Այնպիսի տպավորություն է, որ արդեն ՀԱՊԿ-ի մեջ չենք. Բալասանյան
Ներքաղաքական
«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:
— Նախ Նիկոլ Փաշինյանը հերթական ուղերձով դիմեց, ապա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրայինի եթերում հարցազրույց տվեց, որոնց հայտարարությունների կոնտեքստն, ըստ էության, ՀԱՊԿ–ից դուրս գալու նախերգանք էր: Ի՞նչ կասեք այս մասին:
— Գործող իշխանությունը, երբ դեռ իշխանություն չէր, այդ ժամանակվանից էր նախաձեռնել ՀԱՊԿ–ից դուրս գալու գործընթաց: Երբ ինչ–որ մի լուրջ իրադարձություն է տեղի ունենում, զարմանալիորեն բոլորը մեղավոր են` բացի հիմնական որոշում կայացնողներից: Վաղուց այնպիսի տպավորություն է, որ արդեն ՀԱՊԿ–ի մեջ էլ չենք: Դե յուրե ՀԱՊԿ–ում ենք, բայց դե ֆակտո ՀԱՊԿ–ի մեջ չենք: Հետեւաբար, դուրս գալու վերաբերյալ հայտարարությունները նոր բան չեն, որ կարող են ասել նույն Ալեն Սիմոնյանը կամ մյուսները: Իսկ այն, որ գործընթացը գնում է ՀԱՊԿ–ից դուրս գալու, կարծում եմ` ոչ միայն ՀԱՊԿ–ից, այլեւ` ԵԱՏՄ–ից: Ու սա չեն էլ թաքցնում արդեն, հստակ այդ գիծը գնում է, որ Հայաստանը պետք է դուրս գա բոլոր այն ինտեգրացիոն գործընթացներից, որտեղ ներկա է Ռուսաստանի Դաշնությունը:
— Թե՛ նիկոլական, թե՛ հականիկոլական հարթակներից է հնչում, որ ամեն ինչի մեղավորը ռուսներն են: Ստացվում է, որ այս հարցում հայաստանյան քաղաքական դաշտում որոշակի կոնսենսո՞ւս կա:
— Համենայնդեպս, այդպիսի տպավորություն կարող ենք ստանալ, որովհետեւ, կարծես թե, բոլորը մեղավոր նշանակել են մի երկրի: Ու հիմա մեկը մի քիչ ավելի նուրբ, մյուսը մի քիչ ավելի կոշտ մեթոդներով քննադատում են: Բայց բոլորի խոսքն էլ, ի վերջո, պտտվում է այդ մի երկրի շուրջ` Ռուսաստանի Դաշնություն: Օրինակ, եթե քննադատությունը գնար առհասարակ գերտերությունների ուղղությամբ, թե հասցեական ով ինչ պետք է աներ ու չի արել, կհասկանայի, բայց բոլորին թողել են մի կողմ: Երեւի Ռուսաստանն էր, ոչ թե Ֆրանսիան, որ 2020 թվականի հունիսին Ադրբեջանին 6 հատ սպուտնիկ վաճառեց, որի բայրաքթարները մեր դեմ աշխատեց, եւ մեր տղաների շրջանում այդքան մեծ քանակությամբ զոհեր եղան: Բայց զարմանալիորեն Ֆրանսիան դիտարկվում է` որպես բարեկամ երկիր: Թե Մակրոնի օրոք որտե՞ղ են տեսել Ֆրանսիայի բարեկամությունը, մի քանի օր է ման եմ գալիս, չեմ գտնում: Կամ նույն ԱՄՆ–ն, որը դեսպանի մակարդակով ասում էր, թե արցախցիները կարող են ապրել Ադրբեջանի կազմում եւ ոչնչացնում էր ողջ բանակցային գործընթացը, որտեղ ինքը համանախագահ երկիր է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ