Արթուր Վարդանյանի ազատազրկումը քաղաքական հետապնդում է. ՀՃԿ նախագահ
Ներքաղաքական«Իրավունք»-ի հետ զրույցում «Համահայկական ճակատ» կուսակցության նորընտիր նախագահ ԱՐՍԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ անդրադարձել է «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության նախագահ, 44 օրյա պատերազմի մասնակից Արթուր Վարդանյանի ազատազրկմանը:
«Արթուր Վարդանյանի ազատազրկումը քաղաքական հետապնդում է: Չի կարող լինել այդպես, որ մոտ 25 հոգի անցնեն նույն գործով՝ նույն հոդվածով, 24ը ստանան համաներում եւ դուրս գան, իսկ 25-րդը դատվի՝ ամբողջ խստությամբ», - շեշտեց Արսեն Վարդանյանը եւ նշեց, որ այս հարցին ավելի համապարփակ կանդրադառնա առաջիկայում:
Հիշեցնենք, որ Արթուր Վարդանյանին տեղափոխել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, նրան սպառնում է 9 տարվա ազատազրկում՝ 9 տարի առաջ հարուցված «Նորք-Մարաշ» խմբի քրեական գործով: Գործը հասել էր Վերաքննիչ դատարան, ապա բողոքարկվել Վճռաբեկում: Սակայն, սույն թվականի հունիսի 18-ին որոշում է կայացվել վարույթ չընդունել բողոքը, հենց նույն օրը գործը վերադարձվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան ու, առանց որեւէ ծանուցման, հունիսի 19-ին Ա. Վարդանյանին ոստիկանությունն առեւանգել է՝ Ռիո մոլի առջեւից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ