Որոնք են զարկերակային բարձր ճնշման մասին հուշող ախտանշանները
Հասարակություն«Առաջին փուլի դեպքում մենք պարզապես խոսում ենք զարկերակային գերճնշման առկայության մասին, մինչդեռ օրգաններն ու համակարգերը դեռ նորմալ աշխատում են, և բուժառուն չի ունենում ուղեկցող հիվանդություններ, այդ թվում՝ սրտանոթային համակարգի ախտաբանություններ։ Երկրորդ փուլն արդեն բնութագրվում է սրտամկանի, գլխուղեղի, արյունատար անոթների ու երիկամների ախտահարումներով»,- նշել է սրտաբանը։
Նրա խոսքով՝ երրորդ փուլում հիվանդի օրգանների աշխատանքն այլևս պարզապես խաթարված չի լինում, այլ ի հայտ են գալիս լուրջ բարդություններ, որոնք կարող են հանգեցնել մահվան։ Դրանց շարքին են դասվում գլխուղեղի կաթվածը, սրտամկանի ինֆարկտը, սրտի իշեմիկ հիվանդությունը, երիկամային և սրտային անբավարարությունը։
Ժամանակին հիվանդությունն ախտորոշելու համար շատ կարևոր է կանոնավոր զարկերակային ճնշումը չափելը: Զարկերակային բարձր ճնշումը կարող է դրսևորվել այնպիսի ախտանշաններով, ինչպիսիք են սրտխառնոցը, փսխումը, գլխապտույտը և այլն:
«Զարկերակային բարձր ճնշումը սովորաբար ուղեկցվում է գլխացավով, գլխապտույտով կամ ինքնազգացողության ընդհանուր վատթարացմամբ։ Ճնշման կտրուկ բարձրացման դեպքում կարող են ի հայտ գալ տեսողության ու կոորդինացիայի խանգարումներ, ցավ սրտամկանի շրջանում, սրտխառնոց և փսխում: Որոշ դեպքերում այս ախտաբանությունը ոչ մի կերպ չի դրսևորվում, և մարդը կարող է չկասկածել, որ իրեն վտանգ է սպառնում։ Սա է պատճառը, որ արյան ճնշումը կանոնավոր վերահսկողության տակ պահելը շատ կարևոր է»,- նշել է մասնագետը՝ հավելելով, որ զարկերակային գերճնշման դրսևորումները կարող են տարբեր լինել՝ կախված հիվանդության զարգացման փուլից։