Մետրոյում քաոս է. Մետրոպոլիտենը հայցում է ուղեւորների ներողամտությունը
Հասարակություն
Մետրոյում քաոս է տիրում, 30 րոպեն մեկ են գնում ու գալիս գնացքները: Երեւանի մետրոպոլիտենն առավոտյան հայտարարությամբ էր հանդես եկել՝ տեղեկացնելով, որ ժամը 08:15-ի դրությամբ՝ տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում «Սասունցի Դավիթ» կայարանից «Գործարանային» կայարան ուղեհատվածում։ Ժամը 08:50-ի դրությամբ՝ Երեւանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի-երկկողմանի երթեւեկության։ Այսինքն՝ ուղեւորները «Գարեգին Նժդեհ» կայարանից ուղեւորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան, իջնում «Սասունցի Դավիթ» կայարանում, ապա նույն գծով շարունակում երթեւեկությունը դեպի «Բարեկամություն» կայարան։ Իսկ «Բարեկամություն» կայարանից ուղեւորները ուղեւորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան, այնուհետ իջնում գնացքից եւ տեղափոխվում են մյուս գիծ՝ «Գարեգին Նժդեհ» կայարան հասնելու համար։
«Խնդրում ենք ուղեւորներին հետեւել կայարանի հերթապահի ցուցումներին։ Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղեւորների ներողամտությունը», - ասված է Երեւանի մետրոպոլիտենի հայտարարության մեջ:
Հավելենք, որ, այս պահի դրությամբ՝ կարծես թե, տեխնիկական խնդիրները հարթվել են եւ մետրոպոլիտենն անցնում է իր բնականոն աշխատանքին:
