Ծառերը չորանում են` ո՛չ ջրող կա, ո՛չ նայող. ահազանգ
Հասարակություն«Իրավունքի» խմբագրություն է զանգահարել Երեւանի Պարույր Սեւակի 92 շենքի բնակիչներից` շենքի երկարամյա լիազոր ՎԱՉԱԳԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Նա խնդրեց իր խոսքը բարձրաձայնել նույն հասցեի տարածքում գտնվող ծառերի վիճակի վերաբերյալ:
«Մեր շենքի շուրջ գտնվող ծառերն ափսոս են, մեղկս գալիս է, չորանում են: Մարտ ամսին եկան տակերը փորեցին, ընդ որում` երկու անգամ: Բայց հիմա ո՛չ ջրող կա, ո՛չ նայող, մի դույլ ջուրն ի՞նչ է, որ չեն լցնում: Այս հարցով մի 10 անգամ զանգահարել եմ Երեւանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման եւ աջակցման բաժնի հեռախոսահամարին` 1-05, պատասխանում են, թե դիմում գրեք: Ի՞նչ դիմում գրեմ, ո՞ւր գնամ գրեմ` 90 տարեկան մարդ եմ: Իմ խնդրանքն ընդամենն այն է, որ փորել տան ծառերի տակ, որովհետեւ արդեն ասֆալտ է դարձել, ու ջրեն», - ասաց Վ. Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ վերոնշյալ հասցեն գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ