«ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱԿԻՑՍ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱԶԳԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԳՈՐԾՈՂ ՉԵՄՊԻՈՆՆ ԷՐ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆ
Սպորտ
Iravunk. com - ի մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել վերջերս Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած Բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության ժամանակ բրոնզե մեդալ նվաճած, կաշվե ձեռնոցի մարտիկ, ծնունդով Աբովյան քաղաքից ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը.
- Հանդես եկա 60 կգ քաշային կարգում։ Առաջին մենամարտում մրցեցի Վրաստանը ներկայացնող ազգությամբ հայ, Եվրոպայի գործող չեմպիոն Արտյուշ Գոմցյանի հետ, 4։1 հաշվով հաղթեցի նրան ։Իսկ քառորդ եզրափակչում 5։0 հաշվով պարտության մատնեցի ազգությամբ սլովենացի Տադեյ Չերնոգային և դուրս եկա կիսաեզրափակիչ փուլ ։Ափսոս, կիսաեզրափակչում 5։0 հաշվով պարտվեցի Բուլղարիայի ներկայացուցչին։
- Արթուր, որ տարիքից սկսեցիր զբաղվել այս մարզաձևով, հարազատներիդ մեջ կան արդյոք մարզիկներ։
- 6 տարեկանից եմ սկսել պարապել։ Իհարկե, հարազատ եղբայրս Ջանիկ Սահակյանը, ևս բռնցքամարտիկ է, Հայաստանի չեմպիոն է, հենց նրա խորհրդով էլ ես սկսեցի զբաղվել այս մարզաձևով։ Անձնական մարզիչս Աշիկ Գրիգորյանն է։ Նշեմ, որ այս տարվա փետրվար ամսին էլ մասնակցել եմ Բուլղարիայում կայացած «Ստրանջայի» հեղինակավոր մրցաշարին։ Մեկնարկում մրցեցի Ուկրաինան ներկայացնող Տիմուր Բաբաշկոյի հետ ու հաղթեցի 4։1 հաշվով ։Առաջին երկու ռաունդները բավականին բարդ ստացվեցին, սակայն երրորդ ռաունդում ես առավելության հասա։ 1/4 եզրափակչում էլ մրցեցի Ղրղզստանի ներկայացուցիչ Ռիսպե Բեկթենովի հետ ու հաղթեցի կրկին 4։1 հաշվով։ Այս մենամարտում վճռորոշ եղավ երրորդ ռաունդը, որում կարողացա հաղթանակի նժարը թեքել իմ կողմը։ Ափսոս, որ եզրափակչի ուղեգրի համար պայքարում պարտվեցի Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբդումալիկ Խալակովին։ Այդպես, արժանացա բրոնզե մեդալի։
֊ Առաջիկա ծրագրերը որոնք են։
- Պատրաստվում եմ աշնանը հոկտեմբեր ամսին կայանալիք մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, ջանք չեն խնայի, որպեսզի լավագույնս դրսևորեմ ինձ։
- Հետաքրքիր է, կա որևէ հայտնի բռնցքամարտիկ, ում մարտաոճը շատ ես հավանել և դու ևս կիրառում ես մենամարտերի ժամանակ։
- Իհարկե, հայտնի բռնցքամարտիկ Վասիլի Լումաշենկոյի մարտաոճը շատ եմ հավանում, ավելի շատ ձախ ձեռքի ուժեղ հարվածները։
- Արթուր, իսկ որևէ հիշարժան մենամարտ եղել է քո մարզական կարիերայի ընթացքում։
- 2017 թվականին, Եվրոպայի առաջնության ժամանակ, հաղթել եմ ազգությամբ ադրբեջանցի մրցակցիս, շատ մեծ ոգևորություն ապրեցի, մեծ հպարտության զգացողություններ առաջացան այդ պահին։
- Շնորհակալություն, Արթուր, մեզ ժամանակ տրամադրելու համար։
-Ես էլ շատ զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ






