«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել, հակառակը՝ ինքն է ենթարկվում հանրային օրակարգին։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանն ուշադիր հետեւել է հանրային արձագանքներին եւ նկատել, որ իր մեկամսյա արձակուրդի մասին լուրը մարդիկ շատ վատ են ընդունել: Համատարած գրում էին` պատերազմով վախեցնողը 1 ամսով արձակուրդ է գնացել:
Նիկոլ Փաշինյանի հանգիստը «հարամ անողներից» մեկն էլ Բագրատ սրբազանն ու նրա շարժումն են, որոնք այս օրերին ակտիվ հանդիպումներ են ունենում քաղաքացիների հետ, մարզային, երեւանյան այցելություններ անում, շարունակում Սուրբ Աննա եկեղեցու բակի հավաք-հաշվետվությունները։ Փաշինյանն ընդդիմության հետ մրցակցությունից ելնելով էլ է առաջնորդվում:
Մեզ ասացին, թե անգամ ծրագրված էր, որ պետք է մեկնի Փարիզ՝ օլիմպիական խաղերի բացմանը մասնակցելու, սակայն նույնիսկ այդ մտքից է հրաժարվել: Փարիզ են մեկնել նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կառավարության անդամներ եւ հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Նախօրեին նրանք Փարիզում ներկա են գտնվել Հայկական տան բացմանը եւ հանդիպել են Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամների հետ: Իսկ Փաշինյանը երեկ այցելել է Արմավիրի մարզ, առաջիկայում նախատեսում է Տավուշ, մասնավորապես՝ Կիրանց այցելություն»: