«Փաստ». Եղել է կանխամտածված սադրանք՝ խաղաղ հավաքի ընթացքը խաթարելու, այն անկարգության վերածելու և ճնշելու նպատակով
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը հանցանքի մասին հաղորդում ներկայացրեց գլխավոր դատախազություն: Այն վերաբերում է հունիսի 12-ին ոստիկանության կողմից թույլ տրված օրենքի բազմաթիվ խախտումներին: Բազմաթիվ տուժողներ հանցանքի մասին հաղորդումներ են տվել: «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ իրենց տեսանկյունից հունիսի 12-ին տեղի են ունեցել ոչ միայն անջատ դեպքեր՝ հատուկ միջոցների կիրառման կամ ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնության, այլ եղել է ոստիկանության ղեկավարության կողմից կանխամտածված սադրանք խաղաղ հավաքի ընթացքը խաթարելու, այն անկարգության վերածելու և ճնշելու նպատակով:
Նախաձեռնությունն առաջարկում է դատախազությանը՝ նախաձեռնել քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236, 441, 450 հոդվածներով: «Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում հունիսի 12-ին, ցանկացած խելամիտ շրջանակներից դուրս եկած իրադարձություն է: Սա ուղիղ ոտնձգություն է ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, քաղաքացիների իրավունքների դեմ և կազմակերպված ու հովանավորված է գործող քաղաքական իշխանության կողմից և արվել է ոստիկանության ձեռքերով»:
Ի դեպ, բավականին ուշագրավ մի իրադարձության մասին: Մենուա Սողոմոնյանը լրագրողների հետ զրույցում, արձագանքելով մարտի 1-ի և հունիսի 12-ի դեպքերի նմանությունների մասին հարցին, ասել էր՝ «մարտի 1-ին 10 զոհ է եղել, հունիսի 12-ին, դեռևս, ցավոք սրտի, զոհ չի եղել»: Այնուհետև շտկել էր սեփական վրիպակը՝ ոչ թե ցավոք սրտի, այլ բարեբախտաբար, ընդ որում՝ հազար ներողություն խնդրելով: Իշխանական որոշ «փիառչիկներ» ու սատելիտներ վերցրել էին լրագրողների հետ մոտ 12 րոպեանոց զրույցը, «կտրել» այդ հատվածը և տարածել սոցցանցերի իրենց էջերում: «Դժվար է գնահատական տալ մարդու խոսքը մոնտաժված ձևով ներկայացնելուն: Լեզվի սայթաքումը նկատվեց իմ գործընկերների ու լրագրողների կողմից, և անմիջապես ներողություն խնդրեցի: Սա հանրությանը մատուցված մանիպուլյացիոն ապատեղեկատվություն է: Չի հրապարակվում ամբողջ տեսանյութը:
Մասնագետ չեմ, բայց սա զրպարտություն է: Սա նշանակում է, որ պետական մակարդակով իրականացվում է հանրության մոլորեցում, այն էլ՝ այսպիսի ճղճիմ, փնթի ձևերով ու մեթոդներով: Ցանկացած խելամիտ մարդու համար պարզ է, որ սա ափսոսանք չէ, այլ պարզապես լեզվի սայթաքում: Հունիսի 12- ին ես և իմ ընտանիքը եղել ենք առաջին շարքերում, ինչպես կարող էի ափսոսանք հայտնել: Իսկ ինչ վերաբերում է հունիսի 12-ը մարտի 1-ի հետ համեմատել-չհամեմատելու հանգամանքին, ապա այստեղ հատկանշականը ոչ թե երկու իրադարձությունների տարբեր դրվագների նմանությունն է, այլ այն, որ երկու իրադարձությունն էլ սերտորեն կապված են նույն անձի իշխանատենչության հետ. մի դեպքում Փաշինյանը բռնությունը օգտագործել է իշխանության հասնելու, մյուս դեպքում՝ իշխանությունը պահելու համար»,- եզրափակեց Մենուա Սողոմոնյանը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում