Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ
ՀասարակությունԽարդախությամբ, փաստաթղթերի կեղծմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 4 ավտոմեքենաների հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնց թվում է նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։ Հայտնում է քննչական կոմիտեն:
«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Դ․Ս․-ն, Ս․ Բ․-ի օժանդակությամբ, Ս․Ղ․-ի և Գ․ Պ․-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կատարել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն, ինչպես նաև պատրաստել է իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր և Ս․ Ղ․-ի ու Գ․ Պ․-ի հետ խմբի կազմում օգտագործել դրանք։
Մասնավորապես, Դ․ Ս․-ն, խաբեության եղանակով՝ կոնկրետ փաստերը ձևախեղելով, իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ հաղորդելով, դիտավորությամբ խեղաթյուրելով իրականությունը, 2024թ․ փետրվարի տարբեր օրերին կայացրել է գույքեր՝ 4 ավտոմեքենաներ օտարելու վերաբերյալ կեղծ որոշումներ և Ս.Ղ․-ին ու Գ.Պ․-ին տրամադրել դրանք օտարելու գործարքներ կատարելու վերաբերյալ կեղծ լիազորագրեր։
Ս․Բ․-ն, օժանդակելով վերոնշյալ անձանց, Ս․Ղ․-ին և Գ․Պ․-ին տրամադրել է նրանց կողմից վերոնշյալ 4 ավտոմեքենաներն օտարելու գործընթացի համար անհրաժեշտ՝ գույքահարկի մասով պարտավորություններ չլինելու վերաբերյալ համապատասխան տեղեկանքներ։
Ս․Ղ․-ն և Գ․Պ․-ն կեղծ տվյալներով փաստաթղթերը ներկայացրել են իրավասու պետական մարմնին, դրանց հիման վրա կատարվել են այլ անձանց նվիրաբերությամբ օտարման գործարքներ և իրավունքի պետական գրանցումներ։
Արդյունքում Դ.Ս․-ն, Ս.Ղ․-ն և Գ.Պ․-ն, Ս․ Բ․-ի օժանդակությամբ, առերևույթ հափշտակել են այլ անձի (անձանց) պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 19.100.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքեր՝ «TOYOTA HILUX 2.7», «VAZ 21214», «UAZ 390945-552» մակնիշի և «VAZ 212140» մակնիշի ավտոմեքենաներ:
Ձեռք բերված տվյալների հիման վրա Դ․Ս․-ի, Ս․Ղ․-ի և Գ․ Պ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ս․Բ․-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով,
Նշված 4 անձանց ձերբակալելու որոշում է կայացվել:
Նախաքննությունը շարունակվում է։ Քննություն է կատարվում՝ ինչպես նշված, այնպես էլ այլ գույքերի հնարավոր օտարման հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ձերբակալվել է Արցախի Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը, տնային կալանք էր կիրառվել Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ։