Պատրաստվում է հորդոր-գրություն ուղղարկել ՆԳՆ՝ հայերենի արագացված եւ խտացված դասընթաց անցկացնելու համար. Կրպեյան
ՆերքաղաքականԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՍՊՐԱՄ ԿՐՊԵՅԱՆԸ գրում է. «Սույն թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնից տեղեկացա, որ որպես վկա պիտի հարցաքննվեմ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում: Ավելի ուշ տեղեկացա, որ ֆեյսբուք սոցիալական հարթակում մի հրապարակման վերաբերյալ է հարցաքննությունը: Ինձ ներկայացրին քննվող գրառման խտանկարը ( screenshotը՝ ստորեւ):
Հաշվի առնելով, որ այս ամբողջ գործընթացը պատվիրակված էր եւ իրականացվում էր ՀՀ-ում իշխանությունն օկուպացրած կոլաբորացիոնիստների հանցախմբի պատվեր-հրահանգով, եւ մասն է իրենց ապօրինի, հակաժողովրդավարական արշավի, գաղափարական ու քաղաքական հակառակորդների, մեր սիրելի հայրենակիցների դեմ, իրացրի իմ իրավունքը ցուցմունք չտալու եւ այս զավեշտալի ապօրինությանը չմասնակցելու: Այսօր արդեն տեղեկացա, որ հանցակազմի բացակայության պատճառով քննիչի քրեական հետապնդում չհարուցելու (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդված 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով) մասին միջնորդությունը բավարարվել է»:
Պատգամավորը, որպես հետգրություն, ընդգծել է, որ պատրաստվում է հորդոր-գրություն ուղարկել ՆԳՆ՝ հայերենի արագացված եւ խտացված դասընթաց անցկացնելու համար. «Հարկատուների հարկերն ուղղեք իրական հանցագործներին ու հանցագործությունները բացահայտելուն, պարոնայք՝ մոնիտորինգ իրականացնող ոստիկաններ»: