Ալիեւն ու Նիկոլը ժամանակ են ձգում, մինչեւ ԱՄՆ-ում հստակություն կլինի
ՎերլուծությունՀայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթաժողովին, ինչպես եւ սպասելի էր, Մոսկվայում լուրջ զայրույթ է առաջ բերել: Եվ դա հասկանալի է. անկախ առկա հարաբերություններից, Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի անդամ: Այդ պարագայում, քանի դեռ տվյալ կառույցներից դուրս չես եկել, մասնակցել մի այլ դաշինքի գագաթաժողովի, որը քո պաշտոնական դաշնակիցներին թշնամի է համարում, մեղմ ասած, տգեղ է՝ ինչպես էլ փորձես մեկնաբանել:
ՄՈՍԿՎԱՆ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ՆԻԿՈԼԻՆ
Ամեն դեպքում, իրողությունն այն է, որ Հայաստանից դեպի Մոսկվա այս օրերին միանգամայն հակասական մեսիջներ են գնում: Մի կողմից, Նիկոլը դեսպան Վաղոյին ուղարկում է Բելգորոդ եւ Կուրսկ, ինչը Մոսկվան կարող է գնահատել` որպես իր ուղղությամբ բարիդրացիական ժեստ: Ու գրեթե անմիջապես էլ մեկնում են ՆԱՏՕ-ի նիստին, ու դա արդեն կարող է գնահատվել թշնամություն: Վերջինի հետ կապված` ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի ռեակցիան, հասկանալի է, սպասելի էր: ՌԴ ԱԳՆ-ի գնահատումը սա է. «Անդրադառնալով անվտանգության ոլորտին՝ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ եւ հանդիսանում է բազմաթիվ երկկողմ պայմանագրերի կողմ՝ ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում… Երեւանի մտահոգությունները քննարկելու կառուցողական մոտեցման փոխարեն, ցավոք, նրանք այլ ուղի ընտրեցին»:
Այսինքն, Մոսկվան սրանով ցույց է տալիս, որ համարում է, թե Հայաստանն ընտրություն է կատարել՝ «այլ ուղի ընտրեցին»: Իսկ դա ենթադրում է հետեւանքներ: Գալուզինի խոսքով, հետեւանքները կարող են ունենալ այս տեսքը՝ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երեւանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության… Կարծում եմ՝ Հայաստանի բանիմաց մասնագետներն ու քաղաքական գործիչները հասկանում են նման անխոհեմ քայլերի հնարավոր վնասները»:
Բայց հարցին նայենք այս կողմից՝ ինչպե՞ս հասկանալ Հայաստանի նման երկակի դիրքորոշումը: Այստեղ կարող են ամենատարբեր բացատրությունները լինել՝ սկսած նրանից, որ Նիկոլը նման խաղով թոզ է փչում կա´մ Արեւմուտքի, կա´մ՝ Մոսկվայի աչքերին, եւ վերջում պարզ կլինի, թե իրականում որ կողմի օգտին է խաղում: Վերջացրած, որ Նիկոլը պարզապես չի վերահսկում իր չինովնիկությանը. Վաղոյին ուղարկում է Ռուսաստանի ուղղությամբ բարիդրացիական ժեստեր ի ցույց դնելու, իսկ Միրզոյան Արոն, առանց Նիկոլին անգամ հարցնելու, մեկնում է ՆԱՏՕ: Այս բոլոր վարկածներն էլ դեմ կամ կողմ գրեթե հավասարազոր փաստարկներ ունեն, իմաստ չունի կենտրոնանալ: Չնայած, սրանց թվում կա նաեւ վարկած, որն ավելի հավանական տեսք ունի: Այն է՝ Նիկոլին միշտ էլ յուրահատուկ է եղել պարբերաբար այս կողմից այն կողմ թռնելը, ու շատ ավելի նման է, որ սա հերթական նման խաղն է: Ընդ որում, դատելով Գալուզինի հիշատակված հայտարարությունից, Մոսկվայում եւս ավելի շուտ այս վարկածի օգտին են հակված. «Իմ կարծիքով, «երկու աթոռի վրա նստելու» փորձերի անիրականությունը, թեկուզ մեկ այլ՝ տնտեսական ոլորտում, շատ հստակ արտահայտվեց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից՝ Մոսկվայում «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումում ունեցած ելույթում, որտեղ նա խոսել է Երեւանի եվրոպական նկրտումների մասին՝ կապված ԵԱՏՄ-ում ստանձնած պարտավորությունների հետ»:
Ու դժվար չէ նկատել, որ Նիկոլի արարքները, եթե անգամ «երկու աթոռի վրա նստելու» փորձեր են, մեկ է՝ Մոսկվայի պահանջն արդեն միանշանակ է՝ այլեւս անթույլատրելի է նման կուրսը, պետք է վերջնականապես կողմնորոշվել:
ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է ՆԻԿՈԼԻՆ
Այն տպավորությունն է, որ Վաշինգտոնը Նիկոլի գործողությունները համարում է տատանողական եւ փորձում է ամեն կերպ նրան վերջնականապես ամրագրել սեփական կիսադաշտում: Ամեն դեպքում, ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների այսքան հաճախակիացած այցերը Հայաստան հենց այդկերպ է հնարավոր բացատրել. վերջերս ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենն էր Հայաստանում, հաջորդեց USAID ղեկավար Սամանթա Փաուերի այցը, գրեթե անմիջապես Թբիլիսի եւ Երեւան է ժամանում պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան: Իսկ համեմատաբար այլ մանր արեւմտյան պաշտոնյաների այցերի թիվ ու հաշիվ արդեն չկա: Մինչդեռ Վաշինգտոնն ամեն կերպ ի ցույց է դնում, թե իր հիմնական խնդիրն այս պահին հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագիրն» է: Բայց այդ դեպքում նման հաճախակիությամբ տարաբնույթ պաշտոնյաներ Հայաստան ուղարկելու խնդիր պարզապես չկա: Այսինքն, նիկոլյան թիմի պատկան չինովնիկները քանիցս են հայտարարել, որ պատրաստ են հենց այսօր էլ պայմանագիր ստորագրել: Գործընթացը Բաքվում է լռվել-մնացել, եւ եթե Վաշինգտոնը լուծում է ուզում, պետք է Բաքու, այլ ոչ թե Երեւան «օրը մեջ» պաշտոնյաների գործուղեր:
Առավել եւս, երբ Բլինքենին հաջողվեց Բայրամով-Միրզոյան հանդիպում կազմակերպել Վաշինգտոնում եւ այդ ֆոնին հայտարարեց, թե. «Հիմնվելով այդ թվում վերջին շաբաթների ընթացքում մեր բոլոր շփումների վրա, կարծում եմ, որ երկու երկրներն էլ վերջնական համաձայնության հասնելուն շատ մոտ են»: Եթե մոտ են, այսինքն՝ Բլինքենն այդքան վստահ է, որ կկարողանա Հայաստանին եւ Ադրբեջանին իրեն ցանկալի «խաղաղության պայմանագիր» ստորագրել տալ եւ դրանով ռուսներին պարտության մատնել այս հարթակում, էլ ինչո՞ւ է նման հաճախականությամբ ամերիկյան պաշտոնյաներ գործուղում Հայաստան, առավել եւս՝ ԱՄՆ-ի համար ներկա բարդ փուլում: Բայց կարելի է նաեւ այսպես մտածել. եթե ուղարկում է, ուրեմն շատ լուծելու հարցեր կան, որոնք, սակայն, կապ չունեն «խաղաղության պայմանագրի» հետ: Նաեւ հաշվի առնելով, որ եթե Նիկոլը Վաղոյին ուղարկում է Բելգորոդ եւ Կուիսկ, դա, թերեւս, չի կարող Վաշինգտոնում կասկածամտություն առաջ չբերել:
Ուրեմն, ի՞նչ են անում ամերիկյան պաշտոնյաները Հայաստանում: Օ՛Բրայենը, շատ է խոսվել, փորձում էր Նիկոլին համոզել-վստահեցնել, թե ուր որ է՝ Ալիեւին բերման կենթարկեն «խաղաղության պայմանագիր» ստորագրելու: Տիկին Սամանտան տարաբնույթ հանդիպումների մեջ է: Արցախցիների հետ ժենգյալով հաց է թխում՝ թերեւս փորձելով Ալիեւին վախեցնել: Հանդիպում է «քաղհասարակության», արեւմտամոլ լրատվամիջոցների եւ տարբեր գործիչների հետ, ինչ-որ փողերից խոսում, որն էլ նմանվում է «հեղափոխական զանգվածներին» կազմը պատրաստ վիճակի բերելու քայլերի հետ: Իսկ դրանից, ըստ ամենայնի, Նիկոլը պետք է մտահոգվի: Ինչ վերաբերվում է մյուս տիկնոջը՝ Ուզրային, ապա փաստը, որ նա նաեւ «ապստամբած» Վրաստան է մեկնում եւ բավականին երկար ժամանակով, ավելի շատ «պատժիչ արշավի» տպավորություն է թողնում, ու դա եւս Նիկոլը կարող է ահազանգ համարել: Առավել եւս, որ տիկին Ուզրան, ըստ տարածված լուրերի, կհանդիպի նաեւ «կրոնական փոքրամասնությունների», այն է՝ աղանդավորական կառույցների հետ, որոնք, գաղտնիք չէ, որ արեւմտյան «գրոհային ջոկատների» կազմում են:
Հանրագումարում, այն ընդհանրական տպավորությունն է, որ, կրկնենք, Վաշինգտոնը, այսպես ասենք, մինչեւ վերջ վստահ չէ, որ Նիկոլը չի «թռնի», եւ փորձում են իրավիճակի վերահսկողությունը ձեռքից բաց չթողնել: Միայն թե այստեղ եղել եւ մնում է հին եւ ամենակարեւոր հարցը. թեեւ կարողացան Բայրամովին եւ Միրզոյանին նորից բանակցային սեղանի մոտ նստեցնել, բայց վստա՞հ են, որ իրոք «երկու երկրներն էլ վերջնական համաձայնության հասնելուն շատ մոտ են»:
ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ` ԲԱՅՐԱՄՈՎ-ՄԻՐԶՈՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ
Ուրեմն, ի՞նչ պետք է սպասել Բայրամով-Միրզոյան այս վաշինգտոնյան հայտարարությունից: Պաշտոնապես, իհարկե, փորձում են լավատեսություն ի ցույց դնել, թե՝ «վերջնական համաձայնության հասնելուն շատ մոտ են»: Իրականում այդպե՞ս է:
Եթե քիչ թե շատ լուրջ առաջխաղացում լիներ, միանշանակ է, որ Բլինքենն առիթը բաց չէր թողնի այն մաքսիմալ ճոխությամբ ներկայացնելու համար, այդ թվում՝ որպես ԱՄՆ գործող վարչակազմի մեծագույն ձեռքբերում. Բայդենի նախընտրական վիճակը հայտնի է, եւ հազիվ թե առիթը բաց թողնեին՝ նրա օգտին լուրջ հաղթանակ ի ցույց դնելու համար: Բայց ահա այն, որ հանդիպման արդյունավետության մասին ճոխ հայտարարություններ չեղան, գալիս է հուշելու, որ այս անգամ էլ «վերջնական համաձայնության հասնելուն շատ մոտ են», ինչպես որ «մոտ էին» վերջին առնվազն երկու տարիներին: Այսինքն, մոտ են, բայց դեռ լուծելու հարցեր կան: Ամեն դեպքում, այդ մասին է վկայում Արոյի «կանտորայի» այն միտքը, թե. «Կողմերը համաձայնել են շարունակել աշխատանքները»: Եթե շարունակել, ուրեմն շարունակելու բան կա: Թե ինչ, թերեւս այստեղ էլ նոր բան չկա. կոմունիկացիաների ամենագլխավոր թեմայից այդպես էլ ձայն ու ծպտուն չկա:
Ամեն դեպքում, այդ հանդիպմանը զուգահեռ նորից ի հայտ եկավ մեկ էական դետալ, որն արդեն իսկ ջարդուփշուր է անում Բլինքենի գովերգած «վերջնական համաձայնության հասնելուն շատ մոտ են» թեզը: Բայրամովը շարունակում է առաջ մղել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պնդումը, որն արդեն իսկ նշանակում է, որ մոտ ժամանակներս ոչ մի «խաղաղության պայմանագիր» էլ չի լինի: Այսինքն, եթե անգամ Նիկոլն ընդունի այդ պայմանը, հանրաքվե կազմակերպի, կարողանա իրականացնել, Ալիեւի այդ պահանջը կյանքի կոչել, էլի մի քանի ամիս պետք է: Իսկ իրականում, թերեւս, Բաքվում շատ լավ են հասկանում, որ նման հանրաքվե կազմակերպելը Նիկոլի համար միգուցե նույնիսկ անլուծելի խնդիր է, էլ չասած դրական արդյունքի հասնելու մասին:
Կարճ ասած, այս ընթացքի պարագայում մի կես տարի հաստատ ոչ մի «խաղաղության պայմանագիր» չի լինի: Ու այստեղ այլ հարց է առաջանում՝ իսկ երեքուկես ամսից (մոտավորապես այդքան է մնում մինչեւ ամերիկյան ընտրությունները) Բլինքենն իր աթոռին կլինի՞, որ կարողանա այս գործընթացն առաջ տանել: Կմնա՞ Բայդենը, թե՞ կգա Թրամփը՝ բոլորովին այլ թիմով եւ մոտեցումներով, այս պահին միայն ենթադրություններ են: Արդյունքում, այս ընդհանրական պատկերը շատ ավելի նման է նրան, որ Ալիեւն ու Նիկոլը պարզապես շարունակում են ժամանակ ձգել, մինչեւ ԱՄՆ-ում հստակություն կլինի, ինչքան էլ որ Վաշինգտոնը փորձում է «խաղաղության պայմանագիրը» Բայդենի օգտին քարոզչական դետալ սարքել: Ու միայն դրանից հետո կգա կոնկրետ որոշումների ժամանակը՝ կախված այդ պահին ստեղծված փաստացի իրողություններից: