ՇՏԱՊ. Հանկարծամահ է եղել «Հոկտեմբերի 27»-ի գործով դատապարտյալը. Մանրամասներ
ՆերքաղաքականՆուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված 65-ամյա Աշոտ Կնյազյանը։ Տեղեկությունը Factor․am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից. «Օգոստոսի 26-ին՝ ժամը 19։05-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն։ Ժամը 19։35-ի սահմաններում շտապօգնության անձնակազմի կողմից արձանագրվել է Ա․Կ․-ի կենսաբանական մահը»,- մանրամասնեց ՔԿԾ հանրային կապերի բաժնի ղեկավար Նոնա Նավիկյանը՝ առանց մասնավորեցնելու դատապարտյալի անունը։ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից Factor.am-ին ևս շատ մանրամասներ չհայտնվեցին, միայն նշեցին՝ Կնյազյանի մոտ երեկ գրանցվել է հանկարծամահություն, մնացած հանգամանքները կպարզվեն դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Դեպքի մասով նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն. «Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են անձինք, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախնական վարկածով՝ դատապարտյալը հանկարծամահ է եղել, ավելի հստակ ցույց կտա փորձաքննությունը»,- մեզ հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Հիշեցնենք՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի Ազգային ժողովում ահաբեկչական խմբի գործողությունների հետևանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ։ Ահաբեկչական գործողությունը ղեկավարած Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա մորեղբայրը՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման: Նրանք մեղավոր էին ճանաչվել ՔՕ-ի 300 (Պետական իշխանությունը յուրացնելը), 305 (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը), 34-305 (Իշխանությունը յուրացնելու փորձ), 217 (Ահաբեկչություն), 133 (Ազատությունից ապօրինի զրկելը), 235 (Ապօրինի զենք ձեռք բերելը, իրացնելը, կրելը) հոդվածներով։