Երեխայիս ասելու եմ, որ պայքարել եմ այն մարդկանց դեմ, ովքեր կործանել են երկիրս. Մհեր Արմենիա
ՄշակութայինԻ հակադրություն հանրության շրջանում առկա հուսահատական տրամադրությունների՝ «Ազգի Ձայն» կուսակցության նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ լիահույս է՝ ապագայի, սերունդների հարցում:
— Ո՞ր տարիքից սկսեցիք երգել, եւ ինչո՞վ էր պայմանավորված Ձեր սերը դեպի երգարվեստը:
— Մանկուց է եղել: Իմ գերդաստանը եւ ծնողներս երաժիշտներ են: Ու ձգտումս շատ մեծ էր դեպի բեմ, դեպի երգարվեստ:
— Ինչո՞ւ լավ երաժշտությունն այսօր չի ունենում այնքան դիտելիություն եւ պահանջարկ, ինչպիսին ունենում է անորակ երաժշտությունը:
— Անորակ երաժշտություն միշտ էլ եղել է, պարզապես, քանակն է շատացել: Բայց ովքեր արտադրում են որակով երաժշտություն, այդ մարդիկ դեռ պետք է ավելի համառ եւ ակտիվ լինեն: Ասեմ՝ ինչով է պայմանավորված. դա տարբեր սոցիալական խմբերի մարդկանց հոգեբանական խնդիրներից է: Չէ որ արտիստը երբ երգում է, պետք է հոգեպես հանգիստ լինի: Չի լինում ստեղծագործել, երբ ներաշխարհդ անհանգիստ է: Օրինակ` կորոնավիրուսի շրջանում շատերն աշխատանք չեն ունեցել, սթրես են տարել, նույնը` պատերազմի ժամանակ: Այսինքն՝ իրադարձությունները, որոնք կատարվում են երկրի ներսում, անմիջականորեն ազդում են ստեղծագործող մարդու վրա, եւ կապ չունի՝ այդ մարդը երգիչ է, նկարիչ է, դերասան է: Նաեւ մեծ նշանակություն ունի սոցիալական ցանցը: Օրինակ` Յութուբը բաց հարթակ է, բոլորի համար, ու ցավոք, շատերը նախընտրում են ավելի հեշտ մարսելի երաժշտություն, քան` խորքային: Փառք Աստծո, Հայաստանում կան մարդիկ, ովքեր որակով են աշխատում, եւ հավատացեք, որ վերջում այն հաղթելու է անորակությանը:
— Ինչպե՞ս կգնահատեք այժմյան մրցույթները, որոնց մասնակցում են մեր երիտասարդները:
— Ես հիմա ավելի շատ զբաղվում եմ երիտասարդ սերնդին ներկայացնելով՝ Հայաստանի Հանրապետությունում եւ մեր սահմաններից դուրս: Մենք ունենք շատ տաղանդավոր երաժշտական սերունդ՝ լինի թատրոնի ոլորտում, երգ ու պարի եւ այլն: Ես ցանկանում եմ, որ իմ հայրենքիը ներկայացնեն շատ բարձր որակով, ինչպես ես եմ ներկայացրել: Պետք է գիտակցենք, որ դժվար ժամանակներ ենք ապրում, եւ ոչ մի իշխանություն հավերժ չէ: Կգա ժամանակը, եւ կփոխվի այս ամենը, ու վստահ եմ՝ մենք կլինենք մասնակիցը այդ փոփոխությունների եւ մեր սերունդներին իրոք կտանք անվտանգ Հայաստան:
— Ինչո՞ւ են արվեստի ներկայացուցիչներն այսչափ անտարբեր երկրի համար օրհասական հարցերում՝ պատճառաբանելով, թե քաղաքականությամբ չեն զբաղվում: Ինչպե՞ս կարող են մարդիկ ապրել մի երկրում, որն ընդամենը մեկ տարի առաջ ունեցել է կորուստներ՝ տարածքային, մարդկային, ու մնալ այս ամենի հանդեպ անհաղորդ:
— Դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը կզբաղվի քեզնով: Պատճառները տարբեր են՝ ոմանք խուսափում են կարծիք հայտնելուց, ոմանք` կարծիք լսելուց իրենց սոցիալական էջերի տակ: Արտիստները շատ փխրուն մարդիկ են ու վախենում են հոգեբանական սթրեսի մատնվել: Նաեւ ոմանք վարում են ջայլամի քաղաքականություն: Ես ոչ ոքի չեմ մեղադրում, իրենց իրավունքն է: Գիտեմ, որ ես` որպես մշակութային գործիչ, իմ երեխային ասելու եմ, որ պայքարել եմ այն մարդկանց դեմ, ովքեր կործանել են երկիրս: Նաեւ շատ կարեւոր եմ համարում, որ Մշակույթի նախարարությունը կրկին առանձնանա: Ասեմ, որ իշխանությունները թատրոններ են փակում, համակարգն է արժեզրկվում: Եթե իմ գործընկերները չեն ցանկանում քաղաքականությունից խոսել, ապա մշակութային իրավիճակի մասով պարտավոր են կարծիք հայտնել: Ցավոք, իշխանություններն այնպես են արել, որ մշակութային գործչի խոսքն արժեք չունենա, ուժ չունենա: Շատերը, դա գիտակցելով, չեն ցանկանում խոսել՝ համարելով, որ բացի պարսավանքից, ոչինչ ավելին չի լինի, սակայն թող խոսեն՝ խոսքն ուժ եւ արժեք ունի:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.