Քաղաքացին պետք է տեղեկացված լինի իր նկատմամբ վարույթի մասին, մինչև հարկադիր կատարման մարմին հասնելը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից 2023 թվականին ընթացք է տրվել ավելի քան 2,7 միլիոն կատարողական վարույթի, տարբեր պահանջատերերի օգտին բռնագանձվել է ավելի քան 58 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համադրելի ցուցանիշից ավելի է շուրջ 14,1 տոկոսով: Ընդհանուր առմամբ այդ ցուցանիշը դրական է հատկապես այն իմաստով, որ 2023 թվականին արձանագրվել է կարճված վարույթների աճ և ավարտված կատարողական վարույթների քանակի նվազում 2022 թվականի համեմատ։ Աճ է գրանցել նաև բռնագանձված կատարողական ծախսերի ցուցանիշը։ Ծառայությունը ոչ միայն ամբողջությամբ ապահովում է իր պահպանման ծախսերը, այլև լրացուցիչ գումար է փոխանցում պետական բյուջե։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը։
Հարցազրույցի ընթացքում Մնացականյանը խոսել է Ծառայության բարեփոխումների, առաջիկա ծրագրերի, շարժական գրասենյակների, թվային նոր լուծումների, ծանուցումների հետ կապված հարցերի մասին և ներկայացրել ամփոփ վիճակագրություն։
- Պարոն Մնացականյան, ավելի քան մեկ տարի է` նշանակվել եք Գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում։ Կխնդրեի առանձնացնել այն կարևոր ձեռքբերումները, որոնք արձանագրել եք այս մեկ տարվա ընթացքում:
- Իմ պաշտոնավարումը համընկավ այն ժամանակահատվածի հետ, երբ սկսվեցին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության լայնածավալ բարեփոխումները։ Արդեն կային դատաիրավական ռազմավարությունից բխող մի շարք ծրագրեր, որոնց շարունակականությունն ապահովելու հանձնառությամբ մի քանի ուղղություններով Արդարադատության նախարարության հետ համատեղ շարունակեցինք իրականացնել և ամբողջացնել հարկադիր կատարման ոլորտի թվայնացման, ինչպես նաև օրենսդրության համակարգային բարելավման և բարեփոխման, այդ թվում՝ «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի ընդունման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Ընդհանուր առմամբ՝ այս բարեփոխումները նպատակ ունեն բարձրացնել դատական և այլ ակտերի կատարման արդյունավետությունը, ապահովել պետության և քաղաքացու շահերի պաշտպանությունը, Ծառայության և պետական այլ գերատեսչությունների միջև պատշաճ փաստաթղթաշրջանառությունը, կրճատել ինչպես կատարողական վարույթների իրականացման, այնպես էլ՝ քաղաքացիներին սպասարկելու ժամանակը, ապահովել և հավասարակշռել կատարողական վարույթի կողմերի իրավունքները, նրանց՝ կատարողական վարույթին առնչվող տեղեկատվությանը և փաստաթղթերին թվային եղանակով հասանելիությունը, ինչպես նաև ընդլայնել էլեկտրոնային եղանակով իրականացվող կատարողական գործողությունների շրջանակը։
- Պարոն Մնացականյան, կխնդրեի ներկայացնել նաև դատական ակտերի հարկադիր կատարման ամփոփ վիճակագրությունը։ Նախորդ տարիների համեմատ ինչպիսի՞ն է պատկերը:
- Ընդհանուր առմամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն ունի բազմաբնույթ գործառույթներ՝ կախված կատարման ենթակա ակտի բնույթից և ներկայացված պահանջներից։ Բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթներից զատ՝ ունենք նաև ոչ գույքային բնույթի բազմաթիվ կատարողական վարույթներ, օրինակ՝ երեխայի տեսակցությունների ապահովում, գազաբենզալցակայանների կապարակնքում, քանդում, որոշակի գործողությունների կատարման արգելք կամ հակառակը՝ պարտավորեցում, հայցի ապահովումներ և այլ բազմաթիվ կատարողական վարույթներ, ուստի կարծում եմ, որ զուտ թվային ցուցանիշները հնարավոր է ձեզ ոչինչ չասեն, մինչդեռ դրանց հետևում իրականացված հսկայական աշխատանք կա։
Այդուհանդերձ, որոշակի տվյալներ ներկայացնեմ․ 2023 թվականի արդյունքային ցուցանիշներով՝ Ծառայության կողմից ընթացք է տրվել ավելի քան 2,7 միլիոն կատարողական վարույթի, տարբեր պահանջատերերի օգտին բռնագանձվել է ավելի քան 58 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համադրելի ցուցանիշից ավելի է շուրջ 14,1 տոկոսով: Ընդհանուր առմամբ այդ ցուցանիշը դրական է հատկապես այն իմաստով, որ 2023 թվականին ունեցանք կարճված վարույթների աճ և ավարտված կատարողական վարույթների քանակի նվազում 2022 թվականի համեմատ։ Աճ ենք գրանցել նաև բռնագանձված կատարողական ծախսերի ցուցանիշով։ Առանց թվային տվյալների մեջ խորանալու՝ ուղղակի ցանկանում եմ նշել, որ Ծառայությունը ոչ միայն ամբողջությամբ ապահովում է իր պահպանման ծախսերը, այլև լրացուցիչ գումար է փոխանցում պետական բյուջե։
2024 թվականի ընթացքում էլ ենք փորձում պահել տրված տեմպը։ Հատկանշական է, որ նախորդ տարվա 1-ին կիսամյակի համեմատ 12 տոկոսով նվազել է ընթացք տրված կատարողական վարույթների քանակը, այսինքն՝ ավելի քիչ ակտեր են ներկայացվել կատարման։
- Տևական ժամանակ է՝ մարդկանց ծառայություններ եք մատուցում շարժական գրասենյակների միջոցով։ Որքանո՞վ են դրանք արդյունավետ։
- Կառավարության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ․ ռազմավարությամբ ներդրվեց ՀԿԱԾ նոր մոդելը, որի շրջանակներում՝ որպես շարժական գրասենյակ, ձեռք են բերվել հատուկ նշանակության 2 մեքենա։ Դրանք տեխնիկապես հարմարեցված են տեղում քաղաքացիների սպասարկումն արագ և օպերատիվ կազմակերպելու համար։ Շարժական գրասենյակները գործարկվել են Ծառայության Գեղարքունիքի և Տավուշի, Սյունիքի մարզային բաժիններում՝ հաշվի առնելով մարզերի մեծությունը, տեղադիրքը, միջհամայնքային հեռավորությունը, կատարողական վարույթների քանակը։ Մայիս-հուլիս ամիսների տվյալներով՝ նշված մարզերի խոշորացված տարբեր համայնքներում սպասարկվել է շուրջ 270 բնակիչ։ Շարժական գրասենյակների գործարկումը նաև սոցիալական աջակցություն է մեր ազգաբնակչության համար, քանի որ հեռավոր համայնքներում Ծառայությունը չունի բաժիններ կամ բաժանմունքներ, իսկ բնակիչների համար Ծառայության մոտակա բաժին հասնելը ոչ միայն ժամանակատար է, այլև լրացուցիչ ֆինանսական միջոցների ծախս է պահանջում։ Տեղում սպասարկող հարմարավետ ու տեխնիկապես հագեցած մեքենաների շնորհիվ մեր քաղաքացիներից շատերը ստիպված չեն լինում հասնել տարածքային բաժիններ, մեր շահառուների սպասարկումն իրականացվում է ավելի կարճ ժամկետում, տեղում տրվում են լուծումներ, մյուս կողմից էլ որոշակի թեթևանում է մարզային բաժիններ քաղաքացիների այցելությունների քանակը և որոշ աշխատողների ծանրաբեռնվածությունը։ Այլ կերպ ասած՝ թեև շարժական գրասենյակների գործարկումը պետության համար ծախսատար է, այնուհանդերձ, պետությունն իր վրա է վերցրել այդ պարտավորությունը, քաղաքացուն մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու և, ինչու ոչ, նաև որոշակի սոցիալական երաշխիքներով ապահովելու համար։
Արդյունավետության մասին խոսելը կարծում եմ առայժմ վաղ է, քանի որ մի քանի ամիս է, ինչ շարժական գրասենյակները գործարկվել են, բայց, հաշվի առնելով խոշորացված համայնքների ազգաբնակչության կարծիքները, առայժմ կարող ենք նորամուծությունը դրական գնահատել, թեկուզ հենց այն իմաստով, որ քաղաքացիներն աշխատանքից չեն կտրվում, գումար չեն ծախսում Ծառայության մոտակա բաժին հասնելու համար, նաև հենց տեղում են ստանում իրենց վերաբերյալ կատարողական վարույթի մասին պարզաբանումները, տեղում են պարզում իրենց հետագա գործողությունները։
Նշեմ նաև, որ ծրագիրը գտնվում է Արդարադատության նախարարության մշտական ուշադրության ներքո։
- Քաղաքացիները հաճախ դժգոհում են, որ իրենց նկատմամբ կատարողական վարույթների մասին տեղեկանում են միայն այն ժամանակ, երբ հարկադիր կատարողն արդեն արգելանք է կիրառել իրենց դրամական միջոցների և այլ գույքի նկատմամբ։ Ինչո՞վ է պայմանավորված այս խնդիրը։
- Ճիշտ եք նկատում, մեր քաղաքացիներն իրենց ունեցած պարտավորությունների մասին տեղեկանում են Հարկադիր կատարման ծառայությունից։ Ինքս էլ եմ այդ հարցի վերաբերյալ քաղաքացիներից նամակներ ստանում։ Ցանկանում եմ նշել մի կարևոր հանգամանք, որպեսզի մեր քաղաքացիների համար ևս պարզ լինի․ մինչև կատարողական վարույթ հարուցելու պահանջ ներկայացնող մարմնի կողմից դատական ակտը կամ վարչական ակտը հարկադիր կատարման ներկայացնելը, պարտապան քաղաքացին կամ իրավաբանական անձը հիմնականում պետք է որ նախապես տեղեկացված լինեն սկսված գործընթացի մասին՝ վարույթ նախաձեռնած մարմնից կամ դատարանից։ Այլ կերպ ասած՝ մինչև հարկադիր կատարման փուլին հասնելը վարույթ նախաձեռնած մարմինը, օրինակ, վարչական մարմինը պետք է արդեն իսկ իրազեկած լինի քաղաքացուն, որ իր նկատմամբ վարույթ է իրականացվում։ Իհարկե, կան բացառություններ, օրինակ՝ դատարանի կողմից կիրառված հայցի ապահովման վերաբերյալ կատարողական վարույթներով քաղաքացիները շատ դեպքերում տեղեկանում են հարկադիր կատարման փուլում։ Ինչ վերաբերում է հարկադիր կատարման փուլին, այո, Ծառայությունում կատարողական վարույթը հարուցվում է էլեկտրոնային եղանակով, որին հաջորդում են համապատասխան կատարողական գործողությունները, օրինակ՝ արգելանքների կիրառումը, ինչի մասին հարկադիր կատարողը քաղաքացուն կարող է իրազեկել միայն կատարողական վարույթ հարուցելուց և արգելանքներ կիրառելուց հետո, հակառակ դեպքում՝ հարկադիր կատարողի կողմից պարտապանին նախապես ծանուցելը հակասում է օրենքի տրամաբանությանը, քանի որ քաղաքացին կարող է օտարել իր գույքը, դրամական միջոցները՝ արդյունքում կարող են խախտվել պահանջատերերի իրավունքները կամ հարցականի տակ դրվի կատարման գործընթացը։
Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ նշել, որ Ծառայության պաշտոնական կայքի «Անձնական գրասենյակ» թվային հարթակից օգտվելով՝ քաղաքացիներն ավելի շուտ կարող են տեղեկանալ իրենց նկատմամբ հարուցված կատարողական վարույթի մասին, քան կհասցնեն ծանուցվել: