Սակայն մեր օրերի Պապ թագավորը «չինական» է
ՆերքաղաքականՆիկոլ Փաշինյանը երեկ պատասխանում էր քաղաքացիների հարցերին: Շուրջ 8:30 ժամ տեւած հարցազրույցը կարելի է մեկ բառով գնահատել՝ անբովանդակ: Արդյոք նման բարձր պաշտոն զբաղեցնող մարդը պետք է նման ծավալի կարծիք արտահայտի, թե` ոչ, սա մեծ հարց է։ Հատկապես խնդրահարույց է այն հանգամանքը, որ վերջինս դա անում է աշխարհաքաղաքական փխրուն իրավիճակում եւ պատերազմական իրադրության ժամանակ:
Իսկապես անհնար է նստել ու լսել մի մարդու, ով խորը մտահոգիչ հարցերին տալիս է մակերեսային պատասխաններ։ Իհարկե, անկիրթ մարդկանց համար նման տեղեկատվությունը կարող է ականջահաճո լինել, սակայն գիտակները, ովքեր հասկանում են, որ թագավորը միջակից ցածր իմացական կարողություններ ունեցող մեկն է, ով պնդում է, թե պատմությունից դասեր չեն քաղում, բայց հարց պետք է տալ, իսկ Փաշինյանը կամ իր թիմի յուրաքանչյուր ներկայացուցիչ գոնե միջին մակարդակով տեղյակ են Հայոց պատմությունից, թե` ոչ: Օրինակ, Ալեն Սիմոնյանը հանրային կերպով հայտարարել է, որ ինքը Հայոց պատմությանը տեղյակ չէ, իսկ ՔՊ-ի նոր չափորոշիչներով 7-րդ դասարանի գրքի հեղինակը պնդում է, որ Վասակ Սյունին դավաճան չէ: Նույնիսկ վախենալու է լսել, օրինակ, ինչ կարող է ասել Հովիկ Աղազարյանը Խաչատուր Աբովյանի մասին, հավանաբար կասի, թե նա չի կորել, նախկիններն են կեղծել:
Իսկ Հայոց պատմության մասով ամենաշատը զարմացնում է Փաշինյանի գիտելիքները. մի մարդ, որ դժգոհում էր, թե չափահասների մի ստվար զանգված անգրագետ են, երեկ իր հարցազրույցը ամոփեց՝ իրեն Պապ թագավորի հետ համեմատելով: Այսինքն` Փաշինյանն ասում էր, եթե ապագա պատմաբանները «նիկոլական» լինեն, ապա իրեն կներկակացնեն, իբրեւ հայրենասեր ու պետություն շենացնող անձի, իսկ քանի որ Պապի օրոք թագավորական պատմաբաներ չեն եղել, խեղճին ինչ ասես ասել են:
Փաշինյանը մոռանում է, որ այն ժամանակ ֆեյսբուքյան բլոգերները չեն գրել պատմությունը, այլ պալատական կերպարներ, որոնք փաստերը արձանագրել են այնպես, ինչպես որ է, հիմա հարյուր տարի հետո պատմությունը պետք է ասի, որ Փաշինյանի օրոք Արցախը հանձվեց թշնամուն, որ Փաշինյանը իբրեւ պարտված թագավոր դարձել էր Ադրբեջանի նախագահի ծաղրանքի առարկան, որ Ադրբեջանի թագավորը նույնիսկ ասում է, թե կնոջ խնդրանքը լսելով` էլ չի ծաղրի Հայաստանի թագավորին:
Փաշինյանը ճիշտ է անում, որ իրեն համեմատում է Պապ թագավորի հետ, այլապես պատմության մեջ իր արժանիքներին հավասար կերպար էլ չի գտնվի, պարզապես ներկա «Պապ թագավորը» որակապես ավելի վատն է, ինչպես կասեր ժողովուրդը` չինական է, որովհետեւ պատմության մեջ չի գտնվի մեկը ով կհանձնի իր հայրենիքը, պատճառ կդառնա մի ամբողջ սերնդի կոտորածի, հայրենազրկման պատճառ կդառնա, կվտանգի պետականությունը ու դեռ հույս կհայտնի, որ իրեն պատմության մեջ կհիշատակեն` որպես բացառապես դրական մեկը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ