Ինչպիսին էր «Արմմոնոյի» ամառը Կինեշմայում
Օգոստոսը, եթե շատերի համար հանգստի շրջան էր, ապա «Արմմոնոյի» համար թեժ փառատոնային էր: Կինեշմայում (ՌԴ) կայացած «Օստրովսկի-FEST» միջազգային թատերական 6-րդ փառատոնից այսօր հայ մասնակիցները վերադառնում են, ընդ որում՝ մրցանակներով:
Դերասանուհի Հասմիկ Գեւորգյանի եւ բեմադրիչ Հարություն Մինասյանի (Բեգ-Վանյան) «Երկու ճամպրուկով դեպի Կանադա» մոնոներկայացումը, որն «Արմմոնո» փառատոնի նախագիծն է, արժանացել է դիպլոմի, իսկ բեմադրիչ Հ. Մինասյանը (Բեգ-Վանյան)՝ ժյուրիի հատուկ մրցանակի (ներկայացման գեղարվեստական արտահայտիչ լուծումների համար):
Հիշեցնենք, որ բելգիացի դրամատուրգ Լայլա Նաբյուլսի «Երկու ճամպրուկով դեպի Կանադա» պիեսը մի աղջկա մասին է, որը ստիպված է հակառակ իր կամքի՝ լքել հայրենիքը եւ ապրել օտարության մեջ, լինել պանդուխտ: Անցնելով շատ դժվարությունների միջով՝ թվում է, թե հարմարվում է օտարությանը, բայց իրականում փորձում է իր ներսի կարոտը մարել… Մեր օրերում այսքան արդիական պատմությունը, փաստորեն, հուզել է նաեւ «Օստրովսկի-FEST»-ի ժյուրիին:
«Պիեսի բուն գաղափարը նաեւ կարեւորումն է քո երկրում մնալը: Այսինքն՝ այստեղ ազգայինից կառչելու թեման էլ է արծարծվում, որ ազգասեր եւ սեփական մշակույթը կարեւորող մարդիկ ուզում են մնալ իրենց երկրում: Այնպես որ, եթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է հետ կանգնել արտագաղթելու մտադրությունից եւ մնալ Հայրենիքում, ուրեմն՝ կարելի է համարել այն ստացված», - «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակում «Իրավունք»-ի ունեցած հարցազրույցի ժամանակ ասել է բեմադրիչը՝ Հարություն Մինասյանը (Բեգ-Վանյան):
Որպես բեմադրիչ` Մինասյանը (Բեգ-Վանյան) կարեւորում է հենց պիեսի ասելիքը, թե այդ գաղափարը դերակատարի կողմից ինչպես կմատուցվի. «Այս դեպքում՝ ներկայացնելով պատերազմը, դրա հետեւանքները՝ բռնի ուժով տեղահանությունը, արտագաղթը մի կնոջ միջոցով: Հերոսուհին պատմում է, որ ամուսինն ուզում էր, որպեսզի իրենք Կանադա մեկնեն՝ մտածելով, որ այնտեղ պատերազմ չի լինում, ամեն բան խաղաղ է: Բայց այնպես է ստացվում, որ Կանադայում տեղ չի հատկացվում նրանց, եւ գնում են Բելգիա: Սակայն, Բելգիայում լինելով էլ, միեւնույնն է, նրանք սպասման մեջ են: Պիեսում մի հատված կա, որտեղ ասվում է, որ աշխարհը քաղաքական գործիչների համար, կարծես, մեծ թխվածքաբլիթ լինի, նրանք վերցնում են դանակը եւ մասերի են բաժանում: Ում ինչ բաժին է հասնում, համարում է, որ իրենն է: Եվ հերոսին էլ ասում է, որ Բելգիայից դեռեւս չի գնա, որովհետեւ աշխարհում ժամանակ առ ժամանակ մի նոր թխվածքաբլիթ է պատրաստվում: Նկատի ունի այն, որ, միեւնույնն է, աշխարհը իր վերջնական, այսպես ասած, սահմաններում չէ, անընդհատ փոփոխություններ լինում են»:
Մինասյանը (Բեգ-Վանյան) եկել է այն համոզման, որ 21-րդ դարում, երբ բոլոր պայմանները ստեղծված են բնականոն եւ բարեկեցիկ կյանքի համար, երբ բոլորը խոսում են խաղաղության մասին, իրականում ամեն ինչ ավելի խճճված է եւ պատերազմներով լեցուն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ