Վախեցողն ինձ համար մտավորական լինել չի կարող. Ժասմեն Ասրյան
ՏեսանյութերԱյն, որ անտարբերությունն այլեւս համատարած է եւ, կարծես, սովորական երեւույթ է դարձել, նորություն չէ: Սակայն անհասկանալի է՝ ունենալով նման քաղաքական, տնտեսական, մշակութային քայքայված իրականություն, ինչպե՞ս է ստացվում այսչափ անտարբեր մնալ եւ ապրել օրվա համար կամ՝ զուտ օրվա հացով: Ցավալիորեն, այս անտարբերությունից անմասն չեն մնում մտավորականներն ու մշակութային գործիչները: Մինչդեռ «Իրավունքի» հետ զրույցում դերասանուհի, գրականագետ, հասարակական գործիչ ԺԱՍՄԵՆ ԱՍՐՅԱՆՆ ընդգծեց, որ մտավորականությունը պետք է լինի առաջնային ուժ՝ ազգի, մարդկության համար:
«Ցավոք, այդ առաջատար ուժը կամաց-կամաց թուլացավ եւ դարձավ շատ ստվերային ու քչացավ: Հիմա այնպիսի մտավորականների կարող ես հանդիպել, որոնք ինչ-որ տրամադրությունների տակ են մտնում եւ չեն կատարում իրենց պարտավորությունները», - նշեց նա:
Ժասմեն Ասրյանի կարծիքով՝ դա իշխանությանը հաճոյանալ է, դիրք կորցնելու վախ է. «Միայն այդ պատճառները բավական են, որպեսզի ես նման մտավորականությանը չընդունեմ: Նրանք պետք է լինեն օրինակելի, հայրենասիրություն ցուցաբերող ուժը եւ հասարակությունը պետք է օրինակ վերցնի մտավորականներից: Եթե մտավորականը վախենա, կամ մի որեւէ գործ ձեռնարկի, որն ազգային չէ, ինձ համար մտավորական լինել չի կարող»:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ