Կամո Ունանյանը նոկաուտով նվաճեց WKN վարկածի գոտին
ՍպորտՀուլիսի 14-ին «Միկա» մարզահամալիրում տեղի ունեցավ «Mixfight 56» MMA մարզաձևի միջազգային խոշոր մրցաշարը։ Այս անգամ մրցաշարի գլխավոր մենամարտն ընթացավ WKN վարկածի գոտու համար։ Այդ մենամարտում կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, MMA մարզաձևում արդեն 7/0 ռեկորդակիր, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը մենամարտեց ղազախստանցի մարզիկ Մուհամմեդ Խան Օսպանովի հետ։ Ինչպես և ակնկալվում էր, նախորդ մենամարտերի նման Կամոն այս անգամ էլ հաղթանակի համար երկար սպասեցնել չտվեց։ Մարտը սկսելուց րոպեներ անց ծանր նոկաուտի ենթարկեց հակառակորդին և վստահորեն նվաճեց WKN վարկածի գոտին։ MMA մարզաձևում սա Կամո Ունանյանի 7-րդ մենամարտն էր և 7-րդ հաղթանակը։
Շեշտենք, որ ի սկզբանե նախատեսված էր, որ WKN վարկածի այս տիտղոսի համար Կամոն պետք է մենամարտեր իրանցի մարզիկ Այդին Մորտեզայի հետ։ Սակայն մրցաշարից մեկ շաբաթ առաջ պարզվեց, որ իրանցի մարզիկն ունի քաշային խնդիր և վնասվածք։ Այդ իսկ պատճառով «Mixfight»-ը Այդին Մորտեզային փոխարինեց Մուհամմեդ Խան Օսպանովով։
Մրցաշարի գլխավոր տիտղոսը նվաճելուց հետո կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, MMA մարզաձևում արդեն 7/0 ռեկորդակիր, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանից հետաքրքրվեցինք, թե դժվար չէ՞ր նախապատրաստվել մարտին, երբ մրցակիցդ փոխվեց մեկ շաբաթ առաջ։
- Ինձ համար բացարձակ կապ չունի, թե ով է իմ մրցակիցը։ Ով ուզում է լինի իմ մրցակիցը, ես ունեմ կոնկրետ նպատակ, շարժվում եմ իմ նախատեսված պլանով և գնում դեպի նպատակի իրականացում, որպեսզի մենամարտի ընթացքում հաղթող ճանաչվեմ։
- Կամո, MMA մարզաձևում Ձեր գրեթե բոլոր մարտերն ավարտվել են հենց առաջին ռաունդում՝ նոկաուտով։ Այս մենամարտն է՞լ էր պլանավորած, թե Ձեր մարզաոճն է այդպիսին։
- Անկեղծ, չէի նախատեսել, որ հաղթելու եմ հենց առաջին ռաունդում, պարզապես այդպես ստացվեց։ Ինչպես միշտ, այս անգամ էլ ես լավ պատրաստված էի թե՛ ֆիզիկապես, և թե՛ հոգեպես։ Պարզապես ստացվեց գեղեցիկ հաղթանակ՝ գեղեցիկ նոկաուտով։ Շատ երկար էի սպասում այս նվաճմանը, և ամեն ինչ արեցի, որ MMA մարզաձևում ունենամ այս տիտղոսը, իսկ WKN վարկածի գոտին նվաճելը բավականին լուրջ տիտղոս է, ինչի համար ուրախ եմ ու հպարտ։
- Այս մրցաշարից առաջ ասել էիք, որ եթե լուրջ վնասվածք չստանաք, ապա նախնական պայմանավորվածության համաձայն՝ կմասնակցեք օգոստոսի 23-ին «FightNights»-ի մրցաշարին։ Ի՞նչ մարզավիճակում եք, մասնակցելո՞ւ եք այդ մրցաշարին։
- Այս մենամարտում թեպետ վերջին հարվածի ժամանակ ստացա ձախ ձեռքի բավականին լուրջ վնասվածք, բայց ես ամեն ինչ կանեմ, որպեսզի օգոստոսի 23-ին մասնակցեմ Հայաստանում ամենախոշոր կազմակերպություններից մեկի՝ «FightNights»-ի մրցաշարին։