Մարին Լը Պենը կկանգնի դատարանի առաջ՝ կեղծ աշխատատեղերի գործով
ՄիջազգայինՖրանսիայի «Ազգային միություն» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը և կուսակցության ևս 26 անդամ կկանգնեն դատարանի առջև՝ Լը Պենի կուսակցության եվրոպացի պատգամավորների օգնականների համար ենթադրյալ կեղծ աշխատատեղեր ստեղծելու գործով։ Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Փարիզի դատախազությունը։
«Մենք պաշտոնապես մերժում ենք մեր Եվրախորհրդարանի պատգամավորներին և պատգամավորների օգնականներին առաջադրված մեղադրանքները», - ասել են կուսակցությունից՝ մատնանշելով, որ լսումները թույլ կտան ներկայացնել իրենց ապացույցներն ու փաստարկները։
Հետաքննությանը ներգրավված է 27 մարդ, այդ թվում՝ Մարին Լը Պենը և նրա հայրը՝ վերանվանված «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր Ժան Մարի Լը Պենը։ Դատախազությունը պահանջում է, որ հիմնական մեղադրյալները դատվեն Փարիզի ուղղիչ դատարանում՝ 2004-2016 թվականներին Եվրամիության պետական միջոցների չարաշահման մեղադրանքով: