Այսպես որ գնա` «պոստ» են դնելու Ալենի ԱԺ-ի դիմաց
ՎերլուծությունԱզգային ժողովի նիստերը երեկվանից մեկնարկեց` կրկին չարտահայտելով այս օրերին հանրությանը հուզող օրակարգային հարցեր: Այս մասին բարձրաձայնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խորհրդարանում` հիշեցնելով, որ ընդամենը շաբաթներ առաջ մերժվել է սահմանազատման եւ սահմանագծման հարցով ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած նախագիծը: Անդրադառնալով ՔՊ-ականների դիրքորոշումներին սահմանազատման-սահմանագծման գործընթացի վերաբերյալ` Ա. Մինասյանը հարց բարձրացրեց. «Դուք օգտագործում եք սահմանի վերարտադրություն արտահայտությունը, բացեք, տեսեք՝ ՀՀ որեւէ օրենքում սահմանի վերարտադրություն հասկացություն կա՞»: Չուշացավ նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արձագանքը. «Պարոն Մինասյան, ստացվում է, որ դուք պնդում եք, որ Հայաստանը սահման չունի, հա՞: Մենք ինչ-որ սահմանով անկախացե՞լ ենք, հիմա դուք` 2-րդ խմբակցության քարտուղարը, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում եք, որ ՀՀ-ն սահման չունի: Հիմա, որ մեր հակառակորդը գա, ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, ասի` Արծվիկ Մինասյանն ասել է՝ սահման չկա, այդ ժամանակ ի՞նչ եք ասելու:Հետեւեք ձեր բառապաշարին, Հայաստանն ունի կոնկրետ հստակ սահման՝ իրավական հիմքերով»: Ահա այն քաղաքական բորշչը, որի մեջ հայտնվել ենք` իշխանության մտահոգությունը, ոչ թե երկրի սահմանները պաշտպանելն է, այլ թշնամու սրտի ուզածով «պոստեր» դնելը, իսկ ընդդիմությունը դեռ չի ձեւակերպել, թե մերժելով նիկոլականների դեմարկացիա-դելիմիտացիայի անվան տակ կտոր-կտոր հող հանձնելու գործընթացը` ի վերջո, ի՞նչ այլընտրանք են առաջարկում իրենք:
ԻՍԿ ՔՈՀԵՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՔՊ-ԻՑ ԶԱՆԳԵ՞Լ ԵՆ ՇԵՖԻՆ
Իսկական հերետիկոսություն էր թվում այն ամենը, ինչ երեկ կատարվեց Ազգային ժողովում: ՔՊ-ականները, «էքստազի» մեջ ընկած, իրար հերթ չէին տալիս եկեղեցու հասցեին ամենավերջին վիրավորանքները հղելու համար: Սա թերեւս երկու բանի մասին է փաստում. կա՛մ սարսափած են, որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը սրբելու է տանի իրենց իշխանական աթոռներից, կա՛մ կառավարության աթոռին նստած իրենց շեֆը ասել է` «դուխով», տվել որոշակի երաշխիքների հույսեր, իրենք էլ ջերմեռանդ լծվել են «ֆաս» հրամանը կատարելուն: Բայց այստեղ գլխավոր հարցը այն է, թե այդ հրամանը տրվել է մայիսի 20-ին տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհեն հանդիպումից առա՞ջ, թե՞ հետո: Չէ՞ որ միամտություն կլինի կարծել, որ նման կալիբրի պաշտոնյան այս փուլում հանդիպում է Նիկոլ Փաշինյանի հետ` զուտ գրգռելու համար Ռուսաստանին: Իսկ ո՞վ կարող է բացառել, որ Քոհենը չի եկել Հայաստան` Նիկոլ Փաշինյանին իշխանության մնալու համար երաշխիքներ տալու կամ` ճիշտ հակառակը` ասելու, որ նրա գնացքն արդեն գնացել է, եւ ժամանակն է հեռանալու: Այնպես որ, ինչ են խոսել Փաշինյանն ու Քոհենը, թերեւս ամենաշատը պետք է հուզի ՔՊ-ականներին, եւ իրենց շեֆի միմիկաներից փորձեն կորզել իրականությունը: Այս առումով հատկանշական են Ալեն Սիմոնյանի ջղագրգիռ դիտարկումները: Նա այնպիսի եռանդով էր բարձրաձայնում Բագրատ սրբազանի շարժման թերությունները, որ մի տեսակ տպավորություն էր, թե դժգոհ է, որ մինչեւ հիմա շարժումը ձեռքբերումներ ու հաջողություններ չի գրանցել: Այդուհանդերձ, ՔՊ-ի մեջ վախերն են խոսում, թե չափից դուրս ինքնավստահությունը, Բագրատ սրբազանը տալիս է բազմաբովանդակ պատասխան: Ըստ նրա` այս իշխանությունը պետք է գնա, եւ չգնալու տարբերակ էլ չունի, ինչի մասին նա հայտարարեց փորձագետների, վերլուծաբանների, քաղաքագետների եւ ՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Այդ հեռանալու ձեւերի մասին է, որ մենք ամսի 26-ին եւ դրան հաջորդող օրերին անպայմանորեն իրագործելու ենք: Կարող են մտահոգություններ լինեն, վախեր լինեն ասելու համար, որ անկումային վիճակում ենք գտնվում, հնարավորությունը բաց թողեցինք: Ոչ մի հնարավորություն բաց չենք թողել, անկումային տրամադրությունն էլ ենք մենք ստեղծելու, ոչ անկումայինն էլ: Ոչ մի բան ինքն իրեն չի լինում կյանքում»,- ասում է նա:
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ` ԻՐԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԱՐԹՄՆԻ
Բայց արդյոք ամեն ինչ հստակ է` մայիսի 26-ի հանրահավաքի եւ դրան հաջորդող քայլերի հետ կապված, դժվար է ասել: Համենայնդեպս, կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս հարցում հստակություն չկա, ինչը կարելի է ենթադրել հանդիպմանը ներկաների մեկնաբանություններից ու արձագանքներից: Այս դեպքում` որքանո՞վ է համախմբումն իրական եւ առանց ակնկալիքների: Չէ՞ որ որոշ կուսակցություններ նախընտրեցին հանդիպել առանձին, որոշներն ընդհանրապես մասնակցություն չունեցան: Փաստ է, որ իրար հետ սկզբունքային, գաղափարական տարաձայնություններ ունեցող քաղաքական ուժերը մի օրում համախմբվողը չեն, այլ հարց է, որ բոլորին մի ընդհանուր հարց է հուզում` հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Թեպետ, այստեղ էլ մի վերապահում կա` երեկ դեռ նիկոլական այն ուժերը, որոնք հայտնվել են Բագրատ սրբազանի շարժման շողքի տակ, գործուղվել են Նիկոլ Փաշինյանի՞ կողմից, թե՞ իսկապես մեղքի զգացում ունեն ու փորձում են քավել այն: Օրինակ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասում է. «ՀՀԿ-ն թեկնածու չունի, ակնկալիք չունի, պաշտոն չի ուզում. սատարելու ենք շարժման առաջնորդի առաջադրած ցանկացած թեկնածուի»: Իսկ մյուս կուսակցությունների ներկայացուցիչները պատրա՞ստ են նույնը հայտարարել: Համենայնդեպս, Բագրատ սրբազանի հետ առանձին հանդիպած ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն ընդգծում է. «Ես ավել բան չեմ ուզում խոսել, բացի նրանից ինչ, որ ասվել է արդեն»: Սա նշանակում է, որ գնդակը շարունակում է մնալ Բագրատ սրբազանի դաշտում, թե որքանով կարդարացվեն տարբեր քաղաքական ուժերի ակնկալիքները, կամ ինչպես արքեպիսկոպոսն է ասում` չակնկալիքները: Եվ այստեղ որքան էլ դժվար է ընդունել, բայց Ալեն Սիմոնյանի ասածն էլ է տեղին, Բագրատ սրբազանի պատասխանն էլ: Ա. Սիմոնյանի այն խոսքին, որ «Քաղաքականությունը առեւտուր է», սրբազանը տալիս է հարիր արձագանք. «Դրա համար էլ երկիրը վաճառեցիք»:
Բայց վերադառնանք այլ հարցի` վերջիվերջո, թեկուզ անկուսակցական, եթե վաղը ձեւավորվի անցումային կառավարություն, որքանո՞վ այնտեղ տեղ գտած մարդկանց հետ ներդաշնակ կլինի թվացյալ համախմբված ընդդիմադիր դաշտը: Չէ՞ որ այս պահին բոլորի համար ընդունելին միայն Բագրատ սրբազանն է, իսկ դրան զուգահեռ օրակարգում շարունակում են մնալ նախկինների ու մերձնիկոլականների միմյանց կսմիթները, իսկ այլմոլորակից գործիչներ չեն գտնվելու, էլի այս դաշտում պետք է գտնել նրանց, որոնցով պետք է փոխարինվի նիկոլական իշխանությունը:
ՍՊԱՍՈՒՄՆԵՐԸ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆ, ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՎԵՐՋ ԴՆԵԼՈՒ ՔԱՅԼԵՐԸ` ՀԱՊԱՂՈՒՄ
Ինչ խոսք, մայիսի 26-ից սպասումները գնալով մեծանում են, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությանը վերջ դնելու քայլերը` հապաղում: Ինչպես ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների թեկնածու Ալեն Ղեւոնդյանն է ասում. «Փիառն ու պոպուլիզմը շարունակում են մեզ ոչնչացնել, մինչդեռ միտքը կողքից նայում է, խմում սեւ դառը սուրճի՝ արդեն 50-րդ բաժակը ու բացում սիգարետի 5-րդ տուփը»: Հուզիչ տեսարանների, լուսանկարների ներքո` մինչ այժմ չկան կարեւոր հարցերի պատասխաններ: Գուցե լավ մշակված մարտավարություն է, գուցե` դեռ չհաշվարկված պրոցես, բայց ինչպե՞ս է արդեն անհնարին թվացող իմպիչմենթի գործընթացով Նիկոլ Փաշինյան հեռացվելու ու նոր վարչապետ ընտրվելու, դեռ հայտնի չէ: Հայտնի չէ նաեւ, թե ինչ է առաջարկվելու Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը` որպես այլընտրանք` լինի սահմանագծում-սահմանազատում իրականացնելու հարցում, թե` մնացյալ անվտանգային ասպեկտների: Համենայնդեպս, Բագրատ սրբազանի շարժմանը կից Դիվանագետների համահայկական խորհրդի անդամ, ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը, երբ ներկայացնում էր արտաքին քաղաքական տեսլականը, աշխարհին ուղղված մեսիջն այն էր, որ Հայաստանն ուզում է բոլորի հետ լավ լինել: Սա, իհարկե, լավ միտք է, բայց` կենացների ժամանակ, իսկ այսօրվա բեւեռացված աշխարհում, երբ Արեւմուտքն ու Ռուսաստանն անողոք պատերազմի մեջ են, խոսել կոմպլիմենտար քաղաքականության մասին, ժամանակավրեպ է: Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ որքան էլ շարժումը փորձում են կապել արտաքին այս կամ այն տերությունների հետ, Բագրատ սրբազանը չի շտապում ազդակներ հղել արտաքին լսարանին: Նրանք էլ չեն շտապում Նիկոլ Փաշինյանին փոխարինել մեկ ուրիշով: Եվ ամեն ինչ կհստակեցվի այն ժամանակ, երբ կբացվեն շարժման փակագծերը, թե հպարտ միայնակից ո՞ւմ հետ է Հայաստանը տեսնում իր ապագան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ