Հիմա պիտի նոր էջից սկսենք ու հասկանանք, որ այս աշխարհում չկա անհնարին ոչինչ
Սպորտ
Վերջերս Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մեր ընտրանին նվաճել է 3 մեդալ, որից երկուսը Օլիմպիական քաշում նվաճելով ՕԽ ուղեգրեր։ Բրոնզե մեդալակիրներ են դարձել ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆԸ և ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ։ Թիմային հաշվարկում 7-րդն ենք։ Հայաստանի հավաքականի առաջատարը ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 14։3 հաշվով հաղթել էր Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Ուկրաինայի ներկայացուցիչ Կամիլ Կերիմովին։ 1/16 եզրափակչում վաղաժամ 14։2 հաշվով տպավորիչ հաղթել էր Իտալիայի ներկայացուցիչ Սիմոնե Պիրոդուին։ 1/8 եզրափակչում 11։0 հաշվով ժամանակից շուտ պարտության էր մատնել Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովին։ Քառորդ եզրափակչում համառ պայքարում Հարությունյանը 14։16 հաշվով պարտվել էր Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Աշխարհի չեմպիոն, Ասիայի չեմպիոն ճապոնացի Ռեյ Հիգուչիին։ Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնությունը ըմբիշների առաջին Օլիմպիական վարկանիշային մրցաշարն է։ Արսենը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ։ Նա սփոփիչ գոտեմարտում 10։0 հաշվով հաղթել է չինացի Վանհաո Ժոուին։ Բրոնզե մեդալի համար, նա գոտեմարտել է ազգությամբ ղազախ Մեյրամբեկ Կարտբայի հետ։ Հանդիպման հենց մեկնարկում Հարությունյանը նետվել է գրոհի ու 3 միավոր վաստակել, ապա հաշիվը դարձրել 7։0։ Երկրորդ մրցափուլում էլ հայ ազատ ոճի ըմբիշն ավելի ակտիվ է եղել ու ոչ մի շանս չի տվել Կարտբային, վաղաժամ հաղթելով 11։0 հաշվով։ Հարությունյանը նվաճել է նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Նա Աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր է դարձել, 3֊րդ տեղն է գրավել նաև 2021֊ին Օսլոյում և 2022֊ին Բելգրադում։ Եվ ահա «Իրավունքին» հաջողվեց կապ հաստատել ու բացառիկ զրույց ունենալ արդեն հայրենիք վերադարձած, մեր անվանի ըմբիշի Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, 24֊ամյա ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։
- Շնորհավորում ենք, Արսեն բրոնզե մեդալի, ինչպես նաև Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու առթիվ։
- Շատ շնորհակալ եմ։ Նշեմ, որ ես նորմալ տրամադրված էի իմ բոլոր գոտեմարտերում, կային պահեր, որ թերացա, դրա համար էլ բրոնզե մեդալ նվաճեցի, սակայն ուրախ եմ, որ կարողացա նվաճել Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Չեմ կարող առանձնացնել որևէ գոտեմարտ, քանի որ առաջին անգամ չէի մասնակցում Աշխարհի առաջնության։ Հանդես եկա 57 կգ քաշային կարգում։ Շուրջ 7 ամիս, գիշեր - ցերեկ տքնաջան պարապել եմ, պատրաստվել այս Աշխարհի առաջնությանը։ Անձնական մարզիչս Արշակ Հայրապետյանն է։ Կան պահեր, որ մեր երազանքները իրենց ուղիով չեն գնում, բայց պետք է հասկանանք, որ հեշտ չէ հասնել երազանքին առանց քարքարոտ ճանապարհ անցնելու։ Այս Աշխարհի առաջնությունը ավարտվեց, մնաց իմ հիշողությունների մեջ։ Հիմա պիտի նոր էջից սկսենք ու հասկանանք, որ այս աշխարհում չկա անհնարին ոչինչ։ Իմ խորհուրդը մյուս մարզիկներին. Հավատացե՛ք Ձեր մարզիչներին, ովքեր Ձեզ հետ հավասար տանջվում են, որպեսզի Ձեր երազանքը անկատար չմնա, հավատարիմ մնացեք Ձեր երազանքին և կտեսնեք, որ երազանքը կիրագործվի ։ Շնորհակալ եմ բոլորից շնորհավորանքների համար։ Զգում եմ յուրաքանչյուրի աջակցությունը։ Այս անգամ էլ մի քայլ պակասեց աշխարհի չեմպիոն դառնալու համար, բայց Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեցի, դա սմփոփեց իրավիճակը ու ստիպեց էլ ավելի եռանդով մարզվել, որպեսզի կարողանամ Օլիմպիական չեմպիոն դառնալ։
- Արսեն, այս տարի որևէ մրցաշարում կտեսնենք քեզ։
- Իհարկե, հոկտեմբերի 15֊ից, Գերմանական ակումբի բունդեսլիգային եմ մասնակցելու։ Այստեղ արդեն հանդես կգամ 61 կգ քաշային կարգում։
- Շնորհակալություն, Արսեն, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ շատ զգացված եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Հ. Գ. Հավելենք, որ մյուս Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է բրոնզե մեդալի արժանացած մեր մյուս անվանի ըմբիշը Վազգեն Թևանյանը։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ


