Ինչու իմպիչմենթի գործընթացը փոխարինվեց ուղերձի նախագծով
ՆերքաղաքականԽորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները երեկ միջնորդություն ներկայացրին Ազգային ժողովի խորհրդին` արտահերթ նիստ գումարելու պահանջով, որի օրակարգում լինելու է ուղերձի ընդունում` կառավարության հրաժարականի եւ նոր կառավարության ձեւավորման մասին: Եվ թեպետ Աժ խորհուրդը մերժեց, սակայն նիստն օրենքի ուժով կկայանա հունիսի 17-ին:ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հստակեցրեց, որ այս գործընթացը կապ չունի, այսպես կոչված, իմպիչմենտի հետ` այն է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելը: Մինչդեռ Բագրատ սրբազանն իր առաջնորդած շարժման անունից պատվիրակել էր ընդդիմադիր պատգամավորներին խորհրդարան, որպեսզի հենց իմպիչմենթի գործընթաց մեկնարկեն: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:
— Ձեր գնահատմամբ` ինչո՞ւ խորհրդարանական ընդդիմությունը չգնաց հենց իմպիչմենթի գործընթաց մեկնարկելու ճանապարհով, այլ որոշեց արտահերթ նիստ գումարել` ուղերձ ընդունելու օրակարգով:
— Ի սկզբանե ԱԺ խորհրդի նիստի քննարկմանը ներկայացված հայտարարության տեքստը իմպիչմենթի հետ կապ չուներ, դրանք առանձին երկու իրավական գործընթացներ են: Իմպիչմենթը անվստահությունն է վարչապետին, եւ դրա համար պետք է 36 ստորագրություն ու նոր վարչապետի անուն-ազգանուն: Այսինքն` սա ավելի խորն իրավական գործընթաց է, որը նաեւ քվեարկվելու է Ազգային ժողովի նիստում: Եվ այստեղ կա վտանգավոր ֆոն, որ եթե տապալվում է իմպիչմենթի գործընթացը, ապա վեց ամիս իրավունք չունես նախաձեռնելու նույնը: Հայտարարության տեքստը, որը ներկայացված է եղել, տրամաբանությունը փոքր-ինչ այլ է: Պարզ լեզվով ասեմ` Ազգային ժողովը, որը հաստատել է այս կառավարության ծրագիրը, արձանագրում է, որ տվյալ կառավարությունը տապալել է իր ներկայացրած ծրագիրը` հիմնվելով մի շարք անհերքելի փաստերի վրա: Նույն Արցախի հարցն ամենացցունն օրինակն է, որ կառավարության ծրագրով նշված էր ոչ միայն Արցախի պահպանումը, այլ նաեւ Շուշիի եւ Հադրութի վերադարձը, մինչդեռ իրականում մենք կորցրինք ամբողջ Արցախը: Այսինքն` կառավարության ծրագիրը չկատարելու հիման վրա` Ազգային ժողովը պահանջում է ոչ թե վարչապետի, այլ ամբողջ կառավարության հրաժարականը, քանի որ կառավարության այդ ծրագիրը հաստատվել է նույն խորհրդարանի կողմից:
— Իսկ հնարավոր չէ՞ր միանգամից իմպիչմենթի գործընթաց սկսել` 36 ստորագրությունով եւ ոչ թե գնալ ուղերձ ընդունելու ճանապարհով:
— Ես չգիտեմ բոլոր մանրամասները, բայց կարծում եմ` ծանրութեթեւ են արվել բոլոր ռիսկերը եւ գնացել են նույն արդյունքին բերող առավել ոչ ռիսկային ճանապարհով:
— Իսկ եթե անգամ ՔՊ-ն ներկայանա արտահերթ նիստին, քվորում լինի եւ ուղերձն էլ ընդունվի, արդյո՞ք այն կբերի Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, թե՞ այստեղ էլ օրենսդրությունը թույլ տալիս է «խաղեր տալ»:
— Նիկոլ Փաշինյանը երբեք էլ օրենսդրության վրա չի հիմնվել, նա Սահմանադրության վրա էլ չի հիմնվել, բայց Ազգային ժողովի հայտարարությունը` այո՛, ենթադրում է կառավարության եւ կառավարության ղեկավար հանդիսացող վարչապետի հրաժարականը: Այսինքն` այն բերելու է դրան, բայց թե ինչ քայլեր կանի Նիկոլ Փաշինյանը, ենթադրել անգամ չի լինում: Համենայնդեպս, արդեն օրենքով ենթադրվում է, որ դրան պետք է հաջորդի հրաժարականը: Ամեն դեպքում, ժամ առ ժամ կարող է իրավիճակ փոխվել: Երեկ ԱԺ խորհուրդը մերժեց հայտարարության տեքստը, ինչը, եկեք ազնիվ լինենք, կանխատեսելի էր, բայց օրենքի ուժով 5 աշխատանքային օր հետո կգումարվի նիստը: Իհարկե, ես կանխատեսում եմ, որ ՔՊ-ն կարող է բոյկոտել այն, բայց նաեւ ժողովրդի ցասման եւ ճնշման ազդեցությամբ` ամեն ժամ կարող է փոխվել ոչ թե հունիսի 17-ին, այլ` մինչեւ հունիսի 17-ը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ