Հանդիպում՝ Նժդեհի թանգարանում
ՄշակութայինԳարեգին Նժդեհի թանգարան, որը գտնվում է Շենգավիթ մետրոյի կայարանի մոտակայքում՝ հենց Գարեգին Նժդեհի անունը կրող դպրոցի տարածքում, այսօր այցի եկան թիվ 181 հիմնական դպրոցի սաներ՝ 7-9 դասարանցիներ եւ ուսուցիչներ:
«Թանգարանը ստեղծվել է տիկին Գայանե Ներսիսյանի ջանքերով, ում հանրությունը հիմնականում ճանաչում է որպես երգչուհի եւ ՀՀ վաստակավոր արտիստ: Տիկին Գայանեն մեծ սիրով արձագանքում է բոլոր խմբերի ցանկությանն այցելել թանգարան եւ մանրամասն էքսկուրսիա է անցկացնում այցելուների համար: Պետք է նշել, որ այցելուները նույնպես շատ պատրաստված են գալիս թանգարան՝ հարց ու պատասխանի ընթացքում բացահայտելով իրենց իմացությունը թե՛ Գարեգին Նժդեհի կենսագրության, թե՛ նրա ռազմական գործունեության մասին: Այսօր նույնպես դպրոցականները ե՛ւ ասմունքեցին, ե՛ւ երգեցին: Անշուշտ, երեխաների պատրաստվածության այդ մակարդակի թիկունքում կանգնած են նրանց ուսուցիչներն ու ծնողները... Հանդիպումը տեւեց երկու ժամից ավել՝ երկու անգամ հնչեց դպրոցի զանգը, սակայն երեխաները մեծ ուշադրությամբ շարունակում էին լսել տիկին Գայանե Ներսիսյանին ու մեծ ոգեւորությամբ պատասխանում նրա հարցերին...», - պատմում է գրող, հրապարակախոս ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ով եւս ներկա է եղել հանդիպմանը:
«Հրաժեշտից առաջ 181 դպորցի պատմության ուսուցչուհի Խաչատրյան Սոֆիան բոլորի անունից շնորհակալական խոսք գրեց թանգարանի հուշամատյանում:
Երբ երեխաները հեռանում էին դեպի ավտոբուս, որով եկել էին թանգարան, ականջիս հասավ նրանց զրնգուն ծիծաղը... Տեր իմ, Աստված, պարգեւիր բոլոր ձագուկներին կենսուրախ խինդ ու ծիծաղ, եւ թող ավտոբուսները ոչ թե տեղահանեն երեխաներին իրենց բնիկ օջախներից ու դպրոցներից, այլ այսօրվա պես սպասարկեն նրանց՝ հասցնելով նրանց դեպի պատմամշակութային օջախներ ու Հայաստանով մեկ սփռված եկեղեցիներ ու վանքեր... Եվ թող այսօրվա պես ականջիս հասնի հայ երեխայի լիաթոք ծիծաղը, այլ ոչ թե տեղահանվող երեխայի լացը...», - ընդգծում է Ա. Հակոբյանը: