«Պույ-պույ մկնիկը» թե՛ պատերազմի, թե՛ խաղաղության ժամանակ ընկերության մասին է. առաջնախաղ` «Թատրոն Կայարանում»
Մշակութային«Թատրոն Կայարան»-ում տեղի ունեցավ «Պույ-Պույ մկնիկը» մանկական հեքիաթ-մյուզիքլի առաջնախաղը: Այս առիթով «Իրավունք»-ը զրուցել է ներկայացման բեմադրիչ, ռեժիսոր ՌԻՄԱ ՀՈՎԵՅԱՆԻ հետ:
— «Պույ-Պույ մկնիկը» բեմադրելու գաղափարն ո՞ւմն էր:
— Ներկայացման առաջարկը եղել է «Թատրոն Կայարանի» կողմից, որը համընկել է իմ կարծիքի հետ, որ արժե անդրադառնալ այս գործին: «Պույ-Պույ մկնիկը» շատ գունավոր ու սիրուն հեքիաթ է, որի պակասն այսօր բեմում կար: Հիմա շատ քիչ են անդրադառնում այս գործին:
— Ներկայացման մեջ նոր մոտեցումներ կա՞ն:
— «Պույ-Պույ մկնիկը» ասելով` հանդիսատեսը միանգամից պատկերացնում է մեզ ծանոթ տիպիկ հեքիաթը եւ նաեւ մուլտֆիլմը, որով շատ տպավորված են: Այսինքն` հենց «Պույ-Պույ մկնիկը» միանգամից ասոցավում է մուլտֆիլմի հետ: Իսկ սա նոր մոտեցում է, նոր հերոսներ կան, նոր կերպարներ եւ նոր ասելիքներ: Սա լրիվ ուրիշ հեքիաթ է, իհարկե, հիմնվելով մեզ ծանոթ սյուժեի վրա:
— Երաժշտական մասում էլ կա՞ն փոփոխություններ:
— Մյուզիքլ է, եւ երաժշտությունները, երգերը շատ են այստեղ: Ծանոթ մելոդիաներ այստեղ, ինչ խոսք, կլսենք: Երաժշտությունների հեղինակը շատ տաղանդավոր կոմպոզիտոր Սերգեյ Հովհաննիսյանն է, իսկ բառերի հեղինակը ես եմ: Մի փոքր ծանոթ բաներ, ամեն դեպքում, կտեսնի հանդիսատեսը: Նոր երգեր ունենք, որոնք շատ են:
— «Թատրոն Կայարան» շա՞տ են հաճախում:
— Այո, «Թատրոն Կայարանը» հանդիսատեսի շատ մեծ բանակ ունի: Ներկայացումներն անցնում են լեփ լեցուն դահլիճում: Հուսով եմ, որ հանդիսատեսն այս ներկայացումն էլ կհավանի, ինչպես բոլոր մանկական ներկայացումները, եւ հուսախաբ չեմ անի հենց այդ բանակին, ովքեր սովոր են գալ այստեղ եւ նայել սիրուն, լուսավոր ներկայացումներ:
— Թատրոնի ամանորյա ծրագրում լինելո՞ւ է «Պույ-Պույ մկնիկը»:
— Ամանորյա շատ գունավոր ներկայացումներ կլինեն, բայց «Պույ-Պույ մկնիկը» ամբողջ տարվա համար է:
— Այս հեքիաթի Ձեր իսկ փոփոխած տարբերակի հիմնական ասելիքը ո՞րն է:
— Ներկայացման մեջ շատ հետաքրքիր մտքեր են առաջ քաշվում թե՛ պատերազմի , թե՛ խաղաղության մասին եւ թե՛ պատերազմի, թե՛ խաղաղության ժամանակ ընկերության մասին: Կարծում եմ` սա հիմնական հարցն է, որ ուղիղ կարմիր գծով այսպես գնում է` ընկերությունը` խաղաղության եւ պատերազմի ժամանակ:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ