այլընտրանք չունեն:
Այսպիսով` մինչ Ավինյանը փորձում է այս մղձավանջից «ձեռքերը լվացած» դուրս գալ` ՔՊ-ում ակտիվ քայլեր են իրականացվում ընտրված մյուս երեք ուժերից` «Ազգային առաջընթաց»-ից, «Մայր Հայաստանից» եւ «Հանրային ձայնից» գոնե մեկ-երկու ավագանու անդամի իրենցով անելու համար: Խնդիրն այն է, որ մեկ ավագանու ձայնը կարող է որոշիչ լինել` Ավինյան Տիգրանին քաղաքապետ դարձնելու հարցում, հանուն որի ՔՊ-ն պատրաստ է դիմել թույլատրելի ու անթույլատրելի բոլորի միջոցների:
Ի դեպ, երեկ քաղաքացիները նկատել էին, որ Մաշտոց-Թումանյան խաչմերուկի մոտ ինչ-որ ուղղությամբ է շտապում Երեւանի փոխքաղաքապետ, ավագանու թեկնածու Սուրեն Գրիգորյանը` «Ընտրական օրենսգիրքը» ձեռքին: ՔՊ-ն փորձում է ելքեր փնտրել` իշխանությունը պահելու հարցում, իսկ նրանց շարքերից ոմանք հասկանում են, որ Հայկ Մարությանից նախ քաղաքապետ, ապա հերթական ուկրաինական Զելենսկի դարձնելու Արեւմուտքի ախորժակը մեծ է եւ նրանք աջակցություն այլեւս չունեն նաեւ դրսից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ