Մոսկվայի վերջին առաջարկը Նիկոլին
ՎերլուծությունԴեռ անցած տարվա հոկտեմբերից, երբ չկայացավ հնգակողմ ձեւաչափով Գրանադայի` Ալիեւի եւ Նիկոլի հանդիպումը՝ Ադրբեջանի նախագահի հրաժարվելու պատճառով, արդեն ակնհայտ էր, որ Նիկոլը հայտնվել է գնալով խորացող փակուղային վիճակում: Առավել եւս, որ գրեթե անմիջապես էլ Ալիեւը հայտարարեց, որ հրաժարվում է արեւմտյան հարթակի միջնորդությունից, սակայն պատրաստ է «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցել Մոսկվայի միջնորդությամբ կամ առանց որեւէ միջնորդի:
ԻՆՉ ՎԻՃԱԿՈՒՄ Է ՆԻԿՈԼԸ
Դրան հաջորդած այս ողջ ժամանակաշրջանում, թեեւ Ալիեւին տարհամոզելու բացահայտ եւ ստվերային տարբեր փորձեր եղան: Սակայն Վաշինգտոնում վերջերս կայացած Բլինքենի միջնորդությամբ Բայրամով-Միրզոյան եւ Լոնդոնում չկայացած Ալիեւ-Փաշինյան հանդիպումները եկան հերթական անգամ հաստատելու, որ Ալիեւն իր հիշատակած տեսլականից, ինչպես քանիցս ենթադրելու առիթ ունեցել ենք, չի հրաժարվում:
Ու հենց այստեղ էլ Նիկոլի խորացող փակուղու ողջ իմաստն է: Մի կողմից, Ալիեւը շարունակական եւ խորացող ճնշումների միջոցով Նիկոլին փորձում է ստիպել՝ գնալ իր մատնանշած բանակցային ուղղությամբ: Դրան գումարվեցին ռուսական աճող ճնշումները՝ մոտավորապես այս ուղղությամբ՝ անթույլատրելի է մեզ հետ քաղաքական հարաբերությունները փչացնել, սակայն մեր հաշվին փող աշխատել, կողմնորոշվեք: Եվ այս ֆոնին էլ՝ ոչ պակաս լուրջ ճնշում էր Արեւմուտքի դիրքորոշումը. այդպես էլ չեն կարողանում լուծել «Խաղաղության պայմանագրի» հարցը՝ Նիկոլին թողնելով քաղաքական իմաստով «օդից կախված» վիճակում: Որեւէ լուրջ քայլ չեն կատարում նաեւ տնտեսական ուղղությամբ:
Ահա մոտավորապես այս վիճակում էլ ձախողվեցին «խաղաղության պայմանագրի» հետ կապված արեւմտյան վերջին փորձերը՝ վաշինգտոնյան եւ լոնդոնյան հանդիպումների ձախողման տեսքով: Իսկ սրան զուգահեռ ընթացող ներամերիկյան իրողությունները Նիկոլի այս փակուղային վիճակի «դագաղի վերջին մեխն» են: Այսինքն, ի՞նչ կլինի ԱՄՆ-ում, Նիկոլի «հին տանիքը» կպահպանվի, եթե հրաշքով՝ այո, ապա ի՞նչ տեսքով, դա ի՞նչ հետեւանքներ է խոստանում: Այսինքն, Կամալա Հարիսի իշխանության դեպքում կովկասյան հարթակում նույն կուրսը Վաշինգտոնը կշարունակի՞: Կամ եթե «փլուզվի»՝ Թրամփի իշխանության գալու արդյունքում, ի՞նչ մեխանիզմ է «նոր» Վաշիգտոնը փորձելու առաջ տանել մասնավորապես հայ-ադրբեջանական, հայ-թուրքական, վերջապես՝ հայ-ռուսական ուղղություններով եւ այլն՝ այս պահին առավել քան անորոշ է: «Լավագույն» դեպքում, եթե «տանիքը» պահպանվի նորացված տեսքով, Հարիսը գա իշխանության եւ բայդենյան կուրսը փորձի շարունակել, էլի մոտավորապես մեկ տարվա չափ հայ-ադրբեջանական գործընթացով հազիվ թե Վաշինգտոնում զբաղվող լինի: Առավել եւս, որ այս ուղղությամբ Վաշինգտոնի նշանակած վերակացուն՝ Մակրոնը, իր հերթին հիմա Նիկոլի ժամանակը չունի՝ սեփական ծանրագույն խնդիրների պատճառով: Ու մեծ հարց է, թե այդ մեկ տարվա ընթացքում Նիկոլը կարո՞ղ է գործնականում առանց Արեւմուտքի օգնության, շարունակել օդից կախված թողնել «խաղաղության պայմանագրի» թեման, հաշվի առնելով նաեւ Ալիեւի աճող ճնշումները: Իսկ մեկ տարուց արդեն մտնելու է ընտրական փուլ, եւ այնպիսի ծանր բեռո՞վ, ինչպիսին է «Խաղաղության պայմանագիրը». մեղմ ասած, շատ վտանգավոր է:
ԻՆՉ ԵԼՔ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՄՈՍԿՎԱՆ
Մի խոսքով, շատ նման է, որ Նիկոլի համար խորացող փակուղին արդեն վերածվել է սովորական ցայտնոտի, եւ պետք է հենց այս պահին վերջնական որոշում կայացնել: Այն է՝ նստում եւ սպասում ես Արեւմուտքում իրավիճակի հստակեցմանը, ընդ որում` ունենալով միանգամայն ռեալ սպասելիք, որ այդ հստակեցումն ամենեւին էլ քո օգտին չի լինելու: Եվ երկրորդը՝ արագ տեղափոխվում ես ռուսական բանակցային հարթակ, նաեւ այն հույսով, որ Արեւմուտքում խառն են եւ քեզնով զբաղվելու ժամանակ եւ զբաղվողներ այս պահին չկան:
Երկրորդ տարբերակը, իհարկե, ավելի տրամաբանական տեսք ունի, թեեւ երբ խոսքը Նիկոլի կողմից կայացվող որոշումների մասին է, տրամաբանություն ասվածը, մեղմ ասած, հարաբերական իմաստ ունի: Բայց ամեն դեպքում, նման է, որ Մոսկվայում եւս մտածում են ռեալ տրամաբանությանը համապատասխան, համենայնդեպս, նախօրեին եղավ հերթական առաջարկը՝ Ռուսաստանը պատրաստ է իր հարթակը տրամադրել Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների միջեւ բանակցությունների համար: Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի. «Ռուսաստանը եւս պարտավորվել է շարունակելու հնարավոր աջակցություն ցուցաբերել գործընթացին։ Այսինքն՝ մեր մոտեցումը ոչ միայն կայուն է, դա արձանագրված է նաեւ մեր երկրի ստորագրած փաստաթղթում։ Նման օգնության ծավալն ու ձեւը պետք է ընդունելի լինեն բանակցող կողմերից յուրաքանչյուրի համար՝ ըստ ձեռքբերված պայմանավորվածությունների, Մոսկվան բազմիցս ընդունել է ադրբեջանա-հայկական բանակցությունների փուլերը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ։ Մենք պատրաստ ենք դա անել»:
Ավելին. «Մենք նաեւ մեր դաշնակիցների միջեւ հավասարակշռված խաղաղության պայմանագրի կնքումը որպես տարածաշրջանում անքակտելի անվտանգության եւ կայուն տնտեսական զարգացման ճարտարապետության կառուցման նախապայման ենք »: Իմաստը մոտավորապես սա է՝ Ալիեւը պետք է զսպի իր ավելորդ ախորժակը, Նիկոլը՝ արեւմտյան ուղղությամբ խաղերը: Արդյունքում, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, հնարավորություն կա, որ առկա տարաձայնությունները երկկողմ պայմանավորվածություններին համապատասխան շուտափույթ կլուծվեն, եւ «հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ ամենաբարձր մակարդակով ոլորտներում հաջող առաջընթաց կգրանցվի»:
Կարճ ասած, ՌԴ ԱԳՆ-ն առաջարկում է վերադառնալ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան պայմանավորվածությունների դաշտ՝ հավաստիացնելով, որ այդ դեպքում հնարավոր է արագ եւ հավասարակշռված «խաղաղության պայմանագրի» հասնել: Հաշվի առնելով, որ միաժամանակ այս թեմային անդրադարձավ նաեւ ՌԴ նախագահի խոսնակը, կարելի է ենթադրել, որ ՌԴ ԱԳՆ-ի այս նոր առաջարկն իրականում գալիս է Կրեմլից: Ամեն դեպքում, Պեսկովը զգուշացնում է Նիկոլին. «Հայաստանն ինքնիշխան երկիր է, ինքն է ընտրում փոխգործակցության առաջնահերթ ուղիները։ ՀՀ-ն մեր դաշնակիցն է, եղբայրական երկիր։ Մենք չէինք ցանկանա, որ նրան փնտրտուքները տանեին այն ճանապարհով, որը ժամանակին ընտրել էր Կիեւի ռեժիմը… Ռուսաստանը մտադիր է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ»: Համեմատությունն Ուկրաինայի հետ, իհարկե, առավել քան ծանր մեսիջ է: Թերեւս, նաեւ պետք է գումարել հայկական գյուղմթերքների արտահանման հետ կապված հայտնի խնդիրները, որը նույնպիսի մեսիջ էր, որ դա կարող է շատ արագ տարածվել այլ ոլորտներով:
Նկատենք նաեւ, որ գրեթե անմիջապես եղավ նաեւ Բաքվի արձագանքը, որն իր հերթին է ակնարկում, որ այս ողջ պատմությունն այս պահին հենց այնպես, օդից չընկավ: Առավել եւս, որ Բաքվի պատասխանը հնչեցվեց ռուսական լրատվամիջոցին՝ ՏԱՍՍ-ին տված Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանի տեսքով: Այսպես, ըստ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի՝ Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Հայաստանի հետ բանակցություններին Ռուսաստանում եւ այլ վայրերում: Ու նկատենք, որ սա միանգամայն համահունչ է Ալիեւի հիշատակած հայտարարությանը՝ պատրաստ է բանակցել ռուսական հարթակում, իսկ արեւմտյան միջնորդությունը չի ընդունում:
Շատ նման է, որ այս ամենը Մոսկվայից Նիկոլին ուղղված մի վերջին առաջարկ է՝ գնահատել ամբողջական իրավիճակը՝ այն, ինչ կատարվում է Արեւմուտքում, եւ ինչ առաջարկում է Մոսկվան, եւ վերջնական որոշում կայացնել: Ընդ որում` հնարավորինս «դեմքը փրկելով»: Եվ հաշվի առնելով, որ այս պահին Մոսկվան Հարավային Կովկասում կայուն իրավիճակ ստեղծելու հարցում շտապելու խնդիր ունի, կարելի է նաեւ ենթադրել, որ պաշտոնական Երեւանն այս դեպքում ժամանակ ձգելու հնարավորություն պարզապես չունի՝ արագորեն կհաջորդեն միանգամայն կոնկրետ քայլեր: Մնացածն արդեն Նիկոլի որոշելիքն է: