Արտակարգ դեպք՝ Տավուշում. ընկերություններից մեկի տնօրենն ու հրշեջ-փրկարարը դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Իջևանի բաժին են զանգահարել «Իջևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ դանակահարված վիճակում 2 քաղաքացի է դիմել բուժօգնության։ Ժամը 21։30-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից կրկին հայտնել են, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Ռոման Ա․-ն, ում մոտ ախտորոշվել է «պարանոցի ձախ կեսի պատռված վերք» մարմնական վնասվածք։ Իսկ ժամը 23։50-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Տավուշի մարզի բնակիչ 25-ամյա Կարեն Ղ․-ն, ում մոտ ախտորոշվել է «աջ դաստակի կտրած-ծակած վերքեր թափանցումով որովայնի խոռոչ-լյարդի և բարակ աղու վնասումով, ներքին արյունահոսություն» մարմնական վնասվածքներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը Կարեն Ղ․-ին, Ռոման Ա․-ին, Տավուշի մարզի բնակիչներ 24-ամյա Վահագն Մ․-ին և 48-ամյա Միհրան Մ․-ին Արցախյան փողոցում գտնվող Տավուշի մարզի բնակիչ 41-ամյա Մելիք Ա․-ին պատկանող ավտոպահեստամասերի խանութ-սրահի դիմաց Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Մանե Շ․-ի անձի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ մոտեցել Տավուշի մարզի բնակիչ 27-ամյա Սերգեյ Մ․-ն, դանակով հարվածել է Ռոման Ա․-ին և Կարեն Ղ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ռոման Ա․-ն «Տավուշ-ջուր օգտագործողներ» ընկերության տնօրենն է, Կարեն Ղ․-ն աշխատում է ՀՀ ՆԳՆ Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատում՝ որպես փորձաշրջանի աշխատակից, Միհրան Մ․-ն ՀՀ պաշտպանության նախարարության պահեստազորի գնդապետ է, իսկ Վահագնը և Սերգեյը նրա որդիներն են։