Որոշ մարդկանց թվում է՝ Արցախը մատաղ անելով` լավ են ապրելու. ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մշակութային
«Իրավունքը» զրուցել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:
— Պարոն Հարությունյան, այս պահին Արցախում ի՞նչ իրավիճակ է:
— Ծանր հոգեվիճակում ենք… Ուտելիք չկա: Այսօր ընդհանրապես հաց չկար: Տեսնենք` վաղն ինչ կլինի: Շատ բարդ, ճգնաժամային վիճակ է այստեղ: Նույնիսկ չեմ պատկերացնում՝ եթե մեր ընտանիքում նորածին լիներ, ինչ պետք է անեինք: Թե ինչպես ենք այս ամեն ինչին դիմանում, ես էլ եմ զարմանում:
— Արցախի նկատմամբ Հայաստանի վարած պետական քաղաքականության մասին ի՞նչ կասեք:
—Արցախին ամենավատ ձեւով դավաճանել են: Երբեւէ չեմ պատկերացրել, որ Հայաստանի Հանրապետությունն իր ղեկավարի բերանով մի օր կասեր, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում: Ի վերջո, պետք է հասկանան, որ սա միայն Արցախի խնդիրը չէ...
— Այս իրավիճակում հայ–ռուսական սրված հարաբերություններն ինչպե՞ս կանդրադառնան իրավիճակի վրա:
— Արդեն անդրադարձել է: Մենք դրա պտուղները քաղում ենք: Ռուսաստանի հետ վատացրել են հարաբերությունները: Պատմության ընթացքում երբեւէ Ռուսաստանը Հայաստանի հետ նման վատ հարաբերությունների մեջ չի եղել: Հայաստանի Հանրապետությունում շուտափույթ պետք է իշխանութուն փոխվի, որ գոնե Հայաստանը փրկվի: Ասում է (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին–հեղինակ)՝ ուզում ենք անկախ լինել: Չենք ուզում Ռուսաստանից կախված լինենք: Դա նորմալ է, որ ուզում է անկախ լինենք, բայց դա ասելով՝ դռներն է թակում Ամերիկայի, Ֆրանսիայի եւ այլն: Դա՞ է նրա անկախությունը, երբ ԱՄՆ–ի վստահված անձը Թուրքիան է: Չի հասկանո՞ւմ, որ ինչ որ կատարվի, Թուրքիայի միջոցով պետք է կատարվի: Այդ ի՞նչ ենք արել, որ Էրդողանը պետք է զանգի իրեն՝ Արցախի նախագահի ընտրությունների համար հաշվետվություն պահանջի: Այդ ի՞նչ փալաս եք դուք դարձել: Այդ նույն Էրդողանը վախենում էր զանգել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին: Իսկ հիմա զանգում է…
—Այսինքն` Դուք կո՞ղմ եք հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունների ամրապնդմանն այս պահին:
— Իհարկե, կողմ եմ: Պետք է շարունակել: Չի կարելի հայ–ռուսական հարաբերությունները թշնամանքի վերածել: Ռուսաստանում շատ հայեր են ապրում: Հայաստանը, որ տնտեսական աճ է գրանցում, ո՞ւմ հաշվին է: Ի վերջո, պատերազմական իրավիճակից ելնելով՝ Ռուսաստանի բիզնես միջավայրը տեղափոխվել է Հայաստան եւ ահագին եկամուտներ է բերում երկրին: Ուզում են այդ ամեն ինչից կտրվե՞ն:
— Ինչպե՞ս եք վերաբերվում Ալեն Սիմոնյանի եւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հեռահար քաղաքական բանավեճին:
— Ալեն Սիմոնյան կոչեցյալը թյուրիմացություն է: Ամոթ չի՞ Հայաստանին, որ Ազգային ժողովի նախագահը առանց մտածելու ինչ ուզում, ասում է: Հայաստանի էլիտան Ալեն Սիմոնյա՞նն է: Իսկ ինչ մնաց Զախարովայի հետ բանավեճին, նա շատ հաց ու պանիր պետք է ուտի, որ Զախարովային հասնի: Ես չեմ ասում, որ Ռուսաստանն ինչ անում է, ճիշտ է անում, իրենք էլ այս իրավիճակում սխալներ ունեն:
— Ըստ Ձեզ` ե՞րբ հայ–ռուսական հարաբերությունները սկսեցին վատանալ:
— Դա եղավ Արարատ Միրզոյանի շնորհիվ՝ մեր արտաքին քաղաքականության ձախողման հետեւանքով: Ում ձեռքից ուտում են, այդ ձեռքի մեջ էլ թքում են:
— Իսկ թատրոնում ի՞նչ իրավիճակ է:
— Անցյալ տարվա դեկտեմբերի 12–ից մինչեւ այսօր երեք նոր բեմադրություններ ենք արել: Մեկը մանկական ներկայացում էր: Այդ ներկայացումով անցյալ տարի դեկտեմբերի վերջին եղել ենք շրջաններում եւ Ստեփանակերտի բոլոր դպրոցների համար ենք խաղացել: Երեխաներին Ձմեռ պապիկը նվերներ է բաժանել: Այդ ժամանակ կարողացել ենք նվերների հարցը լուծել: Մարտի 27–ին՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ, նոր բեմադրություն արեցինք՝ «Բակում կատաղած շուն կա»: Այդ օրը նաեւ թատրոնի 90–ամյակին նվիրված գրքի շնորհանդեսը եղավ: Օգոստոսին բեմադրեցինք Վահե Քաչայի համանուն վեպի հիման վրա «Գիշատիչների խնջույքը» ներկայացումը: Որտեղ նկարագրվում է օկուպացված Ֆրանսիան: Եվ այն, ինչ որ ներկայացվում է, շատ նման է մեր իրավիճակին՝ դատարկ խանութներ, ոչ մի բան չկա… Ամենուր կարիք եւ չքավորություն է: Եվ մարդիկ սնունդ հայթայթելու համար պետք է ֆաշիստների հետ համագործակցեն:
—Մինչեւ ռազմական գործողությունների վերսկսելը կարողանո՞ւմ էին դերասանները գալ աշխատանքի:
— Այս դժվար պայմաններում, երբ վառելիք, տրանսպորտ, լույս չկա (հովարային անջատումներ են) մարդիկ գիշերները հերթ էին կանգնում, առավոտյան գալիս էին աշխատանքի: Շատ բարդ իրավիճակում ենք: Ֆիզիկական գոյատեւման պայքարի եւ նաեւ հոգեբանական ծանր վիճակի մեջ ենք: Էլ չեմ ասում, որ թշնամին արդեն քաղաքում է եւ ուզում է մեզ ոչնչացնի: Դրանից բացի ներքին խնդիրները շատ–շատ են: Ու նաեւ մեր մեջքը, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն, մեզ թիկունքից հարվածել է... Որոշ մարդկանց թվում է՝ մեզ մատաղ անելով` իրենք շատ լավ են ապրելու: Ժամանակն ամեն ինչ ցույց կտա…
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ