Թե ասա` ընկեր Արթուր, բա քեզ պե՞տք էր. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՌԴ ԱԳ նախարարի պաշտոնաթող ավագ խորհրդական ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՆԱՆԵՎԻ ուշագրավ հայտարարությունը վերջակետ դրեց 44-օրյա պատերազմում տեղի ունեցածի վերաբերյալ: ՀՀԿ խորհրդի անդամ, մեդիափորձագետ Հայկ Դերզյանին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնաթող ավագ խորհրդականն ընդգծել է, որ 2023թ. սեպտեմբերին՝ Արցախում սկսված ռազմական գործողություններից 2-3 օր առաջ, Թուրքիայում հանդիպել են ՌԴ, ԱՄՆ եւ ԵՄ ներկայացուցիչները: Անանեւի խոսքով՝ ՌԴ-ն փորձել է կանխել Ադրբեջանի կողմից սանձազերծվող էսկալացիան, սակայն ԱՄՆ-ը դեմ է եղել: Ա. Անանեւը, նաեւ փակագծեր բացելով, ասել է, որ հայկական իշխանություններն իմացել են Ադրբեջանի՝ սպասվող գործողությունների մասին, բայց նրանց ասվել է, որ հայտարարեն, թե Հայաստանը որեւէ կերպ չի արձագանքելու այդ գործընթացին: Պատկերացնո՞ւմ եք, թե արթուն հասարակությունում, ինչպիսի ռեզոնանս կսատանար այսպիսի բացահայտումը, էլ չենք ասում՝ հետեւանքների մասին:
Ոչ պակաս զարմանալի հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, թե` մանդատները վայր դնել պահանջող մարդկանց մեծամասնությունը «քաղաքական պարազիտներ» են։ Քաղակտիվիստ Արա Կարանյանը վերոնշյալի մասին այսպես է արտահայտել իր վրդովմունքը. «Արթուր Խաչատրյան, ուշադիր նայիր ու մտածիր, թե դու քո ասածների տակից ինչպե՞ս ես դուրս գալու։ Դի՛ր, դի՛ր մանդատդ ու …»: Իսկ «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանն ընդգծել է. «Ես դեռ 2022 թվականի ապրիլին եմ հետ կանչել «Հայաստան» դաշինքին ոչ բարով տված իմ քվեն, իսկ ով ինձ համարում է «քաղաքական մակաբույծ», թող ոչ թե անհասցե ապրիորի հայտարարություններ անի, այլ այդքան տղամարդկություն ունենա կանգնի ու երեսիս այդքան բանը ասի ու հետո «բռնել չտա», ինչը ինչպես. «բեզաչոտնիկությունը» լայն տարածում ունի այս «ընդդիմության» մոտ»: Թե ասա` ընկեր Արթուր, բա քեզ պե՞տք էր այդպես արդարացնել` մանդատդ պահելը:
Ասացինք` «բա քեզ պե՞տք էր», հիշեցինք ԱՄՆ նախագահական ընտրություններին դեմոկրատների նոր թեկնածուին` ՔԱՄԱԼԱ ՀԱՐԻՍԻՆ: Պարզվում է` հանրապետականների նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ժամանակին եղել է Քամալա Հարիսի կողմնակիցը, սակայն այժմ նրանք, ամենայն հավանականությամբ, կլինեն գլխավոր մրցակիցներ` նախագահի պաշտոնի համար պայքարում: Ամերիկյան Newsweek պարբերականը գրում է, որ Թրամփը նախկինում երկու անգամ աջակցել է Հարիսի արշավին ֆինանսական նվիրատվություններով։ Այսպիսով, 2011 թվականի սեպտեմբերի 26-ին Թրամփը նրան փոխանցել է 5 հազար դոլար, իսկ 2013 թվականի փետրվարի 20-ին` եւս հազար դոլար։ Այդ ժամանակ Քամալա Հարիսն առաջադրվում էր Կալիֆորնիայի գլխավոր դատախազի պաշտոնում: Ընդ որում` Հարիսի նախընտրական արշավին գումար է նվիրաբերել ոչ միայն ինքը՝ Թրամփը, այլեւ նրա դուստրը՝ Իվանկա Թրամփը։ Ինչպես գրում է Washington Post-ը, դա տեղի է ունեցել 2014 թվականին, Իվանկա Թրամփը երկու հազար դոլար է փոխանցել Հարիսին` աջակցելու համար։ Չէ, այսպես, որ գնա Հարիսին Թրամփը ո՛չ թե նախագահական, այլ` հարս է տանելու:
Զարմացած է «Իրավունք»-ը