Մեր երկրի հավաքականը նվաճել է ընդհանուր 8 մեդալ, 5 ոսկե, 1 արծաթե ու 2 բրոնզե
Սպորտ
Վերջերս, Հայաստանի հաշմանդամային ֆեդերացիայի հավաքական թիմը տպավորիչ հաղթանակ է գրանցել Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված պարաբազկամարտի Աշխարհի 25֊րդ առաջնության ժամանակ, որին մասնակցել են ավելի քան 40 երկրների ներկայացուցիչներ։ Մեր երկրի հավաքականը նվաճել է ընդհանուր 8 մեդալ, 5 ոսկե, 1 արծաթե ու 2 բրոնզե։ Աշխարհի չեմպիոններ են դարձել մինչև 80 կգ քաշային կարգում ՍԱՐԳԻՍ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ /ձախ ձեռքով /, մինչև 55 կգ քաշային կարգում ՍԱՐԳԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ /ձախ ձեռքով /, +65կգ քաշային կարգում ՆԱԻՐԱ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ /աջ և ձախ ձեռքերով /և 65 կգ քաշային կարգում հանդես եկող ԳՈՒՐԳԵՆ ԱՆՏՈՆՅԱՆԸ /աջ ձեռքով /։ Մինչև 75 կգ քաշային կարգում աջ ձեռքի մրցումներում փոխչեմպիոն է դարձել ՀԱՅԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ, իսկ ՍԱՐԳԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ /մինչև 55 կգ քաշային կարգ / և ՇԱՀԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ /մինչև 65 կգ քաշային կարգ /նվաճել են բրոնզե մեդալ։
Նշենք, որ մասնակիցները, բացառությամբ Նաիրա Մեսրոպյանի, Արցախյան առաջին ու 44֊օրյա պատերազմների մասնակիցներ են։ «Իրավունքը» զրուցել է նրանց հետ։ Արցախյան 44-օրյա դաժան պատերազմի մասնակից ՇԱՀԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ նշեց.
«Այս անգամ բրոնզե մեդալակիր դարձա, սակայն, ընդհանուր առմամբ, գոհ եմ, որովհետև համառ պայքար էր գնում, և ես փորձառու, տարիներ շարունակ չեմպիոնի կոչմանն արժանացած մարզիկների հետ էի մրցում։ Աշխարհի մակարդակով բրինզն էլ վատ չէ, բայց մյուսը ոսկի կլինի»։
Նշենք, որ Շահենը Արցախյան 44֊օրյա դաժան պատերազմի ժամանակ, լինելով ժամկետային զինծառայող, վարորդ, ամենաթեժ կետերում զենք ու զինամթերք է հասցրել։ Երբեք չի նահանջել ու այժմ էլ սպորտի մեջ է պայքարում, պատերազմում կորցրել է ոտքերը, ունենալով հզոր կամքի ուժ, պայքարում է։
Իսկ ծնունդով Արցախից, այժմ Երևանում բնակվող, ոսկե մեդալակիր ՍԱՐԳԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, նույնպես 44 ֊օրյայի մասնակից է, քաջ մարտիկ Է, նա նույնպես կորցրել է ոտքերը, սակայն շատ հզոր մարզիկ է։ Նա այսպես մեկնաբանեց.
«Բավականին դժվար տրվեց այս հաղթանակը։ Ինձ մի փոքր վրդովվեցրեց մրցավարի վերաբերմունքը, մրցակիցս խախտել էր կանոնները, սակայն սխալը չարձանագրվեց։ Երկրորդ անգամ ձեռքը բարձիկից ընկավ, սակայն նկատողություն չհաջորդեց։ Ես վերջին ուժերս գործադրեցի ու հաղթեցի։ Մեր թիմն ինձ շատ էր ոգևորում։ Մեր տղաների մարզիչների ձայներն էի լսում, որ խորհուրդներ էին տալիս։ Ամուսնացած եմ, շուտով բալիկ կունենամ։ Ծնողներս, եղբայրս այժմ Արցախում են շրջափակման հենց առաջին իսկ օրվանից։ Այնպես եմ անում, որ նրանք, ամեն անգամ ինձ տեսնելով, միշտ հպարտանան։ Բոլոր հաղթանակներս նվիրում եմ Արցախին, քանի որ ես այդ հող ու ջրի մի մասնիկն եմ։
Իսկ ահա մյուս ոսկե մեդալակիր ԳՈՒՐԳԵՆ ԱՆՏՈՆՅԱՆԸ, ով 44֊օրյայի ժամանակ մարտկոցի լավագույն նշանառուն է եղել, մարտնչել է մինչև ծանր վիրավորվելը։ Նա նշեց .
«Նախքան պատերազմը երբեք չեմ զբաղվել սպորտով, պատերազմից հետո ծանոթացա Սարգիս Ստեփանյանի հետ ու սպորտի մեջ խորացա։Ձախ ձեռքով այս անցան չունեցա հաջողություն, իմ կարծիքով, հակառակորդներիս համար էլ էր մեծ անակնկալ, որ բոլորին հաղթեցի աջ ձեռքով։ Աշխարհի մրցումներին մասնակցում էի առաջին անգամ։ Երկու անգամ էլ Եվրոպայի առաջնությանն էի մասնակցել, երկրորդ տեղը գրավել, շատ ուրախ եմ, որ այժմ չեմպիոն եմ դարձել»։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ



