Լավրովը կոչ է արել ՀՀ ղեկավարությանը հիշել ԱՄՆ-ի վրա իրենց հույսը դրած երկրների աննախանձելի ճակատագիրը
Միջազգային
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ է տվել հիշել ԱՄՆ-ի վրա իրենց հույսը դրած երկրների աննախանձելի ճակատագիրը։
Պատասխանելով հարցին, թե կարող է պատահել, որ Հայաստանը կորցնի Ռուսաստանը, նա նշել է, որ Երևանում մի քանի առաջատար քաղաքական գործիչներ ցանկանում են նման սցենար և նայում են դեպի Արևմուտք։ «Գիտեք, այնտեղ շատ մարդիկ կան, ովքեր ցանկանում են կորցնել Ռուսաստանը և նոր ընկերներ ձեռք բերել», - ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ռուս նախարարը։
Նա ընդգծել է, որ ամեն դեպքում աշխարհաքաղաքական առումով չի կարելի անտեսել Ռուսաստանի Դաշնության շահերն Անդրկովկասում։ «Պատմականորեն, աշխարհագրորեն, աշխարհաքաղաքական առումով անհնար է կորցնել Ռուսաստանը՝ Անդրկովկասում նրա շահերն ամբողջությամբ անտեսելու իմաստով,- ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։- Բայց Երևանում որոշ առաջնորդներ նման հույսեր են կապում, և այդ մասին ուղղակիորեն խոսում են»։
Լավրովը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ նմանատիպ միտք է հնչել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթում։