Սարսափելի մանրամասներ. գտել են երեկ մոր պարանոցը կտրած որդուն. ինչ է կատարվել գիշերը Գարեգին Նժդեհի փողոցում
Շենգավիթում օգոստոսի 15-ին ժամը 09։50-ին շտապօգնության կայանից ահազանգ է հնչել, որ «վիզը կտրած» քաղաքացի կա Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր շտապած իրավապահները գտել են Գ. Կ-ի դիակը եւ պարզել, որ նույն օրը ժամը 08։55-ին սուր կտրող-ծակող գործիքով վերջինիս սպանել է որդին՝ 1998 թվականի ծնված Գ. Գ-ն, որը դիմել էր փախուստի։
ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ երեկ գիշեր ժամը 21։45-ին Գ․ Նժդեհի փ. 56Ա հասցեի մոտից Գ. Գ․-ն հայտնաբերվել ու ձերբակալվել է։
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 15-ին՝ ժամը 09:50-ին, Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 65-ամյա կնոջ դի՝ պարանոցի շրջանում կտրած վնասվածքով, հայտնում են ՀՀ ՔԿ-ից։
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել քննչական ու վարութային անհրաժեշտ գործողություններ. կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է դանակ՝ արնանման հետքերով։ Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են սուր կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներ, ինչպես նաև՝ պարանոցի կտրված վերք։ Հարցաքննվել են շուրջ մեկ տասնյակ անձինք, առգրավվել է շենքի մուտքը տեսանկարահանող սարքի հիշողության կրիչը: Տուժածի մարմնական վնասվածքների բնույթը, ստացման մեխանիզմը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,-ասված է հաղորդագրության մեջ: