Անիծված է այն երկիրը, որտեղ կտրում են ծաղրածուի լեզուն. ՎԱՀԱԳՆ ՍԻՄՈՆՅԱՆ
Մշակութային«Իրավունքը» զրուցել է դերասան ՎԱՀԱԳՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ (ՊՈՆՉՈՅԻ) հետ, ով արդեն մի քանի տարի է` մի ձորից մյուս ձորի ափին է ապրում: Նա այսօր ունի բոլորիս օգնության կարիքը:
— Պարոն Սիմոնյան, ներկա պահին որտե՞ղ եք բնակվում:
— Ապրում եմ Ապարանի Աստվածընկալի ձորում` գետի ափին:
— Ապարանում ցուրտ է, ինչպե՞ս եք այդ ցրտին դիմանում:
— Ապարանում ցուրտ է, բայց ժողովուրդը հրաշք է: Իրենց մեջ այնքան ջերմություն կա, որ այդ ցուրտը չեմ զգում:
— Ինչպե՞ս են անցնում Ձեր օրերը:
— Ձուկ եմ բռնում, Աստծուն աղոթում եմ, որ ամեն օր իմ ճանապարհին լավ մարդ պատահի:
— Բեմի հետ կապված` ծրագրեր ունե՞ք:
— Բեմը ես չեմ թողել: Իմ մեջ բեմն ապրում է: Մի այսպիսի ռուսական խոսք կա` артист бывшим не бывает... Դա լուրջ հարց է ինձ համար, որովհետեւ իմ կյանքում բեմը միշտ եղել է սրբություն: Ես երբեք ինձ թույլ չեմ տվել փողոցի կոշիկներով բարձրանալ բեմ: Երբ առաջարկ կլինի, նորից կմտնեմ նկարահանման հրապարակ:
— Դժվար է, երբ խլում են տունդ, բայց նաեւ պետք է նայել առաջ: Չէ՞ որ դուք էլի կարող եք բեմ վերադառնալ եւ Ձեր աշխատանքով ապրել, համենայնդեպս, ոչ ձորի ափին:
— Ինձնից խլել են ամեն ինչ, թող վերադարձնեն, նորից մտնեմ բեմ: Եվ հետո` ի՞նչ է նշանակում նորից վերադառնամ: Զրոյի՞ց ամեն ինչ սկսեմ:
— Այո, միգուցե փորձե՞ք ամեն ինչ զրոյից սկսել…
— Այսինքն` գողությունն ու սպանությունը լա՞վ բան է:
— Լավ բան չէ, բայց Դուք եք տանջվում՝ ձորի ափին ապրելով: Արդեն քանի տարի է այդ հարցն անլուծելի է:
— Գիտեք սա ինչի է նման: Նավը, որ գնում է օվկիանոսով, եւ ջրի մեջ ընկած մարդ է լինում, տագնապ է հնչեցնում` человек за бортом, որ փրկեն, բարձրացնեն նավ: Չորս տարի է ինձ հաց են շպրտում, շոր են տալիս, որ չմրսեմ, խոսում են ինձ հետ, բայց ոչ մեկի մտքով չի անցնում` ինձ բարձրացնեն նավ: Դա է այսօրվա գերխնդիրը: Չէ՞ որ ես ձեր նավից եմ ընկել ջուրը:
— Արվեստի, շոու-բիզնեսի բնագավառի Ձեր ընկերներն այցելում կամ զանգո՞ւմ են Ձեզ:
— Ով եկել է, ես գիտեմ, իսկ ով չի եկել, ինքը գիտի:
— Ասում էիք, որ Ձեզ գումար են պարտք, վերադարձրի՞ն:
— Ոչ, չեն վերադարձրել: Նրանք, ովքեր ինձ «քցել», թալանել են, զանգերիս չեն պատասխանում, ինձ սեւ ցուցակ են գցել, դրանք մարուսյաջայլամովնաներն են: Ջայլամի նման գլուխը հողի մեջ են մտցրել, իսկ հետույքը տնկել արեւին: Չեն հասկանում, որ չի կարելի, մարդ պետք է տղամարդ լինի: Ես իմ հալալ քրտինքն եմ ուզում, որ ինձնից գողացել են: Ինչքա՞ն են փախնելու ու այդպես փախած ապրելու: Լուսահոգի հայրս ասում էր. «Գող կատվի փախուստը մինչեւ մարագի դուռն է»:
— Եթե համեմատենք հումորի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը 20 տարի առաջ եւ հիմա, ի՞նչ է փոխվել:
— Առաջ Հայաստանում շատ ուժեղ մեկնաբանվում էր հումորային ծրագրերը: Հենց դա դադարեց, լացուկոծն ու ողբն առաջ եկան: Արվեստը հզոր ուժ ունի: Երբ ժողովուրդն ուրախ է լինում, այդ աուրան պատում է ողջ երկրում: Եթե առաջվա պես վերաբերվեն հումորին, մարդկանց հույսը կշատանա, կսկսեն ուրախ ապրել: Գոյություն ունի երկրագնդի ձգողական ուժը: Առավոտյան երբ արթնանում ես, ինչ տրամադրություն ունենում ես, այդպես էլ անցնում է օրդ: Դա հենց այդ ձգողականությունն է, որի հետ մարդիկ հաշվի չեն նստում: Սա շատ կարեւոր է: Երբ նոր սկսել էի «Պահմտոցի» ծրագիրը, երեք տարի շարունակ հենց այդ հաղորդումը սկսվում էր, փողոցում մարդ չկար: Բոլորը գամված հեռուստացույցի առջեւ դիտում էին այդ ծրագիրը: Հեռուստադիտողները կհիշեն, թե ինչ ուրախ էր անցնում: Քիչ ուտելիքի, քիչ հագուստի մեջ մարդիկ ուրախ, պայծառ էին: Սեր կար նրանց մեջ: Ես մոտենում էի, մարդկանց հետ կատակում էի, նկարում էինք թաքուն, նրանք վերջում ուրախանում էին, որ իմանում էին թաքնված տեսախցիկն է: Հիմա մեկի հետ մի թեթեւ կատակ ես անում, նրան թվում է, որ իրեն «մայր քրֆեցիր»: Չարություն է մտել մեջները, եւ երկրագունդը ձգում է դա: Լացը` լաց է բերում, ողբը` ողբ է բերում, ծիծաղը` ծիծաղ է բերում: Մենք, որպես արվեստի գործիչներ, պարտավոր ենք ուրախացնել, բայց խանգարողներն են շատ: Ամեն ինչ անում են, որ չուրախացնենք:
— Իսկ այս իրավիճակից ելք կա՞:
— Տվեք ինձ հենարան, երկրագունդը շուռ կտամ, բայց այդ հնարավորությունը չեն տալիս: Հինգ ընդհանուր տետր սցենար ունեմ գրած: Ճամպրուկում փտի ու այդպես գնա, կորչի՞: Բա դա չռեալիզացնե՞նք, մեր ժողովուրդը մի քիչ ուրախանա, այս վիճակից դուրս գա: Անիծված է այն երկիրը, որտեղ կտրում են ծաղրածուի լեզուն: Այդ երկիրն ընկնում է ճահիճն ու դուրս չի գալու: Միակ բանը, որ մեզ այդ ճահճից կհանի, հումորն է: Սովետական Միության ժամանակ հիշո՞ւմ եք` ինչքան ուրախ ֆիլմեր էին նկարահանում՝ «Միմնո», «Աֆոնյա», «Հաջողության ջենտլմենները»: Ժողովուրդն ուրախ ու խաղաղ ապրում էր: Ոչ մեկի մտքով չէր անցնում որեւիցե մի երկրի հետ պատերազմի: Բանակ էինք գնում դհոլ-զուռնայով, վերադառնում էինք՝ դհոլ-զուռնայով: Իմ ծնունդից վեց ամիս էր անցել, ինձ զինկոմիսարիատից չէին կանչել բանակ տանելու, ես եմ գնացել ու ասել՝ «Ինձ մոռացե՞լ եք, չե՞ք տանում բանակ»: Այսպիսի նրբություններ կան, որոնք շատ կարեւոր են: Մի խոսք կա` մանրուքը ոչինչ է, բայց որոշում է ամեն ինչ մեր կյանքում:
— Դուք Ձեզ այս պահին ինչպե՞ս եք զգում:
— Орлы летают в одиночку, шакалы пасутся стаями, որը հայերեն այսպես է թարգմանվում` արծիվները թռչում են միայնակ, շնագայլերը արածում են ոհմակով...
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ