Վուչիչն Ադրբեջանն անվանել է «Սերբիայի իսկական բարեկամը», իսկ Ալիևին՝ «ամենաժողովրդավար տղան»
Միջազգային«Սերբիա-Բուլղարիա» գազային փոխկապակցիչը, որով մատակարարվելու է ադրբեջանական գազը, շատ կարևոր է Սերբիայի համար։ Այն հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել գազի մատակարարումները և ձեռք բերել դրա արտադրության այլընտրանքային աղբյուրներ։
Այս մասին Սերբիայի Նիս քաղաքում «Սերբիա-Բուլղարիա» գազային փոխկապակցիչի գործարկման արարողությունից հետո լրագրողներին ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, հայտնում է interfax.az-ը։
Նրա խոսքով՝ այն թույլ կտա Սերբիային հեղուկ գազ ստանալ վեցից յոթ աղբյուրից:
«Դրանք ներառում են Ալեքսանդրապոլիսի տերմինալը։ Այս ամենն ավելի կամրապնդի Սերբիայի էներգետիկ անվտանգությունը։ Ադրբեջանը շարունակում է մնալ Սերբիայի իսկական բարեկամը: Մենք կշարունակենք աշխատել Ադրբեջանի հետ», - ասել է Սերբիայի նախագահը։
Ընդ որում, Վուչիչն Ալիևին ներկայացրել է որպես «ամենաժողովրդավար տղան»: