Ռոբերտ Քոչարյանի դատական գործը հնարավոր է՝ վերսկսվի. ՍԴ-ն վերաորակել է համապատասխան հոդվածը
ԻրավականՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մյուսների դատական գործը հնարավոր է վերսկսվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումին։
ՀՀ վճռաբեկ դատարանը տարեսկզբին դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան` 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի, 35-րդ հոդվածի 1-ի, 4 և 5-րդ մասերի, ինչպես նաև 366-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ, ու ըստ այդմ՝ վերաորակավորելու Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին ներկայացված մեղադրանքը
Հուլիսի 22–ի նիստում Սահմանադրական դատարանը որոշեց, որ մեղադրանքը վերաորակելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (1998 թ.) 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։
Նշենք, որ 309.1-ին հոդվածի 3-րդ մասով որոշվում են առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու սահմանները, և մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել մեղադրանքը, այդ թվում նաև` խստացման առումով, եթե դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում է։
Մյուս հոդվածներով ՍԴ–ն վարույթը կարճել է։
Նշենք, որ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանին արգելվել է մասնակցել այս գործի քննությանը, քանի որ նա մասնակցել է նշված գործի քննությանն այլ դատարանում: ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին ևս արգելվել է մասնակցել գործի քննությանը, քանի որ նա էլ, ըստ ՍԴ որոշման` կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ: Գործի դատաքննությունն անցկացվել է գրավոր ընթացակարգով և որպես պատասխանող կողմ է ներգրավվել վիճարկվող օրենսգիրքն ընդունած մարմինը` ՀՀ Ազգային ժողովը:
Հայկ Ալումյանի խոսքով` ամեն ինչ ավելի հստակ կլինի, երբ Վճռաբեկ դատարանը ՍԴ այս որոշման հիման վրա որոշում կայացնի։