Հանրությունը հեռացել է գրքից ՝ հեշտասիրության ու համացանցային աղբի արդյունքում. ԿԱՐԵՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ
Մշակութային«Իրավունքը» զրուցել է ՀԳՄ անդամ, ֆրանսաբնակ բանաստեղծ, թարգմանիչ, գրական եւ հասարակական գործիչ ԿԱՐԵՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ հետ:
— Պարոն Խուրշուդյան, ո՞րն էր Պոլ Էլյուարի «Ցավի մայրաքաղաք» ժողովածուն թարգմանելու գաղափարը:
— 27 տարեկան էի, արագընթաց գնացքով գնում էի Փարիզ, լսելով Ազնավուրի «Մեռնել հանուն սիրո» երգը, իմ ճանապարհորդության մթնշաղին իմացա Գաբրիել Ռուսիեի ողբերգական պատմությունը եւ արձագանքը. Ելիսեյան պալատում նորընտիր նախագահ Ժորժ Պոմպիդուի, ով մեջբերում է մի հատված Պոլ Էլյուարի հասարակական կարծիքը տապալող բանաստեղծությունից, որը գրվել էր 1944 թվականին՝ ի պաշտպանություն սափրված գլուխներով կանանց: Լինելով դիմադրության շարժման խորհրդանշական կերպար եւ գրելով այս բանաստեղծությունը՝ Պոլ Էլյուարը լինելով մտքի մի հոսանքի մաս, հակասում է ընդհանուր հասարակական զգացողությանը: Նվաստացմանը բանաստեղծի հետ միայն Սարտրը եւ որոշ մտավորականներ ընդդիմացան: Ազատագրման ժամանակ մարդիկ տարիներ շարունակ պարզապես ապրել էին դաժանություններ եւ անողոք աչք էին գցում նրանց վրա, որոնք համարվում էին մեղավորներ: Միայն հետահայաց նայելով եւ ժամանակի ընթացքում ընձեռված հանգստությամբ է, որ հասարակությունը այս կանանց նկատմամբ ավելի ներողամիտ կգտնվի՝ կա՛մ կհամարի որպես միամիտ սիրահարներ, կա՛մ պատերազմի պարզ զոհեր: Բանաստեղծն ազատագրմամբ ոգեշնչված անարադարության եւ անզորության ճիրաններում գտնվող կանանց հալածանքներց իր ստեղծագործությունը պետք է ընդգծեր այս նախադասությամբ. «Այն ժամանակ, որպեսզի չպատժեն մեղավորներին, դաժանության արժանացրին աղջիկներին: Սափրեցին մինչեւ իսկ նրանց գլուխները»: Պատմության մի տխուր էջ...
Հայ գրականության ներկապնակում պակասում էին սյուրռեալիստական ստեղծագործությունները, ձեռնմուխ եղա թարգմանել, բառացի հավատարիմ մնալով բնագրին ու բանաստեղծի ներաշխարհին: Իր խոսքում լիցքավորված մաքրությամբ ու հուզիչ միամտությամբ է բանաստեղծը նկարգրում երազային աշխարհը։ Որտեղ սիրո գովեստը նույնպես ամենուր է: Վերջապես, երբ Եվրոպան շղթայված էր, Էլյուարը գրեց.
«Եվ մեկ բառի կարողությամբ
Վերսկսում եմ կյանքս նորից,
Ծնվել եմ, որ քեզ ճանաչեմ
Քեզ անվանեմ Ազատություն»։
Այս բառը ներառում է աշխարհի բոլոր ապրումները, ըստ իս, այն գլխավոր իրողությունը, որ ես սիրում եմ Ֆրանսիան...
— Սյուրռեալիզմից հետո միանգամից անցում եք կատարել դետեկտիվ ժանրին՝ թարգմանելով Բորիս Վիանի «Բոլոր մեռյալների մաշկը նույնն է» գիրքը, ո՞րն է ստեղծագործության հիմնական ասելիքը:
— Բորիս Վիանի եւ նրա ստեղծագործական գործունեության վերաբերյալ ինձ ոգեշնչեց իմ գրչակից ընկեր Անուշ Վարդանյանը: Ասելով, որ Բորիս Վիանի ստեղծագործությունները կհետաքրքրեն մեր հանրությանը: Իսկ ես էլ ընտրեցի XX դարի ամենասկանդալային՝ «Բոլոր մեռածների մաշկը նույնն է» դետեկտիվ վեպը, որը գրվել է 1946 թվականին Բորիս Վիանի կողմից՝ Վերնոն Սյուլիվան կեղծանունով: Վեպին հետեւում է «Շներ, կիրք եւ մահ» (նովել) վիպակը, որը ձեզ ծարավ է թողնում, Բորիս Վիանի գրչի համաձայն, եւ այնպես վարվում մի ողորմելի պատմվածքի հետ, որտեղ պատմողը մահապատժի հարվածի տակ կրում է իր չգործած հանցագործության ծանրությունը: Իր անմեղությունը հայտարարելու համար միակ վկան այն մեղավորն է, ով հենց նոր մահացավ՝ չհասցնելով որեւէ տեղեկություն հաղորդել, որը պետք է հանգեցնի գործի որոշ գորշ հատվածների պարզաբանմանը...Վերջաբանում հեղինակը անդրադառնում է` «Կգամ, կթքեմ ձեր գերեզմաներին» վեպի քննադատներին։ Իսկ միտքն ուղերձն է հանրությանն ապրել հարիր իր ներաշխարհին, ծագմանն ու ինքնությանը, ինչպես նաեւ՝ դիսկրիմինիացիա ախտի ազդեցությունն ու հետեւանքները հասարակական կյանքում, քանզի հերոսը՝ Դենը, ում համար իր ծագման գաղտնիքը դամոկլյան սրի պես կախված է գլխին, եւ ողջ գոյությունը հենվում է այս գաղտնիքի վրա։ Նրա եղբոր՝ Ռիչարդի խռովությունը, որը սպառնում է բացահայտել ամեն ինչ, միեւնույն ժամանակ նաեւ նրա հանկարծակի գայթակղումը սեւ մարմնավաճառների կողմից, գլխիվայր շուռ է տալիս նրա՝ խառնածնի կյանքը։ Նա տեսնում է, որ իր կյանքը փոխվում է: Նա, ով առանց խղճի խայթի, այդքան շատ էր ուզում սպիտակամորթ լինել, մի՞թե հոգու խորքում ընդամենը մի «նեգր» էր…
— Առհասարակ, այսօր Հայաստանում ու Ֆրանսիայում թարգմանական գրականությունն ի՞նչ խնդիրների առջեւ է կանգնում:
— Ամենադժվարն է ներթափանցել ֆրանսիացու, իսկ Էլյուարի դեպքում անգամ դադաիստական, հետո սյուրռեալիստական զարմանահրաշ աշխարհը եւ հայերեն թարգմանել առաջին ընդարձակ փորձով։ Համառոտ եւ հստակ գրելու համար բառերի զգույշ ընտրությունը հիմնարար է նույնիսկ արձակ գրողների համար, բայց բանաստեղծներից շատ ավելին է պահանջվում՝ հաշվի առնելով բառի հուզական հատկությունները, երաժշտական արժեքը, նույնիսկ շնչառության ռիթմը: Էլյուարի մոտ հանգերը բացակա են, բայց կա ուղեկցող երաժշտություն, չմոռանամ ասել, որ բացակայում են նաեւ կետադրական նշանները, որն էլ իր հերթին ինձ ստիպեցին երազել իմաստի վարկածներ ստեղծելու մասին։ Թարգմանեցի` համեմատելով ռուսերեն, անգլերեն տարբերակների հետ, իսկ որ ամենակարեւորն էր, հենվեցի ամեն ստեղծագործության համար արդեն իսկ գոյություն ունեցող փիլիսոփայական ու գիտական վերլուծական էսսեների վրա:
— Ապրում եք Ֆրանսիայում, գրքի նկատմամբ ֆրանսիացի եւ հայաստանցի երիտասարդների վերաբերմունքն ինչպիսի՞ն է:
— Ազգային հիասթափությունը թոթափելու ճանապարհներից մեկն էլ գրականությունն է: Կան անձինք, ովքեր ասում են, որ ոչ թե ընթերցողն է հեռացել գրականությունից, այլ գրականությունը՝ ընթերցողից, որի հետ ես համամիտ չեմ, քանզի նույն Հյուգոն մնացել է նույնը, Սեւակն ու Սարոյանը նույնպես… Համաշխարհային հանրությունն է հեռացել գրքից՝ հեշտասիրության ու համացանցային աղբի արդյունքում, բայց հուրախություն բոլոր գրչակից ընկերներիս՝ մի ստվար զանգված սիրում է գիրքն ու ընթերցում անհագուրդ…Սովորությանս համաձայն` միշտ գնահատականը տալիս եմ կիսով լի բաժակին, սակայն երբեք կիսադատարկ հատվածին:
— Ֆրանսիայի հայկական համայնքի մշակութային կյանքի մասին ի՞նչ կասեք:
— Ամեն ինչ լավ է, գործում է կայուն, հանդարտ, իսկ որտեղ հայ կա, կա նաեւ « վայը »… Իսկ ի սրտե Ձեր այդ հարցին կպատասխանեմ 78-ամյա մի հայ ծերունու՝ Գուրգեն Յանիկյանի խոսքերով, որի ձեռքում եղած զենքը ճարճատեց Ամերիկայի հյուրանոցներից մեկի մի սենյակում՝ 1973 թվականի հունվարի 27-ին գետնին տապալելով Ամերիկայում Թուրքիայի դեսպանին ու նրա օգնականին` ի վրիժառություն 1,5 միլիոն հայերի ցեղասպանության...
Ամերիկան մի հսկա ձուլարան է, որն իր օրենքներով ու գայթակղություններով ստիպում է բոլորին կամաց-կամաց մոռանալ իրենց ինքնությունը, խառնվել մյուս ազգերին ու ընդհանուր հոսանքի հետ գնալ դրամի հետեւից, որովհետեւ ամերիկյան կեցության անգիր օրենքով կանաչ դոլարի վրա է գրված քո անունը, պատիվը, հարգանքը, ընտանիքիդ ապահովությունը: Տարիների ընթացքում կամաց-կամաց անհետանում են ազգային ավանդույթները, եւ երկու-երեք սերունդ հետո կտեսնեք ծագումով հայ ամերիկացուն, ծագումով հայ ֆրանսիացուն, եւ այդպես բոլոր երկրներում, որտեղ կոտորածից ազատված հայը բույն է հաստատել: Պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ: Ո՛չ եկեղեցին, ո՛չ դպրոցները, ե՛ւ ոչ էլ մեր ինքնակոչ կուսակցություններն` իրենց մամուլով ու անվերջ խոստում-երդումներով` իբրեւ միակ իրավասուները մեր ազգային պահանջի, չեն կարող դիմակայել ձուլմանն ու ուծացմանը: Ճիշտ է, դեռ մի երկու սերունդ կլսենք հայկական ռազմի երգերը, եւ դեռ կլինեն հայրենիքի կարոտից ախ քաշողներ, բայց ձուլարանի սուր դանակները պիտի շարունակեն կտրելու, մանրացնելու ու իրար խառնելու գործը` բոլորից «կերտելով» ամերիկացուն եւ եվրոպացուն: Այնպես, ինչպես մսաղացն է աղում-մանրացնում զանազան տեսակի մսեր` դուրս տալով համբուրգերի համար անհրաժեշտ խառնուրդը: Բոլոր այլ ազգերի զավակներն էլ նույն բախտին են արժանանալու, բացառություն չկա: Սփյուռքում ապրող հայերին հայ պահելու միակ միջոցը` նրանց հայրենիք տանելն է:Բոլոր պետություններն էլ օգնում եւ աջակցում ու փորձում են պահպանել հայի ինքնությունը, սակայն ուծացման ուժն անհաղթահարելի է…
— Անցյալ տարի լույս տեսավ Ձեր «Աշխարհն իմ շուրթերին» գիրքը: Մի քանի նախադասությամբ, որպես մեր հարցազրույցի ավարտ, կասե՞ք, թե ինչպիսին է աշխարհը Ձեր աչքերում, եւ իրականության մեջ ի՞նչը կուզենայիք, որ փոխվեր:
— Աշխարհը վերածվել է հորինածին խաղաղության սակարանի, մինչդեռ բորոր մտավորականները, Վոլտերից մինչեւ մեր օրերը, քարոզում են հանդուրժողականություն: Ապագայի համար միայն մեկ ցանկություն ունեմ: Կցանկանայի, որ մեր հայրենակիցներն ու գալիք մեր սերունդներն ապրեին խաղաղ ու ապահով կյանքով, տնտեսապես զարգացած ու քաղաքականապես կայուն Հայաստանում: Խաղաղությունն է եղել ու մնում մարդու գոյության կարեւորագույն նախապայմանը, որը ո՛չ ապացուցման կարիք ունեցող թեորեմ է, ո՛չ էլ ապացուցման կարիք չունեցող աքսիոմա: Առողջ բանականությունից ելնելով, պիտի ուզենանք պայքարել ու հասնել խաղաղության՝ անկախ ազգությունից, կրոնից, սեռից, մաշկի գույնից, սոցիալական վիճակից, աշխարհագրական դիրքից: Սա այն է, ինչ բոլորս մաղթում ենք միմյանց, որն էլ հանդիսանում է հորդոր եւ ուղերձ՝ «Աշխարհն իմ շուրթերին» բազմալեզու գրքում:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ