Որ դեպքում եւ ինչ պայմաններում արցախահայերը կվերադառնան իրենց հայրենի օջախներ. Օրակարգային հարցերին պատասխանում է ԱՀ ԱԺ պատգամավորը
ՆերքաղաքականԻնչ՞ով են զբաղված ԱՀ ԱԺ պատգամավորները ՀՀ-ում, որքանո՞վ են հաղորդ իրենց ընտրած տնավեր դարձած 120 հազար հայրենակիցների խնդրին։ Առհասարակ, այս իրավիճակում ,որքանո՞վ է ճիշտ ներկայանալ, որպես ԱՀ ԱԺ պատգամավոր, սակայն չկատարել այն գործառույթները, որոնք պետք է իրականացվեն որպես ԱԺ պատագամավոր այս եւ այլ օրակարգային հարցերի շուրջ զրուցել ենք ԱՀ ԱԺ անկախ պատգամավոր, այն եզակիներից, ով որպես առաջին հերթին տնավեր դարձած անձ մշտական կապի մեջ է իր բախտակիցների հետ, Կարեն Հովհաննիսյանի հետ.
-Թե ԱՀ ԱԺ պատգամավորներից ով ինչով է զբաղված և ինչպես է հաղորդակցվում ընտրողների հետ, չեմ կարող ասել, քանի որ գերակշիռ մեծամասնությունից տեղյակ չեմ, հիմնականում կապ ունեմ մեկ երկու պատգամավորի հետ։ Քանի որ ՀՀ ում արցախցի պատգամավորները ռեալ ազդեցություն և քաղաքական կշիռ չունեն հասարակական հարաբերություններում, ուստի Արցախի ԱԺ ի դերակատարությունը ուղղված է միջազգային հարթակներում արցախահայության իրավունքների առաջ մղմանբ։ Ես կարող եմ իմ տեղը միայն խոսել կապված ընտրողների հետ ունեցած կապի մասին։ Եթե մեկ օր հատկացնեք ինձ և լինեք իմ կողքին, ապա կտեսնեք իմ ստացած զանգերի քանակը ու առաջ քաշած հարցերը, որոնց 99.9 տոկոսը սոցիալական բնույթի են։
-Ապրիլից պետական աջակցությունները կդադարդցվեն, ինչպե՞ս են պատկերացնում արցախահայերը իրենց ապագան, ի՞նչ պայմաններում են ապրում այսօր արցախահայերը մայր հայրենիքում։
-Արցախահայությունը հաստատապես ապրում է երրորդ մեծ ողբերգությունը, այն է սոցիալական գերծանր վիճակը, հոգեբանական, էմոցիոնալ բարդ վիճակը, կարոտի ցավը ու դատարկ դրամապանակները օր օրի հոգեբանորեն կոտրում են մարդկանց , անելանելիության զգացողությունը բոլորի մոտ է որը իմ համոզմամբ բերելու է սոցիալական պայթյունի՝ դրանից բխող հնարավոր վատ հետևանքներով։
- ԱՀ ԱԺ Ձեր գործընկեր Մարսել Պետրոսյանը անդրադառնալով արցախահայերի ներկա իրավիճակին գրառում է կատարել.«Նույնիսկ մուրացկանի կարգավիճակ ստանալն անգամ լուրջ խնդիր է դարձել Արցախից տեղահանվածների համար»։ Կիսո՞ւմ եք այդ տեսակետը։
-Այն, որ Երևան քաղաքում և մայրաքաղաքին մոտ գտնվող համայնքներում անձնագրային և միգրացիոն ծառայություններում հերթերը մեծ են և հոգնեցնող դա փաստ է, ինչ չի կարելի ասել մայրաքաղաքից հեռու գտնվող ծառայությունների մասին։ Դա կփաստեն Շիրակում, Տավուշում, Լոռիում և այլ մարզերում ապաստան գտած մեր արցախահայերը:
-Պարոն Հովհաննիսյան, որտե՞ղ են արցախյան պաշտոնյաննները այսօր, ովքեր շարքային քաղաքացիներից շուտ հասան Հայաստան: Այս հարցը տալիս է ամեն երկրորդ արցախցին այսօր, Դուք, որպես պատգամավոր կարող եք տալ այս հարցի պատասխանը։
-Ինչպես նշեցի իմ նախորդ խոսքում, ես կարող եմ խոսել իմ փոխարեն, թե ես որտեղ եմ և ինչ եմ անում ու ինչքանով եմ հասանելի մեր ընտրողների համար։ Բայց վստահ եմ, որ Երևանում գտնվող Արցախի ներկայացուցչությունում յուրաքանչյուր քաղաքացի կարող է լսելի լինել Արցախի պետական այրերի կողմից, այլ խնդիր է թե առհասարակ այդ պաշտոնյաները լսելի են ՀՀ իշխանությունների կողմից, թե ոչ։
-Ձեր գործընկերից ոմանք հրապարակային հայտարարություններ են անում, Արցախ վերադարձի շուրջ քննարկումներ են իրականացվում, տեղյա՞կ եք, թե ում հետ ու ինչ քննարկումներ են եւ առհասարակ, որ դեպքում ինքներդ կվերադառնաք։
-Այ՛ո, իմ գործընկերներից շատերը ունեն սեփական պատկերացումներ հետ վերադարձի մասով, բայց ես ռեալիստ եմ և չեմ կիսում իրենց առաջ քաշած պատկերացումները ու քայլերի հաջորդականությունը։ Ըստ իս հետ վերադարձի ճանապարհի տեսլականը դեռևս խիստ մշուշոտ է ու մի բան իմ համար աներկբա է, զենքով կորցրածը զենքով են հետ բերում։ Հիմա Հայաստանը իր սեփական անվտանգությունը պահելու լրջագույն խնդիր ունի, ուր մնաց ռեվանշի գնա։ Հետևաբար անհրաժեշտ է կառուցել ուժեղ պետություն, հզոր պետություն, իսկ դա երկար տարիների ծանր աշխատանք է ենթադրում, հատկապես այն պարագայում, որ խանգարող ուժերի պակաս չկա, իսկ ներկա իշխանություններն էլ չեն կարող համարվել հանճարեղ ստրատեգների թիմ։
-Պարոն Հովհաննիսյան, փոխվարչապետը հայտարարեց, որ հավանական է՝ Արցախից տեղահանված ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով բազային աջակցությունը լինի 3 միլիոն դրամ։ Ինչը, արցախցիների կողմից կրկին «սրերով» է ընդունվել, որ դա բավարար չէ ստեղծված իրավիճակում։ Խնդրում ենք Ձեր դիրքորոշումը։
-Առաջարկվող ծրագիրը լուրջ բացթողումներ ունի, այն է այդ ծրագրի գործարկման ընթացքում հարյուրավոր ընտանիքներ կիսվելու են, ազգակցականները հեռանալու են իրարից ու որոշ ժամանակ անց մաշվելու է արցախյան ավանդույթներով դաստիարակված ժողովրդի յուրահատուկ նիստ ու կացը։