Հիսուսն իր առաջին Գալուստով ոչ թե եկավ պատժելու, այլ փրկելու ու տվեց այդ հնարավորությունը մոտենալ Իրեն, մինչև երկրորդ Գալուստը
Հայ Առաքելական Եկեղեցու կանոնակարգն ինձ հասու չէ, բայց ինձ հասու է գործող Սահմանադրությունը, որի ուժով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ մարդու կյանքում։ Արդյո՞ք դա նշանակում է, որ եկեղեցու սպասավորը եկեղեցուց դուրս անելիք չունի հայ քրիստոնիայի հոգևոր կյանքում, արդյո՞ք դա նշանակում է, որ եկեղեցական արարողությունները պետք է գրաբարով լինեն, որը ոչ հայ մարդու մեղքով այսօր հասկանում է հարյուրից մեկը։
Այսօր շատ ու շատ մարդիկ կան, ովքեր ցանկանում են իրենց գորշ իրականությունից ազատվել, որոնց ստվերի պես հետապնդում են իրենց գործած մեղքերը, սակայն չեն կարողանում, քանի որ բումերանգի օրենքով գործած արարքը գալիս կպնում է ու մարդուն դարձնում կամազուրկ, անդամալույծ, ուստի Հոգևոր Հոր հետ Հայր մեր ասելով, հետո եկեղեցուց դուրս գալով կրկին մեղք գործելով, վերջնականապես դառնում է անզոր ու անբուժելի տկար։ Հարկավոր է և այդ հարկավորի պոզիտիվ պարտավորությունն ընկած է ոչ միայն պետության Բարձր Դռան, այլ նաև Հայ Առաքելական Եկեղեցու Սպասավորի վրա, որպեսզի յուրաքանչյուր հային բերի այն գիտակցության, որ Հիսուս ի՛ր համար խաչը բարձրացավ և անձամբ Իր Կյանքով, Իր Օրինակով ցույց տվեց, որ ընտրովի, փողոցային արդարադատությունն անթույլատրելի է, որ զոռբայությունը, չարակամությունը, նախանձությունը, ստախոսությունը, դավաճանությունը ծանր մեղքեր են։ Որ երկրի վրա կուռքեր սարքելու փոխարեն անհրաժեշտ է շնորհակալություն հայտնել, որ Հիսուսն իր առաջին Գալուստով ոչ թե եկավ պատժելու, այլ փրկելու ու տվեց այդ հնարավորությունը մոտենալ Իրեն, մինչև երկրորդ Գալուստը, որը լինելու է ոչ թե փրկության, այլ արած ու չարածի համար պատասանատվության։
Լևոն Բաղդասարյան, փաստաբան